Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ՍԻՐՏԸ ՍԱՀՄԱՆԻՆ Է



Զրույց Հրազդանի տարածքային զինվորական կոմիսար գնդապետ ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

-Պարոն Պետրոսյան, անկեղծ ասած, փոքր-ինչ անսովոր է տեսնել Ձեզ «գրասենյակային» պաշտոնում, որովհետև Դուք բանակի կազմավորման առաջին օրվանից եղել եք սահմանին, մասնակցել եք Արցախյան պատերազմին, այնուհետև պայմանագրային գնդի կազմում պաշտպանել եք մեր ամենակարևոր ու դժվար սահմանահատվածներից մեկը, ընդ որում՝ մոտ տասը տարի ղեկավարել եք նույն այդ պայմանագրային գունդը, ինչպե՞ս եք հարմարվում նոր աշխատանքին։

-Ճիշտն ասած, դեռ չեմ հարմարվել։ Ինչպես ասում են՝ իմ սիրտը լեռներում է… Սիրտս, միտքս… ասես ինձ թողել եմ այնտեղ։ Շատ եմ կարոտում։ Որքան էլ հաճախ եմ գնում սահման, միևնույն է, կարոտում եմ։

-Ի՞նչն եք կարոտում։

-…Սահմանի ոգին, մթնոլորտը, մաքրությունը… Մի բան, որ քեզ դարձնում է ուժեղ, վեհ, արժանապատիվ… Ազատության ու ինքնիշխանության սուր զգացողությանը։ Այն հողը, որը ինքդ ես պաշտպանում, դառնում է բառացիորեն քո արյունակիցը՝ ծնողը, զավակը, եղբայրը… Կարոտում եմ Սահմանի տղերքին…

-Սահմանի տղերքի՞ն… Չէի լսել այս «անվանումը»։

-Գուցեև շատերին դուր չգա իմ արտահայտությունը, բայց նրանք ուրիշ աշխարհի մարդիկ են… Պայմանագրայինների գումարտակը համալրվել ու համալրվում է այն տղաներով, ովքեր կամավորական են, ինքնակամ եկել են պաշտպանելու հայրենիքի սահմանը։ Դա տղամարդկային հասարակության ամենապինդ, արժանապատիվ, խիզախ շերտն է։

-Գուցե այս հարցս և Ձեր պատասխանը չհրապարակեմ… Բայց չէ՞ որ նրանց մի մասը եկել է պարզապես փող աշխատելու…

-Չէ, ինչու, հրապարակեք… Այո՛, նրանք եկել են նաև փողի համար, չեն գնացել արտերկիր, պարապ-սարապ չեն թափառել՝ բողոքելով գործազրկությունից։ Նրանք 20-ից 50 տարեկան տղամարդիկ են, ովքեր հաճախ տուն-տեղից կտրված՝ եկել են առաջին գիծ, կյանքը՝ թշնամու գնդակի դիմաց, հայրենիք են պաշտպանում և հոգում են իրենց ընտանիքի հոգսերը։

-Պարոն Պետրոսյան, Դուք հիմա զինկոմիսար եք, ու մենք զորակոչից պիտի խոսենք։ Ինչպե՞ս ընդունեց Ձեզ Հրազդանի բնակչությունը։ Կարողացա՞ք լեզու գտնել մարդկանց հետ։

-Սարի ժողովուրդ են՝ բարի, աշխատասեր, իրենց հողին կպած, ընտանիք սիրող, քաջ։ Ես հենց զինկոմ նշանակվելու առաջին օրվանից սկսեցի շփվել ժողովրդի հետ, զինկոմիսարիատ մտած քաղաքացու հետ զրուցելու առիթը բաց չէի թողնում։ Զինկոմիսարիատի անձնակազմը խիստ հրահանգավորված է առավելագույնս համբերատար ու բարյացակամ լինել ժողովրդի հանդեպ։ Լսել նրանց, օգնել։ Ես շատ եմ կարևորում վստահության գործոնը։ Ժողովուրդը պիտի հավատա քեզ, քո խոսքին։ Ժողովուրդը պիտի քեզ «իր մարդը» համարի։ Եթե զինկոմը ծնողին ասում է՝ տղադ առողջ է, պիտի գնա բանակ, ծնողը պիտի վստահ լինի, որ զինկոմը չի խաբում, չի սխալվում…

…Մի ծնող եկավ-ասաց, որ իր տղան սրտից բողոքներ ունի։ Մի քանի անգամ ստուգեցինք, ոչ մի հիվանդություն չհայտնաբերվեց։ Ես օրենքի խախտում արեցի։ Ես չունեմ դրա իրավունքը, բայց ծնողին հնարավորություն տվեցի Երևանի ցանկացած բուժհիմնարկում ստուգելու որդու սիրտը ու ինձ ներկայացնելու ախտորոշումը։ Երևանում նույնպես հաստատեցին, որ տղան առողջ է։ Ծնողը իր ձեռքով ինձ հանձնեց իր որդու առողջ լինելը հաստատող բժշկական փաստաթուղթը։ Կասկածը, որ իր որդուն ապօրինաբար են զորակոչում, որ թաքցնում են նրա հիվանդությունը, մեզ ծնողի թշնամին է դարձնում…

