ԱՅՍՏԵՂԻՑ ՄԻՆՉԵՎ ՔՈՒՌ ԳԵՏ ԸՆԴԱՄԵՆԸ ՏԱՍԸ ԿԻԼՈՄԵՏՐ Է
Գուցե փոքր-ինչ անսովոր վերնագիր է ընտրված, սակայն, կարծում ենք, որ նյութն ամբողջովին ընթերցելուց հետո ամեն ինչ ավելի կհստականա։ Փորձենք թափանցել պատմության ծալքերի մեջ և քերթողների մեզ ավանդածով ու մեր իմացությամբ ձեզ ու այս հողի վրա կանգնած մարդուն ցույց տալ այս հողի շատ կարևոր ու պատմական լինելը, որ հնուց հայտնի է «Կողմանք Արևելից» անվամբ։ Մասնավորապես, երբ խոսվել է պատմական Հայաստանի ժամանակներում այս տարածքի խիստ կարևորության մասին, մասնագետները և ոչ մասնագետները բավարարվել են, ասելով, որ Կոթի գյուղը շատ հին բնակավայր է, գոյություն ունի անհիշելի ժամանակներից։ Միայն այսքանը։ Չգիտես ինչու, ոչ ոք սրտացավ չի գտնվել՝ պարզելու, թե որքանով է այն շատ հին։ Եվ թող անհամեստ չհնչի, եթե ասենք, որ մի քանի նախանձախնդիրներով 2008-2009 թվականներին ձեռնամուխ եղանք այս կարևոր խնդրի պարզաբանմանը։ Անուններ թվարկելու միտում չունենալով՝ չեմ կարող չնշել նաև, որ շահագրգիռ մարդկանց խումբն այնքան էլ մեծ չէր՝ տողերիս հեղինակը, հայրենի եզերքի ճակատագրով մտահոգ Ֆելիքս Մելիքյանը, երեք երիտասարդ և հայրենի հողի նվիրյալ, գործարար ու բարեգործ Մարատ Ջանվելյանը։
Նախնական հետախուզական պեղումների արդյունքում պարզ դարձավ, որ այդ «անհիշելի ժամանակները» վերաբերում են մ.թ.ա. XVI-XV դարերին։ Երախտագիտությամբ ավելացնենք, որ պեղումները լավագույնս իրականացրին հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներ՝ պ.գ.թ. Սուրեն Հոբոսյանը և այժմ արդեն երջանկահիշատակ ակադեմիկոս Արամ Քալանթարյանը։ Իհարկե շատ օժանդակեց նաև հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ Պեղումների ընթացքում հայտնաբերված բրոնզե, երկաթե առարկաները, ինչպես նաև խեցեղենը վկայում էին, որ այստեղ առնվազն մ.թ.ա. երկրորդ հազարամյակի կեսին ապրել են զարգացած մշակույթ ունեցող ցեղախմբեր։ Գյուղի տարածքը ռազմաստրատեգիական առումով կարևոր նշանակություն է ունեցել դեռևս վաղ ժամանակաշրջաններում։ Այդ մասին են վկայում գյուղի տարածքում գտնվող երկու կիկլոպյան ամրոցները։ Առաջինը Շոր աղբյուրն է, երկրորդը, ցավոք, այժմ Ադրբեջանի վարչական տարածքում գտնվող Գագ լեռնաբլրի վրա գտնվող կիկլոպյանն է, որը մասնագիտական գրականության մեջ հայտնի է որպես սբ. Սարգիս ամրոց։ Երրորդ հազարամյակի երկրորդ կեսից հայկական լեռնաշխարհում հայտնված ամրությունների այդ ձևը, ինչպես մասնագետներն են պնդում, կապված էր միայն ռազմական գործի զարգացման հետ։ Սկզբում հակառակորդ ցեղերի հարձակման դեպքում ամրոցները ծառայում էին որպես անասունների պատսպարան, սակայն ցեղային միությունների կազմավորման և ուժեղացման հետ աստիճանաբար վերածվեցին ռազմական հենակետերի։
