Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆՔԸ ՔԱՋԻ ՁԵՌՔԻՆ Է ՀԶՈՐ



Զրույց ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ գեներալ-մայոր ՄԵԼՍ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ հետ

-Պարոն գեներալ, ուզում եմ զրույցն սկսել ժողովրդին ամենից շատ հուզող հարցով՝ ինչպե՞ս է սպառազինված բանակը, սպառազինության ներկայիս մակարդակը կարո՞ղ է լիովին երաշխավորել հայ ժողովրդի անվտանգությունը։

-Հարցը միանշանակ է, և ես կտամ նույնքան միանշանակ և հակիրճ պատասխան՝ զինված ուժերի սպառազինությունը և ռազմական տեխնիկան համալրվածությամբ և մարտունակությամբ պատրաստ են դիմակայելու հնարավոր մարտահրավերները և լիովին լուծելու իրենց առջև դրված խնդիրները։

-Եվս մի հարց՝ ժողովրդի մտահոգությունների շրջանակից. Ադրբեջանը ահռելի միջոցներ է տրամադրում իր բանակի սպառազինությանը, կարողանո՞ւմ ենք արդյոք պահպանել ուժերի հավասարակշռությունը։

-Նախ՝ սպառազինության նպատակով Ադրբեջանի ծախսած գումարները չեն համապատասխանում իրական արդյունքին, այսինքն՝ այդ գումարները փոշիացվում են, և դրանց որոշ մասն է նպատակաուղղվում սպառազինությանը։ Գումարները ծախսվում են չտրամաբանված, անխելամիտ, գնում են ինչ պատահում է, առանց հաշվի առնելու դրանց նպատակահարմարությունը։ Այսօր Ադրբեջանում մեծ քանակությամբ անսարք զինտեխնիկա կա։

-Իսկ մենք որքա՞ն անսարք զինտեխնիկա ունենք։

-Մենք անսարք զինտեխնիկա չունենք։ Սպառազինության և զինտեխնիկայի անսարքության մասին շատ արագ իրազեկվում ենք և նույնքան արագ վերացնում անսարքությունը։ Մենք առավելագույն արդյունավետությամբ ենք օգտագործում մեր նյութական հնարավորությունները, ուստի ծախսվող գումարները միշտ չէ, որ արտացոլում են իրական հավասարակշռությունը։

-Պարոն Չիլինգարյան, մենք առիթը բաց չենք թողնում հպարտանալու, որ զինագործության ավանդույթներ ունեցող ազգ ենք, այսօր հայկական զինագործությունը շարունակո՞ւմ է ավանդույթները, ի՞նչ վիճակում է հայրենական ռազմաարդյունաբերությունը՝ զինված ուժերի սպառազինության պետի բնութագրմամբ։

-Այն, որ մենք հպարտանում ենք մեր զինագործության ավանդույթներով, օրինաչափ է։ Ինքս հայ զինագործների տոհմից եմ՝ Մամիկոնյան տոհմից, որոնք զորապետներ լինելուց զատ զբաղվել են նաև զինագործությամբ և դրամահատությամբ։ 7-րդ դարում արաբական հալածանքներից խուսափելու նպատակով Մամիկոնյանները վերցնում են Չիլինգար (զինագործ) ազգանունը, և կարելի է ասել, որ Հայաստանում և աշխարհով մեկ սփռված բոլոր Չիլինգարյանները նույն արմատն ունեն։ Մեր տոհմածառը իր բոլոր ճյուղերով հայտնի է սկսած 16-րդ դարից։

-Ադրբեջանցիներն ընդամենը 100 տարի առաջ քոչվոր ցեղ էին, իսկ քոչվորները ռազմատենչ էին լինում, նրանք չունեն զինագործության ավանդույթներ։

-Այո՛, քոչվորները ռազմատենչ են լինում, բայց նրանք ավարառու են, ոչ թե զինագործներ։ Նրանք կարող են զենք խլել, ոչ թե պատրաստել։ Ընդհանրապես, որևէ մշակույթ կերտելու առաջին պայմանը նստակեցությունն է, ինչպես կարող է քոչվորը մշակութային արժեք ստեղծել։

Ինչ վերաբերում է հայրենական զինագործությանը, մենք ունենք ռազմաարդյունաբերական համալիր, որը վերջին շրջանում զարգանում է մեծ թափով ու արդյունավետությամբ։ Պետք է նշեմ, որ վերջին երկու տարվա ընթացքում մեր զինված ուժերը աննախադեպորեն համալրվել, հարստացել են սպառազինությամբ, զինտեխնիկայով և զինամթերքով։ Համալրվել են ոչ միայն մեր ունեցած զինատեսակներով, այլև նոր, ժամանակակից սպառազինությամբ, որը մինչ օրս չենք օգտագործել։

