ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԱՑԱՌԻԿ ՓՈՐՁՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ ՀԱՊԿ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Հոկտեմբերի 17-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքի մերձակայքում գտնվող «Իլիյսկսի» զորավարժարանում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2012» պայմանական անվանվամբ առաջին համատեղ խաղաղապահ զորավարժությունը:
Զորավարժություն թեման էր Հավաքական անվտանգության տարածաշրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ զորքերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստումն ու վարումը: Այն անցկացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների օպերատիվ ու մարտական պատրաստության 2012թ. համատեղ միջոցառումների պլանին համապատասխան:
Զորավարժության ընթացքում մշակվել և իրագործվել են հակամարտող կողմերի բաժանման, զինադադարի պայմանների պահպանման վերահսկողության համատեղ միջոցառումներ:
ՀԱՊԿ շրջանակներում առաջին անգամ անցկացված խաղաղարար «Անխախտ եղբայրություն-2012» զորավարժության ժամանակ հայկական խաղաղապահները ՄԱԿ-ի հովանու ներքո ՆԱՏՕ-ի ղեկավարած բազմազգ խաղաղարար առաքելությունների ժամանակ ձեռք բերած իրենց բացառիկ փորձն ու հմտությունն են փոխանցել ՀԱՊԿ գործընկերներին: Ինչպես նշել է ՀԱՊԿ ղեկավարությունը` հայկական ստորաբաժանումը իրեն դրսևորել է շատ գրագետ և պատրաստված: Առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են շատ բարձր մակարդակով:
Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնակցել է մոտ 950 մարդ, մինչև 70 միավոր ավտոմոբիլային և 35 միավոր զրահատանկային տեխնիկա, 4 «Մի-17» ինքնաթիռ: ՀՀ զինված ուժերից զորավարժությանը մասնակցել է 30 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը:
Խորագիր՝ #42 (958) 25.10.2012 – 31.10.2012, Ազգային բանակ