ՄՇԱԿՎՈՒՄ Է ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
ՀՀ զինված ուժերում իրականացվող շարունակական բարեփոխումների տրամաբանությունը ներկայացնում է կադրային քաղաքականության նոր պահանջներ։ Բանակի հրամանատարական կազմի ձեւավորման գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ ԶՈԻ զարգացման պլանով նախատեսված է հրամանատարաշտաբային դասընթացների ծրագրերի մշակում, հրամանատարաշտաբային դասընթացների հիմնում եւ հրամանատարաշտաբային ռազմական ակադեմիայի ստեղծում: Միջոցառումների աշխատանքային պլանի կատարման նպատակով 2011թ. պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել էր արտահաստիքային աշխատանքային խումբ` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսումնական գծով պետի տեղակալ գնդապետ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Նա էլ պատմում է ծրագրի մասին:
2013 թ. կազդարարվի հրամանատարաշտաբային դասընթացների սկիզբը, իսկ 2015թ. կստեղծվի հրամանատարաշտաբային ռազմական ակադեմիա
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ապահովում է ռազմամասնագիտական կրթություն, այստեղ պատրաստում ենք դասակի հրամանատարներ, նաեւ ունենք վաշտի հրամանատարի, գումարտակի հրամանատարի դասընթացներ: Հրամանատարաշտաբային դասընթացների հիմնումը ապահովում է կրթության շարունակականությունը, այսինքն` մենք կպատրաստենք գնդի հրամանատարներ, հետբուհական եւ լրացուցիչ կրթության ձեւերով: Մեր սպաները նախկինում համապատասխան դասընթացների շրջանակներում վերապատրաստվում էին արտերկրում, իսկ 2013թ. Հայաստանում կկազմակերպվի հրամանատարաշտաբային առաջին դասընթացը, 2014թ. երկրորդ հոսքը կընդունենք, իսկ 2015թ. այս նախատիպի հիման վրա նախատեսվում է հրամանատարաշտաբային ռազմական կրթական հաստատության համար հիմնել ակադեմիա: Վաշտի, դասակի հրամանատարի որակավորման դասընթացների ժամանակ հարցումներ ենք անցկացրել, մեր սպաները ողջունում են այս նախաձեռնությունը, նրանք շահագրգռված են շարունակելու իրենց կրթությունը: Մեր սպաները այդ դասընթացներին մասնակցում էին արտերկրում, սա, իհարկե, կարեւոր է, բայց այժմ մենք կապահովենք այն գիտելիքները, որ պետք են մեր բանակին:
Ուսումնասիրելով արտերկրի ռազմական նմանատիպ ակադեմիաներում կազմակերպվող հրամանատարաշտաբային դասընթացների ուսումնական պլանները եւ ծրագրերը, մենք տեղայնացրել ենք մեզ անհրաժեշտ ու կարեւոր բաղադրիչները: Հրամանատարաշտաբային դասընթացների ծրագիրը թափանցիկ է եւ ճկուն, այսինքն` դասավանդման ընթացքում կարող ենք անհրաժեշտ փոփոխություններ իրականացնել: 2012 թ փետրվարի 26-ին Ռազմական ինստիտուտում անցկացված խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից տրվել է առաջադրանք` մշակել հրամանատարաշտաբային դասընթացներում պատրաստվող մասնագետների կրթական չափորոշիչները: Այդ նպատակով մշակվել է «Զորամասերի կառավարում» մասնագիտության բարձրագույն ռազմական կրթության «Ռազմական կառավարման մագիստրոս»-ի որակավորման պետական կրթական չափորոշիչի նախագիծը, որը ուղարկել ենք շահագրգիռ վարչություններ, զորքեր, ինչպես նաեւ քննարկել ենք ՀՀ ՊՆ գործուղված արտերկրի ռազմական կրթության փորձագետների հետ: ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների կրթական չափորոշիչների շուրջ փորձագիտական օժանդակություն տրամադրելու նպատակով սեպտեմբերի 26-30-ը Հայաստանում