Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ՄԵԶ ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔ ՊԱՐԳԵՎԵՑԻՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԷԴԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ



Արցախյան ազատամարտում հաղթանակ կռելու համար շատ թանկ վճարեցինք: Ամենածանր հատուցումներից մեկը այսօր մեր կողքին ապրող որդեկորույս մայրերը, սևազգեստ այրիները, անհայր մեծացած ու արդեն պատանի դարձած տղաներն ու աղջիկներն են: Տարիներն անզոր են մեղմելու նրանց ցավը, մեծ կորստի հոգեմաշ կսկիծը անբուժելի վերք է նրանց սրտին:

Ամեն անգամ այս ծանր զգացողություններն են պարուրում ինձ, երբ հանդիպում եմ Արցախյան ազատամարտի նահատակ Անդրանիկ Հայրապետյանի ծնողներին, որոնց աչքերի մեջ դրոշմված ցավը, ինչքան էլ փորձեն խորը թաքցնել, անհնար է չնկատել: Ցավ, որ կրում են արդեն քսան տարի և կրելու են մինչև կյանքի վերջ:

Անդրանիկը նրանց առաջնեկն էր…

Անդրանիկ Հայրապետյանը ծնվել է Երևանում 1968 թվականին: Սովորել է Երևանի թիվ 141 դպրոցում: Դպրոցական տարիներին նա աչքի էր ընկնում իր ճկուն մարմնով ու ճարպկությամբ: Այս ամենն աննկատ չի մնում և հենց առաջին դասարանից էլ ընդգրկվում է մարմնամարզության պարապմունքներին: Զուգահեռ զբաղվում է նաև ըմբշամարտով` վեց տարի հաճախելով ըմբշամարտի պարապմունքների:

Դպրոցում Անդրանիկը բոլորին զարմացնում էր իր բացառիկ ընդունակություններով: Աշխատասիրությունն ու ընթերցասիրությունն էլ նպաստում են, որ կուտակի գիտելիքների հսկայական պաշար և ժամանակից շուտ հասունանա: Նրա դատողությունները, մտքերը կյանքի, հայրենասիրության մասին, ստիպում էին մտածել, որ փոքրամարմին տղայի մեջ խոսում է հասուն անհատը: Հաստատակամությունն ու համառությունը նրա բնավորության բնորոշ գծերն էին. մտքին մի բան դներ, անպայման կաներ, ամեն գնով կհասներ նպատակին:

Անդրանիկը կարողանում էր կյանքը հետաքրքիր ու բազմազան դարձնել. միօրինակություն կոչված ձանձրույթը նրա համար չէր: Վարակիչ եռանդով նաև շրջապատն էր լցնում իրենով:

Մեծ մտահորիզոն ու հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող Անդրանիկը տարված էր նաև լուսանկարչությամբ: Շատ էր սիրում իր լուսանկարչական ապարատը, որը նրա անբաժան ընկերն էր: Ուներ գեղեցիկը տեսնելու, զգալու բացառիկ ունակություն: Վկան այն լուսանկարչական ալբոմն է, որտեղ հավերժացած են նրա կողմից արված լուսանկարները: Նկարում էր, երևակում, նկարները հավաքում լուսանկարչական ալբոմի մեջ ու պահ տալիս հիշողությանը:

Դպրոցն ավարտելուց հետո Անդրանիկը ԴՕՍԱԱՖ-ում ստանում է կապավորի մասնագիտություն և մեկնում ծառայության Խորհրդային բանակում: Այստեղ էլ հանդես է գալիս որպես առաջնակարգ կապավոր` դրսևորելով մասնագիտական բարձր ունակություններ:

Բանակից վերադառնում է 1988-ի տագնապախռով օրերին:

Մարգարեաբար զգալով, որ իրեն ի վերուստ շատ կարճ կյանք է շնորհված, նա շտապում էր: Շտապում էր ամեն հարցում. շուտ ամուսնացավ, զավակ ունեցավ: Կարծես արդեն ամեն ինչ ուներ երջանիկ ապրելու համար, սակայն սկսվեց Արցախյան պատերազմը: Անդրանիկը տանը նստողներից չէր: Նա ձեռքն առավ ինքնաձիգը ու միացավ առաջին կամավորներին:

1990 թվականին նա արդեն «Արաբկիր» կամավորական զորամիավորման ջոկատներից մեկի անդամ էր: Տանը ոչ ոք չգիտեր այս մասին. մայրն ու կինը մտածում էին, որ Անդրանիկը սովորականի պես աշխատանքի է գնում: Միայն եղբայրը` Արարատն էր տեղյակ նրա «գաղտնի» գործերին: Վերջինս նույնպես ցանկանում էր միանալ նրան, սակայն ստիպված էր տեղի տալ եղբոր հորդորներին. «Դու դեռ չես ճաշակել սիրո վայելքը, հայրանալու բերկրանքը, դեռ կռվելու քո ժամը չի եկել»: Իսկ ի՞նքը. հասցրեց միայն հայրանալ, իսկ որդիներին հայրություն անելու բախտ նրան չվիճակվեց: Որդիներին առաջին հերթին խաղաղ ապրելու իրավունք էր պետք, ու նա անվարան գնաց այդ խաղաղության ետևից:

Անդրանիկն ընդամենը քսաներկու տարեկան էր, երբ զինվորագրվեց կամավորական պայքարին: Նուրբ դիմագծերով, փոքրամարմին պատանուն ընկերները «Ճուտ» մականունով կնքեցին` միաժամանակ համոզված լինելով, որ այդ փխրուն մարմինն իր մեջ առյուծի սիրտ է կրում:

1991 թվականին կամավորական ջոկատի կազմում նա մեկնեց Շահումյան: Գնաց, չէր կարող չգնալ, մայր հողն էր կանչում: Թե չգնար պիտի պղծվեր հայի օջախը, ոհմակի բաժին պիտի դառնար գեղատեսիլ Արցախը, որտեղ նրա արմատներն էին, որտեղ անցկացրել է մանկության անհոգ օրերի մեծ մասը:

Պատերազմի դաշտից Անդրանիկին, թեկուզ մի կարճ ժամանակով, տուն կարող էր բերել միայն երկրորդ որդու ծնունդը: Եկավ, որդուն հրամանատարի անունով Գևորգ կոչեց ու նորից լծվեց նվիրական երազանքի իրականացմանը` Արցախի ազատագրման գործին:

Նախքան նորից մարտադաշտ մեկնելը, Անդրանիկը մարտական առաջադրանք ստացավ. նախնական պայմանավորվածության համաձայն` պետք էր զորամասի տարածքից զենք հաներ և տաներ սահման: Պատերազմի բոցերի մեջ կռված Անդրանիկը լավ գիտեր, թե ինչ մեծ նշանակություն ունի զենքն ու զինամթերքը լավ սպառազինված թշնամու դեմ պայքարում:

Եվ միշտ այդպես էր. ամենապատասխանատու գործը նրան կվստահեին` համոզված, որ անպայման գործը գլուխ կբերի: Այս անգամ էլ գործը կհաջողեր, եթե չլիներ անսպասելի կրակոցները մեր տղաների ուղղությամբ: Անհասկանալի, անսպասելի կրակոցներ, կույր գնդակ, որ մութ ու խավար գիշերվա մեջ գտավ քսանչորսը չբոլորած Անդրանիկին:

Մարտի ութն էր…

Արդեն քսան տարի մարտի ութը դադարել է տոն լինել Գյուլչորա մայրիկի ու Անուշի համար: Մայրություն ու կանացիություն խորհրդանշող այս տոնը նրանց զրկել է Անդրանիկի համար մայր ու կին լինելու բերկրանքից: Ամեն տարի այդ օրը նրանք գլխիկոր կանգնում են Անդրանիկի շիրմի առաջ և Անդրանիկից ծաղիկներ ստանալու փոխարեն նրան են ծաղիկներ տանում:

Ոչ ոք համարձակություն չի ունենում անգամ քսան տարի անց այդ օրը նրանց շնորհավորանքի մի հատիկ խոսք իսկ ասել. տան փոքրիկներն անգամ գիտեն այդ մասին ու լռում են:

Անդրանիկի որդիներն արդեն հասուն տղամարդ են դարձել: Կսկիծը սրտում, վիշտը խորը անթեղած` Անդրանիկի ծնողներն ամեն ինչ արել են, որ տղաները ոչ մի բանի կարիք չունենան:Այսօր նրանք մխիթարություն են գտնում Անդրանիկի դիմագծերը ժառանգած Գևորգի և նրա հաստատակամ ու համառ բնավորությունը կրող Էդիկի մեջ:

Անդարձ կորստի ու հոգեմաշ կարոտի ծանր բեռն իր փխրուն ուսերին տարավ նաև Անուշը: Ամեն անգամ, երբ խոսք է բացվում Անդրանիկի մասին, նրա աչքերի փայլը մատնում է այն մեծ սերը, որը նա վայելել է ընդամենը չորս տարի, սակայն այդ սերը մինչև այսօր Անդրանիկի բացակայությամբ էլ ջերմացնում է նրա սիրտը, իմաստավորում նրա կյանքը և ապրելու ուժ տալիս:

Այն բակում, որտեղ Անդրանիկը խաղացել է իր մանկության անհոգ օրերին ընկերները ցայտաղբյուր-հուշարձան են կանգնեցրել, որ ամեն անցնող-դարձող, պապակ շուրթերին մի կում ջուր առնելով, խորհի ու հասկանա, որ նաև հավերժ 24-ամյա այս երիտասարդին է պարտական այսօրվա իր խաղաղ կյանքի համար:

ԵՎԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ

Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Ճակատագրեր


14/11/2012