Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱ ՀԱՂԹԵՑ ՄԱՀԻՆ



20 տարի առաջ՝ 1992թ. նոյեմբերի 5-ին, Լաչինի գյուղերից մեկի համար մղվող մարտերում հերոսաբար ընկավ Արցախյան ազատամարտի նվիրյալ Կարեն Մանվելյանը: Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեղի ունեցավ Կարեն Մանվելյանի մահվան 20-րդ տարելիցին ու ծննդյան 45-րդ տարեդարձին նվիրված` «Եթե ուզում ես ազգդ, հայրենիքդ ապրեն, ապա նրանց համար մեռնելու կամք ունեցիր» խորագրով հուշ-երեկոն: Ներկա էին ազատամարտիկի հարազատները, մարտական ընկերները, ուսուցիչները, հյուրեր: ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Սարգսյանը նշեց. «Կարճ, սակայն իմաստալից ու հերոսական կյանքով ապրեց Կարենը: Նա դարձավ այն փոքրաթիվ մարդկանցից մեկը, որոնք ապրում են նաև մահվանից հետո և իրենց ապրած ամեն մի օրով սերունդներ կրթում ու հայրենասիրության դասեր տալիս»: Նա կարդաց տողեր ազատամարտիկի հուշատետրի գրառումներից.

«Մոտենում ենք Վահան գյուղին, ու արդեն լսվում են կրակոցի ձայներ. աշխատում էր ադրբեջանական հրետանին, գյուղում խուճապ էր. դա հատկապես պարզ դարձավ, երբ մեզ հանդիպակաց դուրս եկան մի քանի տասնյակ մեքենաներ` բարձված տարբեր իրերով եւ անգամ տան կահույքով: Գյուղացիները փախչում էին… Արծվաշենը նոր էր ընկել, եւ լկտիացած հակառակորդը փորձում էր առաջ շարժվել ու գրավել Վահան գյուղը: Մեր «Ուրալով» հայտնվելը անսպասելի ոգեւորություն առաջացրեց վահանցիների շրջանում: Նրանք սկսեցին վերադառնալ: Ծավալվեցին դաժան մարտեր: Մեզնից մի քանի օր պահանջվեց ադրբեջանցուն նախ կանգնեցնելու, ապա գյուղից հետ շպրտելու համար»:

«Տիգրանը ինձ իր մոտ կանչեց եւ ասաց, որ ինձ նշանակում է ջոկի հրամանատար: Անկեղծ ասած՝ շատ զարմացա. մեր ջոկատում տարիքով ամենափոքրը ես եմ, մյուսները երեսունն անց են: «Ջոկատի տղերքը լավն են, բայց ես քեզ վաղուց եմ հետեւում, դու գլուխ կհանես»,-ասաց նա: Զարմանալի է, բայց ավագ ընկերներս իմ նշանակումն ընդունեցին մեծ ոգեւորությամբ, իսկ «Քյավառը» ինձ սկսեց «կամանդիր» կոչել»:

«Գորիսը ռազմաճակատային քաղաք է հիշեցնում. այստեղ կանաչ զինվորական համազգեստով մարդիկ ավելի շատ են, քան քաղաքացիական հագուստով: Քանի օր է՝ սպասում ենք կարեւորագույն հրամանին` գրոհին: Շուտով սկսելու ենք Լաչինի միջանցքի ընդլայնման գործողությունը, մտնելու ենք Կուբաթլի. սա կլինի իմ կյանքի ամենաուրախալի օրը…Կուբաթլիում ադրբեջանցիները կատաղի դիմադրություն էին կազմակերպել, բայց դա մի երկու շաբաթ տեւեց: Երբ հերթական անգամ գրավեցինք թշնամու դիրքերը, մի դաժան տեսարան բացվեց. մոտ քսան ադրբեջանցի զինվորի դիակ էր փռված: Արտաքինից երեւում էր, որ նրանք նորակոչիկներ են, հազիվ 18 տարեկան. ո՞վ գիտի, երեւի կարգին զենք բռնել էլ չգիտեին: Տարօրինակ է, բայց մեղքս եկան: «Նրանց մարմինները պետք է հողին հանձնել». տղերքը իմ որոշումը դժգոհությամբ ընդունեցին եւ հրաժարվեցին կատարել: Վերցրի բահն ու սկսեցի փորել, շուտով բոլորը միացան ինձ: Երեկոյան ավարտեցինք»:

«Երեկոյան հետախուզությունը բարի լուր բերեց` ադրբեջանցիները արկեր, տարբեր տեսակի զինամթերք եւ ամենակարեւորը` մթերք էին ստացել, իսկ մենք արդեն 3-րդ օրն է` ո՛չ արկեր ունեինք, ո՛չ էլ ուտելու բան: Առավոտյան արդեն ադրբեջանական արկերը եւ թշնամու պահածոները մեր ձեռքում էին: Տղերքը որոշեցին, որ այս առիթով կարելի է Էլչիբեյի կենացն էլ խմել»:

«Երեւանում ցերեկով այնպիսի տպավորություն է, թե պատերազմ չի, եւ սահմաններում մարդ չի զոհվում: Միայն մութն ընկնելուց հետո լույս Երեւանին նայողը կհասկանա, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան է կատարվում: Մեր «Ուրալի» ձայնը միանգամից եմ ճանաչում, արդեն հագնված եմ եւ դուրս եմ գալիս: Գիշերը փորձեցի հատակին քնել` խրամատներից հետո փափուկ անկողին մտնել չեմ կարողանում: Դուրս եմ գալիս միջանցք, որ գնամ: Մայրս ուղեկցում է ինձ` մոմը ձեռքին: Ուզում եմ շրջվել եւ ինչ-որ բան ասել, բայց հասկանում եմ, որ մորս աչքերի մեջ նայել չեմ կարող: Լուռ հեռանում եմ` այդպես էլ ոչինչ չասելով: Լույս չկա, վերելակը չի աշխատում, իջնում եմ ոտքով, ինչքան հնարավոր է արագ, բայց գիտեմ, որ մաման դեռ երկար ժամանակ մոմը ձեռքին պահած կկանգնի չաշխատող վերելակի մոտ»:

«Դասախոսս ասաց՝ «Տղա՛ ջան, դու ոչ մի օր իմ դասերին չես եղել ու հույս ունես քննությո՞ւն հանձնել»: Իմ փորձերը՝ բացատրել, որ ես զբաղված եմ եւ չեմ կարող դասի գալ, իզուր էին: Սակայն քննությանը լիովին պատրաստ էի: Դասախոսն անդրդվելի էր. «Իմ դասին չնստողը քննություն չի կարող հանձնել, լիկվիդին կգաս»: Վաղը մեկնում եմ, բայց ոչինչ` երկու շաբաթից կգամ ու կհանձնեմ»:-Սա Արցախյան ազատագրական պայքարում զոհված 26-ամյա Կարենի վերջին գրառումն էր:

Կարենը ծնվել է Երեւանում, 1966թ. դեկտեմբերի 21-ին, մտավորականների ընտանիքում: Հայրը` Բախշի Մանվելյանը, եւ մայրը` Ամալյա Գեւորգյանը, պատմաբաններ էին: Կարենը հաճախել է թիվ 165 դպրոց, 10 տարի սովորել է գերազանց առաջադիմությամբ: Դպրոցական տարիներից նա առանձնահատուկ ուշադրություն էր հատկացնում հայ ժողովրդի պատմությանը ու խնդրում մորը ավելի մանրամասն պատմել հայ ժողովրդի պայքարի, հաղթանակների մասին: Կարեն Մանվելյանի դպրոցական տարիների մասին պատմում է նրա հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին` Սիլվա Աչոյանը. «Մի անգամ էքսկուրսիա գնացինք, այնուհետեւ աշակերտները պետք է շարադրություն գրեին: 7-րդ դասարանում էր սովորում Կարենը: Նրա շարադրությունը ոչ թե եկեղեցու պատմության կամ ստացած տպավորությունների մասին էր, այլ նախատինքի խոսք էր այն մարդկանց հասցեին, ովքեր եկեղեցու պատերին փորագրել էին իրենց անունները: Նա զայրույթ էր ապրել: Հիմա էլ հիշում եմ նրա հետաքրքիր ընդվզումները: Գրականություն էինք ուսումնասիրում, եւ եթե հանկարծ գրականության դասին խորհրդային գաղափարախոսություն էի քարոզում (ինչը պարտադրված էինք անում), զայրանում էր, չէր ընդունում»:

1984թ. Կարենը գերազանցությամբ ավարտեց դպրոցն ու որոշում ընդունեց` մորը օգնելու համար անցնել աշխատանքի, որովհետեւ հայրը մահացել էր, իսկ եղբայրը ծառայում էր. «Կարենը քիմիա էր ուսումնասիրում, որոշել էր հետեւել հոր խորհրդին եւ բժիշկ դառնալ, բայց ամուսինս մահացավ. այդ հարվածը նրան թեւաթափ արեց»,-հիշում է տիկին Ամալյան:

Կարենը մեկնում է խորհրդային բանակ եւ ծառայում Պրիմորսկում: Մայրը նրան քիմիայի դասագրքեր էր ուղարկում, որ ծառայության ընթացքում պարապի եւ վերադառնալուց հետո ընդունվի բժշկական համալսարան: Սակայն զորացրվելուց հետո Կարենը հայտնվում է Ղարաբաղյան շարժման կիզակետում. նա չէր կարող անհաղորդ մնալ այն ամենին, ինչ կատարվում էր թատերական հրապարակում: «Ձայնը պարբերաբար խզվում էր, նա էլ հում ձու էր կուլ տալիս, որ հաջորդ օրը նորից գնա հրապարակ եւ վանկարկի` «Ղարաբաղը մերն է»,-պատմում է տիկին Ամալյան: Ուսման ծարավը հանգիստ չէր տալիս երիտասարդին, եւ նա ընդունվեց ԵՊՏՀ-ի (այն ժամանակ` ժողտնտեսության ինստիտուտ) ապրանքագիտական ֆակուլտետ: 1990թ. մի խումբ ընկերների հետ անդամագրվեց Ռամկավար ազատական կուսակցությանը, եւ մի խումբ համախոհներով հիմնադրեցին կուսակցության «Արմենական» ակումբը: Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, կարևորելով հաղթանակը կերտելու գործում զինվորի դերը, նշում է, որ հայրենիքը և ժողովուրդը հենց Կարենի նման մարդկանցով են ուժեղ և հզոր. «Կարենը ռամկավար «Արմենական» ակումբի հիմնադիրներից է, սակայն սա այն պարագան է, երբ կուսակցությունը չի կարող ուղղորդիչ լինել: Կարենն ու իր նմանները պետքը չունեն հրամանների: Նրանք այնպիսի դաստիարակություն ունեին, որ, անկախ ամեն ինչից, պիտի մեկնեին պաշտպանելու հայրենիքը»:

Չորրորդ կուրսի ուսանող էր, երբ որոշեց միանալ երկրապահ կամավորականների խմբին եւ մասնակցել Կրասնոսելսկի Վահան գյուղի պաշտպանությանը. «Ասում էր` մա՛մ, չեմ կարողանում հանգիստ նստեմ ու դասախոսություն լսեմ, պիտի գնամ կռվելու: 1991թ. սկսած՝ Կարենը պարբերաբար մեկնում էր սահման, օգնություն էր տանում, իսկ 1992թ. արդեն մասնակցում էր Վահան գյուղի պաշտպանությանը: Ես էլ ճակատամարտի մասին տեղեկանում էի ռադիոյից` սիրտս դող ընկած: Գյուղը ազատագրեցին, եւ Կարենը գիշերով եկավ: Փաթաթվեցի, ասացի` շորերիցդ պատերազմի հոտ է գալիս: Աչքերը վառվում էին, ասաց` մա՛մ, որպես լավ կռվող ջոկատ, մեզ վստահվել է մասնակցել ընթացող Գորիս-Լաչին ճանապարհի ու միջանցքի ազատագրման մարտական գործողություններին: Ես չիմացա ինչ անել, ասացի` դասերդ սկսվել են: Նա էլ ձեռքը վեր պարզեց եւ պատասխանեց` ես մինչեւ վերջ պիտի կռվեմ, մինչեւ հաղթանակ»: Հերթական գյուղի ազատագրման թեժ մարտի ժամանակ, մարտական առաջադրանքը կատարելիս, Կարենը թշնամու կրակահերթն իր վրա վերցրեց` փրկելով մարտական ընկերների կյանքը:

ԵՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Գարեգին Մխիթարյանը, որ Կարենի դասընկերոջ հայրն է, շնորհակալություն հայտնեց ազատամարտիկի մորը` տիկին Ամալյային, այդպիսի ազնիվ ու անբասիր զավակ դաստիարակելու համար, ապա եւ նշեց. «Առաջին դասարանից մինչև դպրոցն ավարտելը տղայիս հետ նույն դասարանում են սովորել: Միշտ հպարտ եմ եղել նրանով: Կարենն այն մարդկանցից է, ովքեր, մահն արհամարհելով, մտան կռվի դաշտ: Նա թողեց ուսանողական նստարանը և հաղթեց մահին»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


14/11/2012