ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ
Այսօր՝ փետրվարի 22-ին, Երեւանի պետական համալսարանի գիտխորհրդի ընդլայնված կազմը հյուրընկալեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Նախարարը ներկայացրեց ԵՊՀ-ի եւ նախարարության համատեղ ծրագրերը, նախարարության գործունեությունը, իրավիճակը առաջնագծում: Սեյրան Օհանյանը նշեց, որ բանակն ունենում է և հաջողություններ, և անհաջողություններ, սակայն պատվով է իրականացնում իր կարեւոր առաքելությունը` երկրի սահմանների և ժողովրդի անվտանգության պաշտպանությունը.
«Մեր հակառակորդի սադրանքները, դիպուկահարների կրակը կամ դիվերսիոն հետախուզական գործողությունները ստանում են իրենց արժանի հակահարվածն ու պատասխանը, դեռ ավելին՝ մենք փորձում ենք պարտադրողի դերում լինել առաջին գծում»,- ասաց նախարարը: Նա շեշտեց, որ մինչ օրս հայկական բանակը ոչ մի թիզ հող չի զիջել։
Պաշտպանության նախարարը ընդգծեց, որ հայկական բանակը գործում է հակառակորդի հետ լարված հարաբերությունների պայմաններում, ինչը անդրադառնում է նաեւ բանակում տիրող ընդհանուր իրավիճակի, կարգապահության վրա:
Նախարարը պատասխանեց նաեւ ուսանողների եւ դասախոսների հարցերին:
Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը մեդալներ եւ պատվոգրեր հանձնեց նախարարության հետ համագործակցած համալսարանական դասախոսներին: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ պարգեւատրեց նախարարության այն ներկայացուցիչներին, ովքեր զգալի ներդրում են ունեցել երկու կառույցների համագործակցության ամրապնդման գործում:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