ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամները, խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը շրջայց կատարեցին արևելյան սահմանագոտու մի շարք զորամասերում: Այցի նպատակների և արդյունքի մասին «Հայ զինվորի» թղթակցին պատմեց ՀԽ նախագահ Գ.Հարությունյանը.
– Այցը ճանաչողական էր: Գիտեք, որ այս տարվա սեպտեմբերի 14-ին ձևավորվել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր գործող հասարակական խորհրդի նոր կազմ. 15 հոգուց 9-ը նոր անդամներ են։ Բնականաբար, խորհրդի աշխատանքներում նրանց արդյունավետ ներգրավման համար անհրաժեշտ էր, որ նրանք ծանոթանային զորամասերում տիրող իրավիճակին։ Մենք եղանք ե՛ւ զորամասերում, ե՛ւ հոսպիտալներում։ Հանդիպում ունեցանք զորամասերի հրամանատարների ու զինծառայողների հետ, զորամասերում ծանոթացանք սոցիալ-կենցաղային պայմաններին։ Շրջայցը նաև հնարավորություն ընձեռեց համեմատելու ներկա իրավիճակը նախորդ այցելությունների ժամանակ արձանագրվածի հետ: Հրամանատարների հետ զրույցներն ավելի քան գոհացուցիչ էին, զգացվում էր՝ նրանք տիրապետում են իրավիճակին, լավ են պատկերացնում իրենց անելիքը, շահագրգիռ են, որ իրենց զորամասերը լինեն լավագույնը, իսկ զինծառայողների ծառայությունը կազմակերպված լինի առավելագույնս անվտանգ։
Մենք արձանագրեցինք դրական տեղաշարժեր զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։ Շահագործման էին հանձնվել ժամանակակից բարձր չափանիշների համապատասխանող զորանոցներ, բաղնիքներ, սանհանգույցներ և այլ օբյեկտներ: Վերացվել էին որոշակի կազմակերպչական թերություններ, որոնք նախորդ այցելությունների ժամանակ նկատվել էին առանձին զորամասերում և արձանագրվել էին մեր կողմից ու ներկայացվել պաշտպանության նախարարին։
Կարևոր հարց էր կարգապահության ապահովման խնդիրը կարգապահական կալանքի վերացման և կարգապահական վաշտերի դեռևս չգործելու պայմաններում։ Դատելով հրամանատարների հաղորդումներից, կարգապահական ցուցանիշները ոչ թե վատթարացել են, այլ բարելավվել։ Մինչդեռ կարգապահական կալանքը համարվում էր այն գործոններից մեկը, որը պետք է սթափեցնի զինվորին և ապահովի նրա կարգապահ ծառայությունը։ Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և այն ավելի խոր ուսումնասիրության կարիք ունի։
Ուզում եմ նաև նշել այն փաստը, որ խորհրդի նոր անդամները, որոնք նախկինում զորամասերում չէին եղել, դրական տպավորություն են ստացել զորամասերի ընդհանուր իրավիճակից:
Այս այցելությունից մենք նյութ ենք քաղել մեր հետագա աշխատանքի համար, և որոշ հարցեր հայտնվել են խորհրդի ուշադրության կենտրոնում, որոնք էլ մենք կներկայացնենք պաշտպանության նախարարին:
Մեր այցելությունները զորամասեր կշարունակվեն նաև առաջիկայում:
ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Բանակ և հասարակություն