Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ



Օրերս ՀՀ հարավարևելյան զորամիավորումում տեղի ունեցավ բանակում քրեաիրավական հարցերին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ՊՆ քննչական ծառայության պետ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, ՊՆ ՌՈ պետ գնդապետ Սամվել Ղուկասյանը, զորամիավորման շտաբի պետ գնդապետ Տիգրան Փարվանյանը, ենթակա զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներ, գումարտակների, վաշտերի հրամանատարներ, տեղակալներ:

Բացելով խորհրդակցությունը, գնդապետ Տ. Փարվանյանը նշեց, որ ՀՀ ԶՈՒ-ում այսպիսի ձևաչափով առաջին անգամ է նման հանդիպում կազմակերպվում, որը համագործակցությունն ավելի խորացնելու նպատակ ունի:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ նկատվող որոշ թերությունների պատճառը սպաների շրջանում նկատվող իրավագիտակցության պակասն է: Կան դեպքեր, երբ սպան ոչ միայն կարող էր կանխարգելել հանցագործությունը, այլև, արդեն իսկ կատարված դեպքի բացահայտմանն ու անաչառ քննությանը նպաստելու փոխարեն, խույս է տվել անմիջականորեն իր պատասխանատվությամբ տեղի ունեցած դեպքի առնչությամբ հետաքննչական մարմինների հետ համագործակցելուց:

– Պետք է ամեն կերպ նպաստել, որ «ՌՈ-զորամաս» կապն ամրապնդվի` ի շահ փոխվստահության, համագործակցության, հանցագործությունների կանխարգելման կամ դրանց շուտափույթ բացահայտման` նմանատիպ երևույթներից հետագայում խուսափելու համար: Եվ այս ամենին նախևառաջ պետք է օժանդակեն այն զինվորական օղակների պատասխանատուները, որոնք այսօր ներկա են այստեղ, քանի որ միայն բարոյահոգեբանական առողջ մթնոլորտում անձնակազմը կարող է լավ ծառայություն իրականացնել թե՛ խաղաղ պայմաններում և թե՛ իհարկե պատերազմում ցույց տալ արիության ու անձնազոհության բացառիկ օրինակներ, – ասաց փոխնախարար Ա. Նազարյանը:

Իր հերթին ՀՀ ՊՆ ՌՈ պետ գնդապետ Ս. Ղուկասյանը պարզ օրինակներով ցույց տվեց ինչ-ինչ պատճառներով ՌՈ աշխատակիցների հետ չհամագործակցելու տխուր հետևանքները, որոնք, սակայն, կարող էին չլինել, եթե սպան ունենար պատշաճ իրավագիտակցություն և չզբաղվեր ինքնագործունեությամբ:

– ՌՈ-ի հետ փոխգործակցությունից դեռ ոչ ոք չի տուժել, մինչդեռ ինքնագործունեությունն ու հանցագործության կոծկումը բումերանգի ազդեցություն են թողնում: Ավելին, ոչ մեկի մտքով թող չանցնի, թե մեր համակարգում կաշառքով կարելի է ինչ-որ գործ տանել կանխամտածված ուղղությամբ, այդ մասին նախևառաջ թող խորհի կաշառք առաջարկելու ընդունակ ցանկացած ոք,- ասաց գնդապետ Ս.Ղուկասյանը՝ ներկաներին խստագույնս հորդորելով: – Եթե նույնիսկ ամենաաննշան թվացող իրը կարող է դառնալ կաշառքի առարկա, միևնույն է` անմիջապես ահազանգեք:

ՊՆ քննչական ծառայության պետ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց տարբեր իրավիճակներում համատեղ գործելու անհրաժեշտության վրա, նշելով, որ զինծառայողը պետք է ամեն կերպ զերծ մնա արհեստականորեն ստեղծված որեւէ իրավիճակի մեջ ներքաշվելուց, ունենա բարձր ինտելեկտ ու ինքնատիրապետում, թույլ չտա անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ ու գործողություններ, իրավական մոտեցում պահանջող յուրաքանչյուր երևույթի ու դեպքի կապակցությամբ հանդես բերի քաղաքակիրթ մոտեցում, որպեսզի այդ կերպ հայհոյանքը, ապտակն ու ծեծն իրենց տեղը զիջեն փոխադարձ հարգանքին, վստահությանն ու գերազանց ծառայությանը:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #45 (961) 15.11.2012 – 21.11.2012, Ազգային բանակ


21/11/2012