Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ…»



Վաղուց՝ 1998-ից, Սեյրան Բաղդասարյանը զինվորական համազգեստ չի հագնում։ Շինարարությունում՝ «Լյուդմիլա Եսայան» անհատ ձեռնարկությունում է աշխատում։ Աշխղեկ է։ Ու թեև զենք չի կրում, զենք կրողների, սպայական կազմի, սահմանը աչալրջորեն պահողի, հրամանատարի, շարքայինի հետ չի շփվում, չի առնչվում, բայց պատերազմական տարիների դրվագները, մեծ ու փոքր իրադարձությունները, դեպքերը, դեմքերը, նախապես «մշակված» հարձակումների, փախչող թշնամու ճիչերը, ամեն, ամեն ինչ հիշում, չի մոռանում։

«Մարտական ծառայություն», «Հայրենյաց պաշտպան», «Ծովակալ Իսակով», «ԼՂՀ 20-ամյակ» ու էլի ուրիշ մեդալներ ունի, պատվոգրեր, գովասանագրեր, որոնք փայլուն վավերագրեր, խոսուն փաստեր են նրա անցած մարտական ուղու, հաղթանակի ձեռք բերման գործում ունեցած ավանդի մասին.

-Ես իմ բաժին կռիվն եմ կռվել,- բաց ճակատով ասում է նա։

Եվ, իրո՛ք, նա թրծվել է Մոխրաթաղի ու Գյուլաթաղի, Չլդրանի ու Դրմբոնի, Հաթերքի, Վաղուհասի, Գետավանի, Հարությունագոմերի, Մաղավուզի, Մատաղիսի ու Թալիշի համար, հասել Քարվաճառ, Ղուբաթլու և զենքը ցած դրել 94-ի մայիսյան այն հիշարժան օրը, երբ Բիշքեկում ստորագրվել է զինադադարի մասին պայմանագիրը։

-Այդ օրը՝ մայիսի 12-ը, ինչքան գիտեմ, օրացույցում կարմիր չի ներկվում։ Ասել է թե՝ տոնական օր չի համարվում։ Բայց ինձ համար և բոլոր նրանց համար, ովքեր մահու ու կենաց կռիվ էին մղում հայրենի հողի, հայրենի եզերքի համար, դա ոչ միայն տոնական, այլև նվիրական, պայծառ ու անմոռաց օր է։ Այո՛, անմոռաց։ Ու ես չեմ մոռանում (դե, ասենք, մոռանալու իրավունք էլ չունեմ) ցնծությունը, անսահման ուրախությունը, տղաների հայացքները. «Վերջապե՜ս… Վերջապե՜ս ադրբեջանցին ծնկի իջավ ու ընդունեց իր խայտառակ պարտությունը, իր անզորությունը, իր անկարողությունը…»։ Դա, իրոք, անմոռանալի օր էր։ Ու, գիտե՞ք, ինձ այնպես է թվում, թե դեռ լսում եմ այն ցնծագին բացականչությունները, այն ուրախ կանչերը, որ հնչում էին ամեն կողմից…

Այո՛, պատերազմից շատ տարիներ են անցել, բայց պահեստի ավագ լեյտենանտը չի կարող չմտորել մեր այս օրերի մասին, մեր անելիքների մասին։

-Ես զարմանում եմ, շատ եմ զարմանում, որ այսքանից հետո ադրբեջանցին էլի լեզուն իրեն չի քաշում, հոխորտում, սպառնում է մեզ և չի ուզում հասկանալ, որ հայն ապրում է իր պապենական հողում, իր հինավուրց օջախում։ Ի՞նչ է ուզում՝ դժվար է ասել։ Ո՞ւմ վրա է հույսը դնում՝ առավել ևս։ Ուզում է Շուշի՞ն հետ վերցնել։ Աղդա՞մը, Ֆիզուլի՞ն… Ուշ է արդեն։ Ու մի բան էլ. դրանք սեղանին դրված չեն, որ ասես՝ ե՛կ, մոտեցի՛ր, վերցրու… Դրանց համար հարյուրավոր, հազարավոր կտրիճ տղաներ արյուն են հեղել։ Իսկ արյամբ ձեռք բերվածը չես տալիս ուրիշի։ Սա մանուկն էլ գիտի։ Ինչ մնաց, թե… Ես բարձր կրթություն չունեմ ու չեմ ուզում խորանալ քաղաքական հարցերի մեջ։ Բայց իբրև հայ մարդ համոզված եմ ու հաստատ կարող եմ ասել, որ ադրբեջանցին, այսուհետ ինչ էլ անի, էլ Շուշին «ետ չի բերի»։ Այսինքն՝ ինչ էլ անի՝ Շուշին մնալու է Հայոց հինավուրց Շուշի, Արցախը՝ Արցախ, թուրքի ցանկությունը՝ երազ, Խանքենդիում (Ստեփանակերտում) մախմարլի ցայ խմելը՝ անուրջ ու երազանք… Հողը շուկայում վաճառվող ապրանք չէ…

Հայ զինվորներից մեկի՝ Սեյրան Բաղդասարյանի մասին իմ ասելիքն ուզում եմ ավարտել Ցիցերոնից մեջբերում անելով, որովհետև հենց Սեյրանի նմաններն են մեզ ցույց տալիս հայրենիքի տեղն ու արժեքը. «Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր մարդ արմատներ գցի հարազատ հողում»։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ
թոշակառու ուսուցիչ
ԼՂՀ, գ. Մեծ Թաղեր

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Ճակատագրեր


28/11/2012