Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ



Փոխգնդապետ Կարեն Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասը, կամ ինչպես ընդունված է ասել՝ առաջնային պաշտպանականը, ԼՂՀ զինված ուժերի փառաբանված, հարուստ պատմություն ունեցող զորամասերից է։ Կազմավորվելով պատերազմի ընթացքում՝ այն մինչ օրս հաջողությամբ է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրները։

Վերադաս հրամանատարությունը գտնում է, որ երիտասարդ հրամանատար փոխգնդապետ Կ. Իշխանյանին հաջողվել է ընթացիկ ուսումնական տարում բարելավել ցուցանիշները հատկապես մարտական հերթապահության կազմակերպման, հրամանատարական պատրաստության հարցերում։

Սոցիալ-իրավական աշխատանքների գծով հրամանատարի օգնական կապիտան Ալիսա Հայրապետյանի հետ զրույցում գերադասեցինք անդրադառնալ դեռևս առկա բացասական երևույթներին։ Վերջինս նշեց, որ այս տարի առաջնագծում հակառակորդի կրակոցներից զոհ չի եղել, ինչն ինքնին լավ արդյունք է, իսկ արձանագրված միջադեպերը բացառապես ծառայական կարգապահության խախտման հետևանք են, և դեռևս չեն գոհացնում զինվոր-սպա փոխհարաբերությունները։ Լինում են երիտասարդ, անփորձ սպաներ, որոնք գալով զորամաս, փաստորեն փորձում են իրենց համար նոր միջավայր, ընկերական հարաբերություններ ստեղծել զինվորների շրջանում, որն անթույլատրելի է, որովհետև կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Փոխարենը շատ մեծ է փորձառու, պատերազմի միջով անցած սպաների դերը։

-Երիտասարդ սպաները երբեմն էլ իրենց համար արհեստական սոցիալական խնդիրներ են ստեղծում, ասենք, օրինակ, բանկերից վարկ վերցնելով։ Չեն կարողանում ժամանակին վարկը մարել, ինչն էլ վերածվում է անախորժ պատմության, և, ինչ խոսք, խանգարում է նրանց մասնագիտական պարտականությունների լիարժեք կատարմանը,- ասաց կապիտանը և ավելացրեց։ -Յուրաքանչյուր վաշտում կա իրավական ակտիվներ, որ սահմանված ժամկետներում ներկայացնում են իրենց աշխատանքը։ Եղել են վտանգավոր զարգացման միտում ունեցող դեպքեր, որոնք կանխվել են իրավական ակտիվների աչալուրջ աշխատանքի շնորհիվ։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ զորամասը հաջողությամբ է լուծում հիմնական խնդիրները և դրան զուգահեռ ծավալուն աշխատանք է տանում զինծառայողների մարզամշակութային առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու ուղղությամբ, ապա պետք է նշենք, որ ավարտին մոտեցող ուսումնական տարվա արդյունքները բավարար են։ Չպետք է մոռանանք, որ առաջին պաշտպանականը բավական մեծ է, և բոլոր բնագավառներում հավասարապես բարձր արդյունքների հասնելը, որքան էլ ցանկալի, այնուամենայնիվ, անհնարին է։

ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ

Կապիտան Արման Բալայանը տանկային վաշտի հրամանատար է։ Անձնակազմերի մասին խոսելիս նա ասաց՝ անթույլատրելի է համարում, որ որևէ անձնակազմ նույնիսկ «բավարար» արդյունք ցուցաբերի։

-Մեզ մոտ մասնագետներ գալիս են ուսումնական զորամասից, և հետևողական աշխատանքով հասնում ենք նրան, որ երիտասարդները կարճ ժամանակում կատարելագործեն իրենց մասնագիտական հմտությունները և փորձառուների պես «լավ» ու «գերազանց» գնահատականների արժանանան։ Վաշտը այս տարվա առաջին ուսումնական փուլն ավարտել է «լավ» գնահատականով, հույս ունեմ, որ ամփոփիչ քննություններից նույնպես նման արդյունք կունենանք, ինչի համար ունենք պատշաճ պայմաններ և տանկահրաձգային մարզումների ժամանակ մշտապես կրակում ենք ինչպես ներդիր փողով, այնպես էլ հաստիքային արկերով, մեքենավարումը նույնպես բարձր մակարդակի է։ Այս տարի Տանկիստի օրն անձնակազմերը դիմավորել են կենտրոնացման շրջանում, կրակային բնագծերում, որովհետև զորամասը գտնվում էր զորավարժության մեջ։ Վերադառնալով մեքենայական պարկ՝ տանկիստները կատարում էին մարտկոցների վերալիցքավորում, փոխում յուղը… Մի խոսքով, ուսումնական գործընթացին զուգահեռ, ընթանում էին տեխնիկական սպասարկման աշխատանքներ…

Անձնակազմերից մեկի հրամանատարը ավագ սերժանտ Հովհաննես Գևորգյանն է, նշանառու օպերատորը՝ շարքային Հրաչյա Ավետիսյանը, մեխանիկ վարորդը՝ շարքային Սամվել Պետրոսյանը։ Երբ տղաներին հարցրի՝ գո՞հ են արդյոք ծառայության պայմաններից, կրտսեր սերժանտ Հ. Գևորգյանն ասաց.

