Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՈՐԴԸ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Վարորդի ուշադրությունը

Ուշադրությունը որոշակի օբյեկտների ու երևույթների վրա գիտակցության կողմնորոշումն է:

Ուշադրությունն է խրախուսում մարդու՝ այս կամ այն իրավիճակում կողմնորոշվելու, գործելու որոշումը: Ուշադրությունը կարող է խթանվել տարբեր գրգռիչներով. ձայնային, տեսողական, շոշափելի և այլն: Օրինակ՝ ավտոմոբիլի հետևի թարթող լույսերը գրավում են հետևից ընթացող վարորդի ուշադրությունը և հանգեցնում վազանց կատարելու կամ չկատարելու գիտակ-ցությանը:

Ուշադրությունը երաշխավորում է վարորդի անվտանգ երթևեկությունն այն դեպքերում, երբ անուշադրությունը կարող է բազմաթիվ պատահարների պատճառ դառնալ: Ուշադրությունը համարվում է անհատականության որակական հատկանիշ ընդհանրապես և վարորդի համար` մասնավորապես:

Երթից առաջ կատարվող հրահանգավորումը վարորդի ուշադրությունը կենտրոնացնում է ճանապարհային պայմանների և երթուղու առանձին տեղամասերի իրավիճակների վրա: Այդ դեպքում վարորդը կայացնում է նախնական որոշումներ եւ կազմում գործողությունների մոդելներ:

Բոլոր այն օբյեկտներն ու երևույթները, որոնք չեն մասնակցում երթևեկության համատեղ գործընթացում, վարորդների կողմից ընկալվում են մասնակիորեն, ընդհատումներով կամ ընդհանրապես չեն ընկալվում և այդ պատճառով էլ հստակ չեն արտացոլվում նրանց գիտակցության մեջ:

Վարորդի անուշադրության պատճառներ կարող են համարվել քնկոտությունը, մտքերի մեջ խորասուզվելը, հոգնածությունը, անառողջ վիճակը, ալկոհոլը և այլն:

Ուշադրությունը, որպես գիտակցության տարր, սերտորեն կապված է կամքի հետ, որը մարդուն ստիպում է գործել տարբեր իրավիճակներում ու պայմաններում:

Ուշադրությունը լինում է կամային և ոչ կամային:

Ոչ կամային ուշադրությունը առաջանում է առանց միտումնավորության և մարդուց ճիգեր չի պահանջում: Ոչ կամային ուշադրությունը ի հայտ է գալիս ուժգին ձայնի, լուսային ազդանշանի կամ դրանց հանկարծակի անհետացման և այլնի միջոցով:

Կամային (ակտիվ) ուշադրությունը գիտակցաբար և նախապես առաջադրված նպատակով ուղղված է դեպի այս կամ այն օբյեկտը, երևույթը եւ կարևոր դեր է խաղում վարորդի հուսալի աշխատանքի ընթացքում:

Վարորդների անհատականության վերլուծությունը

Բազմաթիվ հատուկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ըստ վտանգավորության նախատրամադրվածության աստիճանի վարորդներին կարելի է բաժանել երեք խմբերի. ամբողջովին հուսալի` 15-20%, վթարների տեսանկյունից վտանգավոր կամ նախատրամադրված` 7-12%, անտարբեր (որոնք մի դեպքում կարող են աշխատել անվտանգ, մյուս դեպքում` վթարներով)` 55-65%: Այս դասակարգումը մոտավոր է և թույլ չի տալիս անհատական մակարդակով մշակել կանխարգելիչ միջոցառումներ, քանի որ ճանապարհային երթևեկության գործընթացում ավտոմոբիլն անվտանգ վարելու վարորդի ունակությունը կախված է նրա անհատական առանձնահատկություններից, որոնք պահանջում են ավելի մանրամասն դասակարգում:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վրա վարորդների անհատական վարքի ազդեցությունը սահմանելու համար անհրաժեշտ է մանրամասն վերլուծել վարորդի գործունեությունը (տեղեկատվության ընդունում, մշակում, որոշման կայացում, գործողություն)` տեղեկատվության ընդունումից մինչև ավտոմոբիլը վարելու ավարտը:

Ա. Ճանապարհային երթևեկության ընթացքում վարորդի ստացած տեղեկատվությունը որոշվում է իրական տեղեկատվությամբ, որն ստացվում է վարորդի զգայարանների միջոցով կամ կռահելու (ինտուիտիվ) տեղեկատվությամբ, որն ստացվում է բնազդի հիման վրա:

Բ. Ստացված տեղեկատվության մշակումը իրականացվում է մտավոր, տրամաբանական ձևով, այսինքն` եզրահանգումով կամ սուբյեկտիվ՝ հուզական ընկալման միջոցով, այսինքն` զգայական մակարդակի վրա:

Գ. Ավտոմոբիլի վարման հետ կապված որոշման ընդունումն իրականացվում է օբյեկտիվորեն և անաչառ, այսինքն` ընդունելով հաստատուն, ռացիոնալ որոշում կամ ընդունելով ճկուն, իռացիոնալ որոշում:

Դ. Ավտոմոբիլի վարման հետ կապված ընդունելիք որոշման իրականացումը կախված է մարդու հոգեկան վիճակից, հոգեկառուցվածքից, որը կարող է լինել ակտիվ կամ պասիվ:

Վարորդների այլընտրանքային վարքագծի վերոհիշյալ նկարագրությունը միջանկյալ տարբերակներ չունի, ինչը հնարավորություն է տալիս վարորդներին ավելի հստակ տարանջատել ըստ իրենց հուսալիության:

Մարդն ի ծնե հակված է որոշակի անհատական նախապատվությունների: Ըստ այս տեսության, որի հեղինակը գերմանացի մտավորական Կարլ Գուստավ Յունգն է, մշակված է հարմար աշխատանքային սխեմա, որով հնարավոր է որոշել մարդկանց նախապատվությունները:

Գոյություն ունեն չորս հակադիր նախապատվություններ: Դրանք են.

Ա. Տեղեկատվության ստացում և ընկալում

1. սենսորային տիպ կամ 2. ինտուիտիվ տիպ

Բ. Տեղեկատվության մշակում

3. տրամաբանող տիպ կամ 4. բարոյական տիպ

Գ. Որոշման ընդունում, կայացում

5. ռացիոնալ տիպ կամ 6. իռացիոնալ տիպ

Դ. Գործողության կատարում

7. ակտիվ (էքստրավերտ) տիպ կամ 8. պասիվ (ինտերվերտ) տիպ:

Տրամաբանողն արդյունավետ է այնտեղ, որտեղ վերլուծություն է պահանջվում:

Բարոյականն արդյունավետ է այնտեղ, որտեղ կարևոր է մարդկանց հույզերն զգալու և նրանց հետ հարաբերություններ ստեղծելու ունակությունը:

Ռացիոնալ մտածելակերպի վարորդի աշխատունակությունը կայուն է, նա պատասխանատու է իր պարտավորությունների համար: Իռացիոնալ վարորդի աշխատունակությունը կախված է տրամադրության փոփոխությունից: Նա հաճախ գործում է առանց նախապատրաստվելու` համոզված լինելով, որ կհաջողվի: Կարող է սկսել մի քանի գործ` առանց դրանք ավարտելու:

Ակտիվ և պասիվ վարորդների գլխավոր տարբերությունը այն է, որ ակտիվը էներգիան ծախսում է արտաքին աշխարհի հետ շփվելով, իսկ պասիվը` առանձնանալով: Այդ պատճառով, խնդրի առաջացման դեպքում, ակտիվը միշտ ձգտում է կիսվել որևէ մեկի հետ, իսկ պասիվը դառնում է ինքնամփոփ:

Վարորդի նախաերթային պատրաստության ժամանակ պետք է հիշել վերը նշված դրույթները և վտանգը կանխազգալու դեպքում արգելել երթի մեկնումն ու զեկուցել վերադասին: Սա ևս կդիտարկվի որպես ԶԾԱ կանխարգելիչ միջոցառում վթարների նախականխման առումով՝ ապահովելով զինծառայողի անվտանգությունն ու պաշտպանվածությունը վտանգավոր և վնասակար գործոններից:

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Ռազմական


21/11/2012