-Ինչպե՞ս են տրամադրված մարդիկ զինծառայության հանդեպ Ձեր շրջանում։

-Գիտեք, պարտաճանաչ, հայրենասեր ժողովուրդ են։ Նրանց բազմաթիվ հոգսերի ու պարտականությունների շարքում հայրենիքի պաշտպանությունը առաջնային տեղ ունի։ Ես կուզենայի, որ ժողովուրդը ավելի հեշտ ապրեր, աշխատանք ունենար… 18 տարեկան տղային բանակ ուղարկելը մեծ հարված է գյուղացու համար. աշխատող ձեռք է պակասում։ Կուզենայի՝ հայ մարդը առանց որևէ մտավախության բանակ ճանապարհեր իր որդուն, որ ոգևորություն լիներ, խանդավառություն… Սա չկա։ Տուրք է՝ տալիս են, որպես հայրենասեր, ազնիվ ու բարեխիղճ քաղաքացի։

-Արտագաղթ կա՞…

-Կա ու եղել է։ Ընտանիքներ կան՝ տան հայրը Ռուսաստանում է, միակ արու զավակին էլ բանակ ենք տանում, մայրը աղջիկների հետ մնում է մենակ… Զորակոչային ռեսուրս ունենք դրսում։ Երբեմն վերադառնում են արտերկրից, որ կատարեն զինվորական պարտքը։ Զորակոչային ռեսուրս ասվածը հայ տղամարդիկ են, որոնք չեն կատարել զինվորական պարտքը, չեն պաշտպանել հայրենիքի իրենց բաժին սահմանը։ Սա և՛ ֆիզիկական, և՛ բարոյական կորուստ է, սա պարտություն է։ Իմ սիրտը ցավում է այս կորստի համար։

-Ինչպե՞ս է կազմակերպվում նախազորակոչային պատրաստությունը ապագա զինվորի բարոյահոգեբանական դաստիարակության առումով։ Գո՞հ եք զինղեկների աշխատանքից։

-Կան դպրոցներ, որոնց նյութատեխնիկական բազան հնարավորություն է տալիս բարձրացնել ռազմագիտություն առարկայի դասավանդման մակարդակը։ Պետք է նույն պայմաններն ստեղծել բոլոր դպրոցներում։ Կան զինղեկներ, որոնց աշխատանքը բարելավման կարիք ունի։ Կան զինղեկներ, որոնց կարելի է փոխարինել ավելի եռանդուն ու բանիմաց կադրերով, սակայն համապատասխան ռեզերվ չկա, նույնիսկ զինղեկների թափուր տեղեր ունենք։ Զինղեկը պետք է ներսից իմանա զորքերը։ Մեր զինղեկները կա՛մ նախկին զինծառայողներ են, կա՛մ Արցախյան պատերազմի մասնակիցներ։

-Ինչո՞ւ չեն համալրվում թափուր տեղերը։

-70-80 հազար դրամով ոչ մի տղամարդ չի կարող ընտանիք պահել։

Ես այցելել եմ մի քանի դպրոց, զրուցել եմ աշակերտների հետ։ Ես (անհամեստ չհնչի) բարոյական իրավունք ունեմ խոսելու հայրենիքի պաշտպանությունից, բանակից, հայրենասիրությունից, տղամարդկային արժանապատվությունից… Լավ սերունդ ունենք՝ լուրջ, ուժեղ, գործունյա։ Հրազդանը ռազմական ավանդույթներ ունեցող շրջան է, Արցախում մի քանի ջոկատ է կռվել Հրազդանից։ Մենք պիտի իր արժանի տեղը վերադարձնենք հող ազատագրած ռազմիկին ու նրա կերպարը պատվելի դարձնենք երիտասարդ սերնդի համար։ Այս սերնդին քարոզներով չես դաստիարակի։ Նա պիտի տեսնի, շոշափի, զգա։ Նա պիտի ընտրություն կատարի։ Այնպես պիտի անենք, որ նա ընտրի հայրենասիրության, քաջության, արժանապատվության, արդար աշխատանքի ճանապարհը… Սա է ուժեղ հայրենիք ունենալու միակ ձևը։

-Ինչպե՞ս անենք…

-Ինչպե՞ս… Ուժեղ, հայրենասեր, արժանապատիվ, քաջ, կիրթ տղամարդը պիտի իր դերն ու կշիռը ունենա հասարակության մեջ, որպեսզի երիտասարդ տղան ցանկանա նմանվել նրան։ Մենք ենք իդեալներ հուշում երիտասարդ սերնդին… Ռազմագիտություն առարկան դասավանդվում է վերջին երեք դասարաններում։ Իսկ մի՞նչ այդ… 14-15 տարեկան մարդուն ինչքան ուզում ես ասա՝ Տիգրան Մեծ, Ավարայր, Եղեռն, Սարդարապատ… նա արդեն կազմավորված ներաշխարհով ու մտածելակերպով մարդ է… Կիմանա, բայց չի զգա։ Մեր պատմությունը չի դառնա հոգու նկարագիր, մեր մեծերի անունները չեն դաջվի սրտի մեջ, արյունը չի արձագանքի։ Մարդուն հայրենիքին պիտի կապես ծնված օրվանից, երբ լսում է առաջին օրորոցայինը և թոթովում է առաջին բանաստեղծությունը։ Ռազմագիտության ուսուցիչը աշակերտին ավելի շատ ռազմական տարրական գիտելիքներ տալու խնդիր ունի… Նաև բարոյահոգեբանական շեշտադրումներ անելու, եթե դրա համար կա պարարտ հող՝ հայրենիքը սիրող սիրտ…

-Ի՞նչ կասեք Ձեր զինակոչիկին, որը շուտով բանակ է գնալու։

-Ոչինչ չեմ քարոզելու, երբ հասնի սահման, ինքը ամեն ինչ կհասկանա։ Կզատի կարևորը անկարևորից, անցողիկը մնայունից… Միայն կասեմ՝ անփորձանք եղիր։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #44 (960) 8.11.2012 – 14.11.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/11/2012