-Տանկերը հրաշալի են աշխատում, տեխնիկական սպասարկման խնդիր չունենք, ամեն ինչ կարգին է ու սարքին, ունենք նաև բոլորովին նոր՝ «յուղը վրան» տանկեր։

-Ուրեմն՝ կարևորը տանկերի աշխատա՞նքն է։

-Իհարկե, եթե լավ չաշխատեն, մենք չենք կարողանա մարտական առաջադրանքը կատարել, իսկ ընդհանրապես, մենք մեր օրենսդրական իրավունքն ենք կատարում՝ պաշտպանում ենք մեր հայրենիքը…

Հովհաննեսին ծառայելու քիչ ժամանակ է մնացել։ Դեկտեմբերին կզորացրվի։

-Ես չեմ շտապում, կծառայեմ այնքան, որքան զորամասն իմ կարիքը զգա,- ասաց նա։

-Սա էլ վաշտի հրամանատարի տանկն է,- ներկայացրեց ավագ նշանառու օպերատոր, եֆրեյտոր Ատոմ Նազարյանը, երբ մոտեցանք հաջորդին։

Մեխանիկ-վարորդը եֆրեյտոր Անդրանիկ Մկրտչյանն է։

-Պետք է, որ լավ կրակես, եթե ավագ նշանառու-օպերատոր ես,- դիմեցի Ա. Նազարյանին։

-Ինքնագովություն չլինի, առայժմ չեմ վրիպել, բոլոր հրաձգությունների, զորավարժությունների ժամանակ խոցել եմ բոլոր թիրախները։

Վաշտի հրամանատար կապիտան Ա.Բալայանը հաստատեց, որ նա իսկապես էլ վաշտի լավագույն նշանառուներից է։

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ

Զորամասում առանց անհրաժեշտ նախապատրաստության ոչ մի զինվոր մարտական առաջադրանք չի կատարում, մարտական հերթապահության մեջ չի ընդգրկվում։ Նախապատրաստական գումարտակի հրամանատարը մայոր Արմեն Գալստյանն է։ Գարնան և ամռան ընթացքում զորակոչված զինվորներն արդեն ավարտել են ուսումը գումարտակում և շուտով համալրելու են հրաձգային ստորաբաժանումները։ Կապիտան Էրիկ Բարխուդարյանի վաշտի զինվորները ձմեռային հագուստ և ուսապարկեր էին ստանում։ Նույն վաշտի դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ նախապատրաստական ժամանակաշրջանը հաջող է անցել.

-Որակական առումով նորակոչիկները, իրոք, այս անգամ առանձնանում էին իրենց պատրաստականությամբ։ Ընդհանրապես, նկատելի է, որ տարեցտարի երիտասարդ զինվորների կրթական մակարդակը բարձրանում է։ Տղաները շատ շուտ են յուրացնում ամեն ինչ։ Մենք գոհ ենք նրանց ցուցաբերած առաջադիմությունից՝ ինչպես շարային. ֆիզիկական պատրաստությունից, այնպես էլ հրաձգությունից։

Ջոկերից մեկի հրամանատարն է սերժանտ Վահագն Կարապետյանը։ Նա մեկուկես տարի ծառայած փորձառու զինվոր է և ասաց, որ ջոկում բոլորն էլ պատրաստ են ծառայությունը շարունակելու մարտական գումարտակներում։

Շարքային Մկրտիչ Սարգսյանը ձեռք է բերել հրաձիգի մասնագիտություն։

-Մեծ եղբայրս՝ Մհերը, նույնպես այստեղ է ծառայում, 40 օրից զորացրվելու է, ու փաստորեն ես կփոխարինեմ նրան։

Շարքային Անդրանիկ Հարությունյանն արդեն ստացել է ավագ հրաձիգի որակավորում։

Ջոկի հրամանատարն ասաց, որ Անդրանիկը իսկապես էլ շատ լավ է կրակում։

Գնդացրորդներ են շարքայիններ Մյասնիկ Մկրտչյանը և Արամ Հայրապետյանը, իսկ Սեդրակ Շահբազյանը նռնականետորդ է։

-Կրակե՞լ ես,- հարցրի։

-Վարժասարքով և փոխարինիչով՝ շա՜տ, իսկ մարտական՝ քիչ՝ երեք անգամ։

Շարքային Աշոտ Սիմոնյանը նույնպես հրաձիգի մասնագիտություն էր սովորել։

-Երկրորդ ստուգողականից միշտ «լավ» գնահատական եմ ստացել,- ասաց նա։

-Իսկ առաջնագծում եղե՞լ եք,- հարցրի ջոկի տղաներին։

-Փորձնական գնացել ենք։ Մեզ միայն ծանոթացրել են, թե ինչպես է իրականացվում մարտական հերթապահությունը, բայց ինքներս հերթապահություն չենք կատարել,- պատասխանեց շարքային Մկրտիչ Սարգսյանը։

-Նրանք համալրելու են տարբեր ջոկեր, այսինքն՝ փորձառու զինվորների հետ են հերթապահություն կատարելու։ Մինչ այդ նրանք դեռ պետք է վարժվեն մարտական գումարտակների առօրյային, հատուկ հոգեբանական պատրաստություն անցնեն։ Ճիշտ է՝ նրանք ձգտում են գնալ առաջնագիծ, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի,- ասաց դասակի հրամանատարը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #42 (958) 25.10.2012 – 31.10.2012, Ազգային բանակ


31/10/2012