Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ



Լինել այնտեղ, որտեղ եղել էր ամուսինս՝ Ավետիս Օհանյանը, քայլել այն հողի վրայով, որի համար կյանքն անգամ չի խնայել, ինձ համար գերագույն նպատակ էր, որն իրականացնելու համար սպասել էի 20 երկար ու ձիգ տարիներ, ապրել մութ ու լուսավոր օրեր, հոգնած ու արցունքոտ պահեր։ Բախտի քմահաճույքին թողած ընտանիքս փշրվեց բյուրեղյա ծաղկամանի նման։ Մեծացան 3 արու զավակներս, դարձան հայոց բանակի զինվորներ, ծառայեցին իրենց հոր նման՝ հերոսի ոգին մինչ օրս սրտներում։ Նրանք էլ երազանք ունեն. կարոտ՝ հայրական կարոտ… Կարոտը խեղդում էր, ուժ չկար դիմանալու, և որոշեցի մեկնել այնտեղ, որտեղ զոհվել էր իմ ամուսինը։ Հետո հասկացա, որ դա ավելի շատ նման էր ուխտագնացության։ (Այդ հարցում ինձ աջակցեց Ագարակ քաղաքի ԵԿՄ նախագահ Հայկ Աղամալյանը. շնորհակալ եմ ու երախտապարտ)։

…Սեպտեմբերյան մի արևոտ առավոտ մեկնեցի Արցախ, ինձ ու ինձ նմանների համար ուխտատեղի դարձած երկիրը… Գնում էի Մարտակերտի Կուսապատ գյուղը, որի բարձունքին 1993-ին զոհվեց ամուսինս՝ «ԼՂՀ Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ Ավետիս Օհանյանը։

Ճանապարհը շատ երկար թվաց, քանի որ շատ էի շտապում հասնել այնտեղ, որովհետև ինձ թվում էր, թե նա այնտեղ ինձ է սպասում։ Ճանապարհին ամենուր նայում եմ շուրջս, ամեն սարի, թփի, քարի, թվում է՝ ամեն մի հուշաքարի վրա կկարդամ ամուսնուս անունը։ Շուշիում սիրտս է՛լ ավելի էր արագ բաբախում, իսկ Ստեփանակերտում արդեն կարոտը խեղդում էր… Ամեն մի բնակավայր մի լուսավոր հեքիաթ էր, որն իրենց կյանքի գնով հյուսեցին մեր ամուսիններն ու հայրերը, բայց ավաղ չհասցրին տեսնել, պատմել իրենց առյուծածին զավակներին։

Ճանապարհը հատեց Մարտակերտը՝ կարոտն է՛լ ավելի թանձրացավ, և զգացի, որ ինձ համար իսկապես սրբավայր և ուխտատեղի եմ մուտք գործում։ Չէ որ հենց այս հողի համար է պայքարել իմ ամուսինը, մաքառել այս խաղաղ երկնքի ու պայծառ արևի համար։ Հասանք Կուսապատ…

Շրջեցի գյուղով մեկ։ Ամեն անցորդի հանդիպելով՝ փնտրում էի իմ ամուսնուն։ Չգիտեմ, չեմ կարող բացատրել, թե ինչու, բայց հույս ունեի, որ կգտնեմ։ Գուցե չհավատաք, սակայն դա այդպես էր, չեմ կարող բացատրել։ Գտա այն տունը, որտեղ կռվի տարիներին ապրել էր ամուսինս՝ Ավոն։ Մի պահ կանգ առա դռների մոտ՝ ուժ հավաքեցի և մտա ներս։ Մարմնովս սարսուռ անցավ, երբ տեսա պատշգամբում կանգնած Արուս տատիկին և իր ամուսնուն… Ներս էի մտել օջախ ու մոլորված անցորդի նման շվարած կանգնել։ Արուս տատը հարցրեց, թե ում եմ փնտրում, ու ես մի բառով պատասխանեցի՝ ամուսնուս։ Տատն արագ-արագ իջավ պատշգամբից ու հարցրեց՝ ո՞վ է ամուսինդ։ Ասացի՝ Ավոն է՝ Ավետիս Օհանյանը, Մեղրիից, ու արցունքները խեղդեցին։ Տատն ամեն ինչ հասկացավ, հիշեց ոչ միայն Ավոյին, այլ շատ ու շատ տղաների, որոնք ապրել էին իր տանը, կռվել էին, զոհվել։ Դուրս եկա տնից, մոտեցա տան առջևի աղբյուրին, որից 20 տարի առաջ իմ ամուսինն էր կռացել, հագեցրել իր պապակը… Ես էլ խմեցի այդ պաղպաջուն ջրից ու նստեցի քարին։ Նայում էի արցունքի պես ջինջ աղբյուրին, մտորում, հիշում անցածը, մեր կյանքը, մեր որդիներին։ Հետո ասես ջուրն ինձ ուժ տվեց, լսեցի ամուսնուս ձայնը. «Հագեցրու ծարավդ, այդ ջուրն իմ կյանքի գնով է հոսում։ Այն հավերժ հոսելու է…»։

Նորից խմեցի սառն ակունքից ու հայացքս դարձրի վեր։ Աղոթքի նման բառերը դուրս եկան շուրթերիցս. «Աստված իմ, թող սա լինի իմ և ինձ պես մայրերի վերջին ցավը, ճակատագրի վերջին դառը պտուղը, որոնք այդպես էլ մեզ համար չքաղցրացան։

Եվ թող տա Աստված, որ մեր զավակները ապրեն միայն խաղաղ ու անհոգ»։

Ցավը կրծում էր հոգիս, և այդ ցավը դարմանում էր որդիներիս շունչն ու հոգին։

Փա՛ռք հայոց աշխարհին, փա՛ռք ու պատիվ այն հերոսներին, որոնց արյունն ուղղակի կյանք տվեց իրենց զավակներին, հայրենակիցներին։ Փա՛ռք հայոց մայրերին, փառք ու պատիվ այն հայորդիներին, որոնք հոգին լուսավորող ջահեր դարձան ապրողներիս համար…

…Ետդարձի ճանապարհին մենք միասին էինք՝ ես, ամուսինս, երեք զինվոր որդիներս…

Զոհված ազատամարտիկի կին

ԳԱՅԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ենթասպա

Խորագիր՝ #42 (958) 25.10.2012 – 31.10.2012, Բանակ և հասարակություն


31/10/2012