էր ԱՄՆ ցամաքային զորքերի «Ֆորտ Լիվենվորֆ» հրամանատարաշտաբային քոլեջի փորձագիտական խումբը: ԱՄՆ ցամաքային զորքերի փորձագիտական խումբը քննարկումներ է անցկացրել մեր աշխատանքային խմբի հետ: Քննարկվել են ինչպես ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մագիստրոսական կրթական չափորոշիչները, այնպես էլ ուսումնական նյութերի մշակման, ծրագրային նպատակների, խնդիրների և պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման հարցեր: Այցի արդյունքներն ամփոփվել են սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ կայացած հանդիպման ընթացքում: Ընդհանուր առմամբ ստացել ենք 23 առաջարկություն: Այնուհետեւ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրահանգով զորքերից եւ վարչություններից աշխատանքներին միացել են համապատասխան սպաներ, որոնք ունեն ծառայական փորձ, լսել ենք նրանց կարծիքները կրթաբաժինների, առարկաների եւ շրջանավարտին ներկայացվող պահանջների, չափորոշիչների մասին: Արդյունքում՝ վերանայվել է չափորոշիչների նախագիծը, կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ: Փաստաթուղթը կազմվել է ոչ միայն ելնելով ուսումնական ծրագրերի պահանջներից, այլև ճշտել ենք զորքերի պահանջները` թե զորքերում ինչպես են վերաբերվում դասընթացների կազմակերպմանը, հաշվի ենք առել այն խնդիրները, որոնք սպաների կրթական մակարդակի հետ են կապված:
ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ
Դասախոսական կազմի «առյուծի բաժինը» պետք է ապահովի Ռազմական ինստիտուտը, ներգրավելու ենք նաեւ ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչություններից համապատասխան մասնագետների, որոնք ունեն ակադեմիական կրթություն եւ դասավանդման փորձ, համաձայնություն ենք ձեռք բերել քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատություններից դասախոսներ ներգրավելու հարցում, պայմանավորվածություն ունենք, որ նրանք ժամավճարի հիմունքներով պետք է դասավանդեն այն առարկաները, որոնք քաղաքացիական ուղղվածություն ունեն, օրինակ՝ «Քաղաքագիտություն», «Համաշխարհային քաղաքական գիտության առկա խնդիրները», «Տարածաշրջանային անվտանգության կառույցներ» եւ այլն: Իսկ զինվորական առարկաներից են` «Ընդհանուր մարտավարություն», «Օպերատիվ արվեստ», «Ռազմարվեստի տեսության հիմունքներ» եւ այլն: Նախատեսվում է, որ տեսական պարապմունքները կկազմեն 70%, իսկ գործնականը` 30 %: Դասընթացները կտեւեն մեկ տարի: Ծրագրում ներառված առարկաները անհրաժեշտ են գնդի հրամանատարներին խաղաղ եւ ճգնաժամային պայմաններում ենթակաների գործունեությունը ղեկավարելու համար: Սա եւս համարվում է ծառայություն, դասընթացները տեւում են վեց ամսից ավելի, հետեւաբար սպան պետք է հանձնի իր պաշտոնն ու գործերը, իսկ ավարտելուց հետո նորից անցնի ծառայության: Պարտադիր չէ, որ ավարտելուց հետո միանգամից դառնա գնդի հրամանատար կամ տեղակալ, այս գիտելիքները հետագայում կողմնորոշվելու համար են տրվում. մեր խնդիրը սովորեցնելն է, կրթելը:
Այժմ ընթացքի մեջ են հրամանատարաշտաբային դասընթացների ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների աշխատանքային ծրագրերի եւ թեմատիկ պլանների մշակման գործընթացները, աշխատանքներ են տարվում հրամանատարաշտաբային դասընթացների ուսումնանյութական բազայի ստեղծման ուղղությամբ:
Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Ավագ լեյտենանտ