Հյուսիսարևելյան Հայաստանի այս հատվածը բոլոր ժամանակներում էլ ունեցել է կարևոր ռազմաստրատեգիական նշանակություն։ Այդ կարևորությունը առավել ցայտուն է ընդգծվել միջին դարերում, երբ հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունին (989-1020), ամրացնելով Հայաստանի հյուսիսային տիրույթները, սահմանի երկայնքով կառուցում է նոր բերդեր՝ ամրացնելով հները։ Գագիկ Ա-ի ռազմական շինությունների մեջ առանձնանում են Գագ և Գավարզին բերդ-ամրոցները, որոնք իրավամբ հյուսիսարևելյան Հայաստանի դարպասները կարելի է համարել։ Գագիկ Ա-ի օրոք ծաղկման հասած Գագն ու Գավարզինը առաջինն են փորձում դիմակայել սելջուկյան սև հեղեղին, սակայն, ցավոք, ընկնում են։ Ընկնում են, սակայն չեն մարում պայքարի տենչն ու ոգին։ Վրաց թագավոր Դավիթ Դ-ն 1124-ին նրանցից հետ է խլում Գագը, Տերունականը, Նոր Բերդը, Մանասագոմը, Տավուշը և այլ բերդեր։ Վերջինիս մահից հետո գործը շարունակում է մեկ այլ հայրենասեր ու բարեպաշտ թագավոր՝ նրա որդի Դեմետրեն, որն էլ 1130թ. Գագի ճակատամարտում՝ համանուն դաշտում, վերջնականապես հաղթում է մահմեդական միացյալ զորաբանակին։
Գագի 1130թ. ճակատամարտի մասին մասնագիտական նեղ շրջանակներում է միայն հայտնի, որը, սակայն, անվիճելի պատմական փաստ է։ Գագ բերդը միջնադարյան Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող կառույց է եղել, ուստի և պատահականություն չէ Վահրամ Զաքարյանի օրոք նրա աթոռանիստ ու իշխանության կենտրոն դառնալը։ Ինչպես նշում է Արտաշես Շահնազարյանը իր «Վահրամյանների իշխանությունը» գրքում՝ նրան (Վահրամին) հաջողվում է ազատագրել ու իր տիրույթներին միացնել առևտրատնտեսական ու ռազմաստրատեգիական խոշոր նշանակություն ունեցող Շամքոր քաղաքն ու շրջակայքը։
Վահրամյանների ֆեոդալական իշխանությունը հատկապես Շամքորի ազատագրումից հետո ձեռք է բերում կարևոր ռազմաստրատեգիական դիրք՝ վերահսկելով Բարդա (Պարտավ)-Գանձակ-Շամքոր-Հունանակերտ-Տփխիս ճանապարհի Շամքոր-Հունանակերտ հատվածը։ Այնուհետև հեղինակը շեշտում է, որ հիշյալ դարերում չափազանց մեծ է եղել այդ ճանապարհի կարևորությունը, որին տիրողը կարող էր լուրջ սպառնալիք ստեղծել Վրաստանի համար։
Ավելորդ չենք համարում նշել, որ Գագը, Քուրդ-Վաճառից մինչև Գանձակ ընկած տարածքը Զաքարյանները նվեր էին ստացել Թամար թագուհուց 1191թ., վրաց արքունիքին անմնացորդ նվիրվածության համար։ Այնքան նշանավոր է եղել Գագը և այնքան հայտնի, որ Վահրամ Զաքարյանն ինքն էլ կոչվում է գագեցի՝ հիմք դնելով Զաքարյանների Վահրամյան ճյուղին։ Գագ և Գավարզին բերդ-ամրոցները պատմական Հայաստանի հյուսիսային սահմանը համարվող Քուռ գետից հեռու են ընդամենը 10-15 կմ։ Երկու ամրոցներից էլ լավ տեսանելի է տասնյակ կիլոմետրեր տարածվող ու անծայրածիր թվացող Քռի հովիտը, և վերջապես այդ երկու ամրոցներն են, որ տվյալ տարածքում առաջինը դիմագրավեցին դեպի երկրի խորքերը մխրճվել ցանկացող ոսոխին։
Ցավոք, վերջին տարիներին հայտնվել են պատմագիտության հետ համարյա կապ չունեցող մարդիկ, որոնք, չգիտես ինչ շահ հետապնդելով, հանրահայտ Գագ բերդը մոտ 25-30 կմ-ով փորձում են ետ քաշել իր պատմական տեղից դեպի երկրի խորքը, փորձելով նոր «հայտնագործություններ» անել՝ աղավաղելով պատմական դեպքերի ընթացքը։
