ԳԻՐՔ ՀԻՇԱՏԱԿԻ ՈՒ ԽՈՆԱՐՀՄԱՆ
Վերջերս գրողների տան դահլիճում նշվեց բանաստեղծ, հրապարակախոս, ռազմական պատմաբան, Հայաստանում թանգարանային գործի նվիրյալ Սասուն Գրիգորյանի ծննդյան 75 և գրական գործունեության 55-ամյա հոբելյանները։ Հընթացս ներկայացվեցին հոբելյարի վերջին` «Մեր հերոսները և զինուժի գեներալները (1988-2012)» պատմագիտական ուսումնասիրությունն ու «Հայրենի տունն է կանչում» բանաստեղծությունների ժողովածուն։
Ավելի քան կես դար սասունցիների զավակ, Երկրորդ աշխարհամարտում հորը կորցրած բանաստեղծն իր կյանքի կարևորագույն նպատակն է դարձրել հայոց Մեծ եղեռնի, Առաջին ու Երկրորդ աշխարհամարտերի, Ստալինյան բռնությունների, Արցախյան ազատամարտի հետևանքով զոհված հայորդիների կյանքի ու գործունեության ուսումնասիրումը, արխիվային փաստաթղթերի հավաքում, թանգարաններում ներկայացումն ու հրապարակումը։ Իր նախասիրություններին կենդանություն տալու նպատակով դեռևս 1970 թվականին Սասուն Գրիգորյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայաստանի կոմերիտմիության պատմության` ԽՍՀՄ-ում այդ բնույթի առաջին թանգարանը, որի հիմնական գործառույթը բանաստեղծը, ի հակադրություն գործող ռեժիմի, դարձրեց նշանավոր հայորդիների կյանքի ու գործունեության ներկայացումը թանգարանային պատկերավոր լեզվով։ Հետագայում, նորից նրա նախաձեռնությամբ, հիմնադրվեց ցեղասպանության թանգարանը, որի գոյությունը նույնպես անհրաժեշտություն էր և իր անուրանալի ավանդը բերեց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։
Թանգարանային-կազմակերպական աշխատանքներին զուգահեռ, Սասուն Գրիգորյանը մեկը մյուսի հետևից բանաստեղծական ժողովածուներից բացի ընթերցողի սեղանին դրեց իր ուսումնասիրությունների արգասիք ռազմապատմական ավելի քան 10 ծավալուն գիրք` պատմական ու արխիվային նյութերի ուսումնասիրություններ ու վերլուծություններ` շաղախված բանաստեղծական նուրբ զեղումներով ու ուրույն լեզվամտածողությամբ, որոնք առավել դյուրին են դարձնում ընթերցումն ու յուրացումը։
Այնուհանդերձ, Սասուն Գրիգորյանի գրքերի գիրքը, ավելի քան հազար էջանոց, «Հավերժության լուսամատյան» եզակի հուշատեղեկատու հանրագիտարանային նշանակության ժողովածուն է, ուր ամփոփված են վերջին հարյուրամյակի տարբեր պատերազմներում, բռնությունների հետևանքով զոհված շուրջ 2000 հայազգի բանաստեղծների, երգահանների, գիտնականների, մարզիկների, բարձրաստիճան սպաների ու շարքային զինվորների կյանքի ու սխրագործությունների դրվագներ, նրանց մասին պատմող հետաքրքիր մանրամասներ։
Սասուն Գրիգորյան Մարդուն, բանաստեղծին ու գիտնականին դիպուկ է բնութագրել մեր պոեզիայի թագուհին` Սիլվա Կապուտիկյանը, գրելով. «Սասուն Գրիգորյանը հայոց պատմության քայլող հանրագիտարան է»։
Չնայած առաջացած տարիքին, քայլող հանրագիտարան Սասուն Գրիգորյանի գրիչը դեռևս բեղուն է, ու ընթերցողն սպասում է նրա նոր գրքերին։ Մաղթենք առողջություն ու երկարակեցություն բանաստեղծ-պատմաբանին ու սպասենք նրա նոր գրքերին։
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Հոգևոր-մշակութային