Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ Է ՈՐԴԻՍ



Ես երեք զավակ ունեմ՝ Հրաչյա, Հրաչուհի, Սասուն։ Հրաչյաս արդեն զինվոր է։ Կարծես երեկ լիներ, որ ինքն իր համար փայտից զենք էր սարքում, ու ընկերների հետ գնում էր մեր տան մոտակա անտառը կռիվ-կռիվ խաղալու։ Ծառերի վրա տնակներ էին սարքում, ու սիրտս տագնապում էր՝ հանկարծ ցած չընկնի։ Հիմա էլ է սիրտս տագնապում՝ զինվոր է որդիս։ Մանկական փայտե հրացանի փոխարեն էլ ձեռքին իսկական զենք է ու պաշտպանում է մեր հողն ու ջուրը, ինձ ու քեզ, բոլորիս։ Երեկ մենք էինք ամեն րոպե հսկում նրանց անվտանգությունը, իսկ այսօր նրանք սահմանին մեր անվտանգությունն են հսկում, մեր խաղաղությունը։ Է՜, ժամանակը, իրոք, արագ է թռչում։ Երբ որդուս առաջին անգամ տեսա զինվորական համազգեստով, տարօրինակ զգացում ունեցա՝ ուրա՞խ էի, տխո՞ւր, հուզվա՞ծ, հպա՞րտ, չգիտեմ էլ։ Հիմա մտքերով ամբողջ օրը զինվոր որդուս հետ եմ։ Հրաչյան բանակ գնաց գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո, քիք-բոքսինգով էլ էր զբաղվում։ Բանակային կյանքից երբևէ չի դժգոհել, և կարծում եմ, որ կիրթ և մարզված լինելը հեշտացնում է զինվորական կյանքի դժվարությունները։ Հրաչյաս բարեխիղճ և նվիրված ծառայում է։ Երբ արձակուրդ էր եկել, ոգևորված պատմում էր հրաշալի զինվոր ընկերներից, ծառայավայրի շքեղ բնությունից, բայց դե մեր Դիլիջանի բնությունն էլ պակաս գեղեցիկ ու ճոխ չէ։

-«Ամեն ինչ լավ է, մի մտածեք, իսկական տղամարդը պետք է ծառայի»,- ասում է տղաս, ու ես համամիտ եմ նրա հետ՝ հայրենիքին տեր լինելուց առաջ հայրենիքիդ զինվորը պետք է լինես։ Ես` որպես մայր, թող անհամեստ չհնչի, պարզ ճակատով կարող եմ ասել՝ հպարտ եմ իմ զինվոր զավակով։ Թող բոլոր զինվորներն էլ որդուս նվիրումով ծառայեն, և առավել հպարտ ու գոհ կլինեմ, եթե փոքր որդիս՝ Սասունն էլ Հրաչյայի պես ծառայի։ Ու տա Աստված, մեր բոլոր զինվորները՝ մեր զավակները, միշտ ծառայեն խաղաղության մեջ։ Թող խաղաղ լինի աշխարհը, որ խաղաղ լինի մայրական սիրտը։

ԿԱՐԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ք. Դիլիջան

Խորագիր՝ #40 (956) 11.10.2012 – 17.10.2012, Բանակ և հասարակություն


17/10/2012