Թեև Գագն ընկավ, սակայն բերդկանների աննկուն ոգին ստիպեց մոնղոլ զորապետ Նոյինին հարգալից լինել իրենց հանդեպ։ Բերդի բնակիչները, ոսկով վճարելով 80 դահեկան փրկագինը, վերադարձրին գերության մեջ գտնվող Կիրակոս Գանձակեցու ուսուցիչ Վանական Վարդապետին։ Այդ մասին պատմիչն ինքն է մեզ տեղեկացնում։
Պետականությունը կորցրած, դրոշից ու թագավորից զուրկ ժողովուրդը հետագա դարերում անկարող եղավ դիմագրավելու կիսաանապատային հարթավայրերից դեպի փթթուն անդաստանները ձգվող վայրի ոհմակներին, և վերջիվերջո երկու բերդերի բնակիչներն էլ, թողնելով իրենց երբեմնի անառիկ ապրելավայրերը՝ ապավինեցին Արևմուտքում կապտին տվող լեռներին ու թավուտ անտառներին։ Կոթի գյուղում Բայրամյան ազգատոհմ կա։ Այդ ազգի մեծերը պնդում էին իրենց Սուրբ Սարգսից եկած լինելը։ Սբ. Սարգիսը Գագ լեռան գագաթին է, բերդի տարածքում։ Կ. Հարությունյանը մարշալ Բաղրամյանին նվիրված իր մենագրության մեջ հենց առաջին էջում նշում է, որ մարշալը ծնվել է Ելիզավետպոլ քաղաքի երկաթուղային կայարանի բանվորական ավանում 1897թ. դեկտեմբերի 2-ին, սակայն նրա Կարապետ Բայրամյան պապը ծնունդով Կոթի գյուղից էր։ Պատահական չէր մարշալի 1975թ. այցը նախնյաց ծննդավայր, որտեղ մարշալը շեշտեց, որ իրեն միշտ էլ հետաքրքրել են իր արմատները։
♦♦♦
Եվ որպեսզի ավելի հստակեցնեմ միտքս, պարզապես կողք կողքի շարելով փաստերը, կստացվի հետևյալը. Կոթի գյուղի Բայրամյանները տեղափոխված լինելով Գագ բերդից՝ հանդիսանում են Վահրամյանների շառավիղները, իսկ նրանց թոռ ու ծոռ Հովհաննեսը, որը մի անփույթ գրագրի ձեռքով Վահրամյան-Բայրամյանից դարձել էր Բաղրամյան, իր նախա-նախապապ Վահրամի ռազմական տաղանդի կրողն էր հանդիսանում, որ լավագույնս դրսևորվեց Մեծ հայրենականի տարիներին։
Ինչեր ասես չի տեսել օտար այրուձիերի սմբակների տակ մոխրի վերածված ու վերստին փթթած այս հողը. է՛լ Լենկթեմուրի արշավանք, է՛լ լեգզիների արշավանք, որոնց եկած ճանապարհը շիվուտով քողարկված արահետի տեսքով դեռ պահպանում է իր «Լեգզու կածան» անվանումը։ Ո՞ր մեկը թվես… Ժամանակը, ամենակուլ ժամանակը իր հետ ջնջել-տարել է ամեն ինչ, և միայն հատուկենտ քաջ մարդկանց, նաև նեռերի անուններ են պահպանվել։ Տարիներ առաջ, երբ ավանդույթներն ավելի հարգի էին ու ավելի լավ էին պահպանվում, յուրաքանչյուր մեծ սեղանի՝ քեֆի թե հարսանիքի, առաջին կենացն առաջարկում էին քաջ Փլմազի Դավիի, Բեջան բեկի ու անգլուխ թաղված տղերքի կենացը։ Փլմազի Դավին լեգզու ոտքն էս հողից կտրող քաջ Դավին էր, Փլմազի որդին՝ Թմազանց ցեղից։ Բեջան բեկն էս գյուղի առաջին քյոխվա, էս տարածքին նոր հոգս ու ցավ բերած թուրք խաշնարածի հետ կռիվ տվող, դավաճան Աչուն կտոր-կտոր անող, ցից քարերին շարող Բեջան բեկն էր՝ Բաբանց ցեղից, իսկ անգլուխ թաղված տղերքը Օնանանց Սերգոն, Ղազնանց Սաքոն ու Էվնանց շեկ Օսեփն էին, որոնք մեկը հիսունի դեմ անհավասար մարտում մինչև վերջին փամփուշտը կռված ու գլխատված քաջեր էին։
