Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱ-ՍՅՈՏԱՑԻ ԶԻՆՎՈՐԸ



Առաջին համաշխարհային պատերազմից հետո, նոր նավ ջուրն իջեցնելու առիթով կազմակերպված ժողովրդական զբոսահանդեսի ժամանակ, Հարավային Ֆրանսիայի նավահանգստային փոքրիկ Լա-Սյոտա քաղաքի հրապարակում մենք տեսանք ֆրանսիացի զինվորի բրոնզե մի արձան։ Նրա շուրջ մարդիկ էին խռնվել։ Մոտեցանք ու պարզեցինք, որ հուլիսյան կիզիչ արևի տակ քարե պատվանդանին կանգնածը կենդանի մարդ է։ Նա հագել էր դեղնականաչավուն շինել, գլխին դրել պողպատյա սաղավարտ, ձեռքին՝ սվինով հրացան, իսկ դեմքն ու ձեռքերը բրոնզապատ էին։ Նա կանգնած էր զգաստ, ու դեմքին ոչ մի մկան չէր շարժվում։

Նրա ոտքերի տակ՝ պատվանդանին, հենած էր ստվարաթղթի մի կտոր հետևյալ տեքստով.

ՄԱՐԴ-ԱՐՁԱՆ (HOMME STATUE)

Ես՝ Վերդենի մոտ ցնցակաթված ստացած գնդի զինվոր Շարլ□Լուի Ֆրանշարս, ձեռք եմ բերել լրիվ անշարժ մնալու ընդունակություն եւ արձանանում եմ որքան ցանկանամ։ Իմ այս ձիրքը ստուգել են բազմաթիվ պրոֆեսորներ, որոնք այն բացատրել են անմեկնելի հիվանդությամբ։ Ողորմացեք, խնդրեմ, որքան կարող եք, ընտանիքի գործազուրկ հորը։

Մենք մանրադրամ նետեցինք ափսեն և, գլուխներս օրորելով, հեռացանք այդտեղից։

Մտածում էինք. ահա կանգնած է բազում հազարամյակների անխորտակ զինվորը՝ զինված մինչև ատամները։ Կանգնած է նա, ով պատմություն է արարել, նա, ով օգնել է իրագործել Ալեքսանդրի, Կեսարի, Նապոլեոնի սխրանքները, որ այսօր կարդում ենք դպրոցական դասագրքերում։ Այդ նա է կանգնած զգաստ, և ոչ մի մկան դեմքին չի շարժվում։

Այդ նա է՝ և՛ Կյուրոսի աղեղնավորը, և՛ Կամբիզի մարտական կառավարը, և՛ Կեսարի լեգեոները, և՛ Չինգիզ-խանի տեգակիր հեծյալը, և՛ Լյուդովիկոս Տասնչորսերորդի վարձկան շվեյցարացին, և՛ Նապոլեոն Առաջինի գրենադյորը։ Նա կարող է աներեր կանգնել, երբ իր վրա փորձարկում են բոլոր այն զենքերը, որ կարելի է միայն մտածել։ Նա քարի պես ամուր է մնում, երբ ուղարկում են ստույգ մահվան։ Նրան մաղի պես քրքրել են բոլոր՝ քարե, բրոնզե, երկաթե դարերի տեգերը, ճզմել՝ Արտաքսերքսի և գեներալ Լյուդենդորֆի ժամանակների մարտակառքերը, կոխկոտել Հաննիբալի փղերն ու Աթիլլի հեծյալները, նրան կտոր-կտոր են արել դարեդար կատարելագործված զենքերից թռչող մետաղի բեկորները, չխոսելով արդեն բաբաններից նետված քարերի մասին։ Նրա վրա փորձարկել են հրացանների գնդակները՝ աղավնու ձվի չափ մեծից մինչև մեղվի պես փոքրը։ Եվ ահա նա կանգնած է աներեր, հնազանդ՝ բոլոր լեզուներով եկող հրամաններին և, ինչպես միշտ, անհաղորդ՝ հանուն ինչի և ինչու։ Նա չի դառնում գրավյալ տարածքների տիրակալ, ինչպես որ պատշարը չի դառնում իր կառուցած տան տերը։ Նույնիսկ հանդերձանքն ու զենքը իրեն չեն պատկանում։ Ահա նա կանգնած է՝ ինքնաթիռներից թափվող մահաբեր անձրևի, ամրոցներից հեղվող եռման ձյութի տակ… Նա՝ հեծելազորայինների սրերի համար ստեղծված շնչավոր խրտվիլակը, կենդանի թիրախը։ Նրա հակառակորդը տանկերն ու գազանետներն են, նրա առաջ թշնամին է, իսկ հետևում՝ գեներալը։

Անթիվ են այն ձեռքերը, որ նրա համար համազգեստ են գործել, կռել զրահներ, կարել սապոգներ։ Անհաշիվ են այն հարստությունները, որ նրա շնորհիվ հոսել են ուրիշի գրպանները։ Աշխարհի լեզուներում ինչ հրամաններ ասես որ չկան նրան ոգեշնչելու համար, չկա մի աստված, որ նրան չօրհնի։ Նրան՝ սարսափելի բորոտությունից բզկտված իր հանդուրժողությամբ, խոցոտված՝ անտարբերության անբուժելի հիվանդությունից…

Ուրեմն, այդ ի՞նչ ցնցակաթված է, որ նման հիվանդություն է հարուցել. այդքան սոսկալի, հրեշավոր, վարակիչ հիվանդություն։

Եվ մենք հարցնում ենք ինքներս մեզ. իսկ գուցե դա, այնուամենայնիվ, բուժելի՞ է։

ԲԵՐԹՈԼԴ ԲՐԵԽՏ
Թարգմանեց ՄՀԵՐ ՀՐԱՉՅԱՆԸ

Խորագիր՝ #43 (959) 1.11.2012 – 7.11.2012, Հոգևոր-մշակութային


07/11/2012