ԲԵՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Հոկտեմբերի 13-ին Արցախի մայրաքաղաքը տոնեց իր անվանակոչության 89-րդ տարին և քաղաքի օրը: Տոնախմբությանը, բացի երկրի ղեկավարությունից, բնակիչներից, ներկա էին նաեւ հյուրեր տարբեր երկրներից և մայր հայրենիքից: Ստեփան Շահումյանի արձանի հարակից տարածքում արդեն երրորդ տարին է, ինչ տոնական հանդիսություններ են անցկացվում: Այս անգամ էլ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և այլ պետական այրեր ու հյուրեր ծաղիկներ դրեցին Ստեփան Շահումյանի արձանի պատվանդանին, դիտեցին տարեց և երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, ներկա եղան քաղաքի տարբեր վայրերում կայացած տոնական միջոցառումներին: Մայրաքաղաքի օրվան հաջորդեց բերքի տոնը:
Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը, որը գտնվում է նախագահի նստավայրի մոտ, պատված էր բաց գույնի տաղավարներով, որոնցում արցախցի հողագործներն ու այգեգործները, մեղվապահներն ու անասնապահները, գյուղմթերք վերամշակող մեծ ու փոքր ձեռնարկություններն իրենց արտադրած բերք ու բարիքն էին հանել վաճառքի: Գյուղատնտեսական մթերքի մոտ կեսը բերվել էր Քաշաթաղի շրջանից: Վաղ առավոտյան 80-ից ավելի մեքենաներ, որոնք եկել էին շրջանի մոտ 45 համայնքներից, Բերձորից շարժվեցին դեպի հանրապետության մայրաքաղաք: Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի աղոթք-օրհնանքով ազդարարվեց տոնավաճառ-տոնախմբության բացումը.
-Օրհնենք, որ Աստված մեր ժողովրդի հալալ աշխատանքը պահպանի, խաղաղությունը տիրի մեր աշխարհում, մեր ժողովուրդն ունենա բավարար քանակի մթերք եւ ավելացնի:
Այնուհետև երկրի նախագահը ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի, կառավարության տարբեր ոլորտների ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի հետ շրջեց տոնավաճառում, ծանոթացավ վաճառքի հանված մթերքներին, զրուցեց գրեթե բոլոր հողագործների և ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Նախագահին ուղեկցում էին նաև գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, բարեգործ Գուրգեն Մելիքյանը, լրագրողներ, հյուրեր:
Վաճառասեղանների վրա ապրանքը տեղավորված էր ըստ շրջանների, յուրաքանչյուր բնակավայրին բնորոշ միրգ ու բանջարեղենի, հատկապես՝ դդումների գեղարվեստական ձեւավորմամբ: Նման գեղեցիկ սեղան էլ զարդարել էին Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի սաները, Հայկազյանի և այլ գյուղական համայնքներ: Յուրաքանչյուր տաղավարի մոտ երկրի նախագահին և նրան ուղեկցողներին դիմավորում էին շրջվարչակազմերի ղեկավարները, տալիս տեղեկություններ մթերված բարիքի վերաբերյալ:
Մայրաքաղաքի բնակիչները մեծ ոգևորությամբ իրենց գնումներն էին կատարում. աշխուժություն էր տիրում հատկապես Քաշաթաղի շրջանի Իշխանաձորից բերված սոխի մեքենայի մոտ: Շուկայականից ցածր գնով ու բարձրորակ մթերքը վաճառվեց, այսպես ասած, «հերթի տակ»: Հատկապես մեծ պահանջարկ ունեն Վաղազինի մեղրը, հարավային թևի նուռն ու արքայանարինջը, Մոշաթաղի և շրջակա գյուղերի տանձն ու խնձորը, ընկույզն ու այլ մթերքներ: Ուրախալի է, որ մեր երկրում արտադրվում են նաև այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հնդկացորենը, արևածաղկի ձեթը և այլն: Կեսօրից հետո տոնավաճառը մոտեցավ ավարտին. ամենուրեք բարձր տրամադրություն էր տիրում: Ե՛վ վաճառողներն էին գոհ, և՛ գնորդները:
Երեկոյան ԼՂՀ նախագահի մոտ կայացավ պարգևների հանձնում գյուղոլորտի մի շարք աշխատակիցների: Քաշաթաղի շրջանից շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանն արժանացավ «Երախտագիտություն» մեդալի, իսկ Գալուստ Սահակյանը-գյուղվարչության աշխատակից, Սարգիս Արմենակի Ալիշանը-հողագործ, Սեբուհ Սանոսյանը-մեխանիզատոր, Զարզանդ Միքայելյանը-մեխանիզատոր, արժանացան թանկարժեք նվերների:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #42 (958) 25.10.2012 – 31.10.2012, Բանակ և հասարակություն