Հետո Էվնանց Խոլնին (Ավետիք), որ մեն-մենակ մի ամբողջ գումարտակի հետ կռվեց, Բայրամանց Սահակի, որ հանգամանքների թելադրանքով հրամանատար դարձավ ու լավ հրամանատար դարձավ, հետո Կես թագավոր-Հովսեփ Ջանվելյանի ու Համբարձում-Զոկի պես, որ գնդացրորդ էին, հետո Բաբանց Արտոյի, Ալբեգանց տղերքի՝ Համբոյի, Վանիչկի, Գանձոյի, որ մի ձեռքով կրակում էր, մյուսով հողակոլոլ աղիքներն էր վիրավոր փորը լցնում, հետո դրանց պես տղերք տեր կանգնեցին այս հողին՝ իրենց արյունը խառնելով նրան։
Հետո կարմիր կոմունարկաներով մարդիկ եկան ու ասին. «Վերջ, այսուհետև Հայն ու թուրքը ախպեր են»։ Ասին ու իրենց թեթև ձեռքով, որպեսզի խաշնարածությունից միանգամից կոմունիստական հասարակարգ անցում կատարած թուրք «եղբայրները» չնեղանան, նրանց սրտի ուզածով վերցրին ու քարտեզի վրա նոր սահմաններ գծեցին՝ ասելով, «ոչինչ, ախպերության մեջ մի քիչ դես, մի քիչ դենը, ոչինչ։ Ասին ու Գագիկ արքայի հիմնած Գագն ու Գավարզինը, մի ողջ իշխանական տան թևավոր խաչերով գերեզմանոցը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հիմնադրած ու սրբագործած սբ. Սարգիս վանքը տվին թուրք եղբայրներին։ Սրանք էլ իրենց հերթին Գագը դարձրին Գյոք, Գավարզինը՝ Գոյազան, սբ. Սարգիսն էլ՝ աղվանական մշակույթի հուշարձան։ Գագն ու սբ. Սարգիսն այսօր ՀՀ պետական սահմանից դուրս են ընդամենը 500-600 մետր…
Կոթեցիներից որի հետ էլ զրույցի բռնվես, ընթացքում գոնե մի անգամ կշեշտի, որ մարդ մի նամուսի համար է էս աշխարհում ապրում։ Ու եթե դրանք փորձում են ոտնահարել, կոթեցին իր ապրելն իզուր է հաշվում։ Պատվի ու արժանապատվության համար ոտքի կանգնեցին այն 752 կոթեցիները, որ ֆաշիստ գերմանացու առաջն առնեն։ Գնացին 752-ը, ետ եկան 422-ը։ 330-ը մնացին անգերեզման ու եղբայրական գերեզմանոցներում։ Հավատացեք, մի գյուղից 330 տղամարդու կորուստը հանաք բան չէ։ Չենք ուզում որևէ մեկին առանձնացնել, արդարացի չի լինի։ Նրանց մասին գիրք կա գրված՝ «Քարացած արցունքներ», գրողն էլ կոթեցի ուսուցիչ Սերյոժա Վերանյանն է։ Հետո էլի խառը ժամանակներ եկան, այս գյուղի գլխին նորից սև ամպեր կուտակվեցին, նորից որոտներից ցնցվեց այս հնամենի հողը։ Սակայն նախնիների արյունը նորից զգացնել տվեց իրեն։ Նորից Վահրամյան-Բաղրամյանի թոռներն ու ծոռները ոտքի կանգնեցին, նորից դիրքեր փորեցին, նորից արյուն թափեցին այս հողի վրա ու այս հողի համար։ Կռվող են եղել այս հողի մարդիկ ու պատվախնդիր։ Կռվել ու մեռել են հանուն հողի ու պատվի։ Կռվող են եղել և 2100 տարվա մեջ նրանց ընդհանուր նահանջը կազմել է ընդամենը տասը վերստ։ Նայենք Հայաստանի քարտեզին. պատմական սահմանից ամենաքիչը այս հողի մարդիկ են հեռու՝ արդեն ասացինք, թե ինչու։
ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԱՏԻԿՅԱՆ
գ. Կոթի