-Ինչի՞ հետ է կապված այդ աննախադեպ համալրումը։

-Մենք պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր մարտահրավերի։ Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու ադրբեջանական հավակնություններին, և վերջին տարիների աննախադեպ համալրումը սպառազինությամբ և զինտեխնիկայով պայմանավորված է ուժերի հավասարակշռությունը պահելու պարտավորությամբ։ Մենք ունենք մեծ կրակային հզորություն, հուսալի պաշտպանվածություն և խուսավարելու հնարավորություն ապահովող զինատեսակներ։ Ուզում եմ շեշտել, որ պատերազմների և ճակատամարտերի ելքը չի պայմանավորվում միայն զենքերի առատությամբ ու հզորությամբ միայն։ Ավելին՝ ըստ իս, դա երկրորդական գործոն է։ Առաջնայինը զինվորի ու զինվորականի մարտական ոգին է, արհեստավարժությունը և ռազմարվեստին տիրապետելու ունակությունը։ Միշտ էլ Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցել է մեզ, բայց ոչ բանակի մարտունակությամբ։ Առայժմ Բաքվի ռևանշիստական նկրտումները հոխորտանքներից այն կողմ չեն անցել։ Որ պահին ադրբեջանական կողմը երաշխիքներ ունենա, որ կկարողանա հետ վերցնել Ղարաբաղը, նույն պահին պատերազմ կսկսի։

-Հուսանք, որ Բաքուն երբեք չի նվաճի այդ երաշխիքները։

-Ոչ թե «հուսանք», այլ վստահ եղեք, որ մենք երբեք թույլ չենք տա փոխել ուժերի հավասարակշռությունը և չենք զիջի տարածաշրջանի ամենամարտունակ բանակի տիտղոսը։ Մի բան էլ ավելացնեմ՝ եթե միայն զենքի ուժը վճռեր երկրների ճակատագիրը, շատ ու շատ երկրներ ու ժողովուրդներ այսօր ջնջված կլինեին աշխարհի երեսից, բայց նրանք դիմադրում են, ծնկի չեն գալիս նույնիսկ մոլորակի ամենահզոր զենքերի առաջ։ Որովհետև քաջ են, հզոր մարտական ոգի ունեն, անչափ սիրում են իրենց հողը, ազգային արժանապատվության կրող են։ Արցախյան պատերազմում ադրբեջանցիները իրոք մեծապես գերազանցում էին մեզ և՛ մարդկային ռեսուրսով, և՛ զինտեխնիկայի քանակով ու հզորությամբ, այսօր այդ գերազանցությունը չկա։ Ու իրենք էլ գիտեն դա։

…Ի վերջո, զենքն ինքն իրեն չի կարող կրակել, եթե տերը փախել է ռազմադաշտից։ Ուստի՝ զորքդ զինելուց առաջ պիտի զինվորիդ ոգին զինես։

-Ադրբեջանցիները չե՞ն կարող զինել իրենց զինվորի ոգին…

-Ինչո՞վ… Իրենց փառահեղ պատմությա՞մբ… Նրանք կարո՞ղ են որևէ հին քարտեզի վրա (մինչև 19-րդ դար) ցույց տալ Ազերբայջան բառը։ Հայրենի հողի գաղափարո՞վ… Ո՞ր հողի, ո՞ր հայրենիքի…. որի վրա ամենուր քրիստոնեական մշակույթի հետքե՞ր են… որն ի՞նքն է օտարում նրանց… Ի վերջո՝ ազգային հերոսներո՞վ։ Արցախյան կռվում պարտված հերոսներով ոգի կզինե՞ս… Սա է իրականությունը։ Էլ չեմ ասում նավթ ունեցող երկրի ժողովրդի աղքատ վիճակը, բանակի թշվառությունը և թագավորական գահը հորից որդի փոխանցող կլանի առասպելական հարստությունը, խոսքի ազատության աննախադեպ ոտնահարումը, վախի մթնոլորտը, քաղաքական հալածանքները… Այս ամենը ժողովրդի մարտական ոգին ոչնչացնելու զորեղ գործոն են, այս ամենը բարոյալքում են շարքային քաղաքացուն՝ երկրի պաշտպանին։

-Դուք «Չիլինգարյան/Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական հասարակական կազմակերպության նախագահն եք։ Նույնիսկ երկու ընդհանուր ժողով եք կազմակերպել (վերջինը մի քանի օր առաջ էր)։ Ի՞նչ խնդիր եք լուծում։

-Կազմակերպության նպատակն է համախմբել ամբողջ աշխարհի Չիլինգարյաններին, մարմնավորել տոհմի գիտակցությունը, շեշտել տոհմի բարոյական նկարագիրը, արժեքային համակարգը, ջանալ, որ տոհմի անդամները դառնան տոհմի մասնիկը հոգեպես ու բարոյապես, այսինքն՝ տոհմի գիտակցության և բարոյականության կրողը։ Իրականացնել բազմազան ազգային ու բարոյական շեշտադրում ունեցող ծրագրեր, օրինակ՝ մեծարել տոհմի մեծերին, աջակցել տոհմի տաղանդավոր երեխաներին և այլն։ Սա հայացք է դեպի ետ, դեպի ակունք՝ ապագան իմաստավորելու, ապագայի ճիշտ ճանապարհ ընտրելու համար։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/11/2012