Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԵՐԸ ՀՍԿԱՅԱԿԱՆ Է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»



«Մանկավարժ լինելն ամենապատվաբեր մասնագիտությունն է. չկա մի ոլորտ, որտեղ մանկավարժի դերակատարումն ընդգծված չլինի: Մանկավարժական համալսարանի դերը հսկայական է մեր ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում`այդ թվում նաև հայոց բանակի կազմավորման գործում: Արցախի ազատագրմանը մասնակցած մանկավարժականի կամավորական ջոկատների և բուհի շրջանավարտներ Մովսես Գորգիսյանի, Մեխակ Մեխակյանի, մյուս 11 հերոսների մասնակցությունը պատերազմին շրջեցին պատմության անիվը: Այսօր էլ բուհը պատմական, ճանաչողական այցերի միջոցով անում է ամեն ինչ` ապագա սերնդի ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար»,-ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ նոյեմբերի 15-ին ԵՊՄՀ-ի գիտխորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Շնորհավորելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին` նախարարը նկատեց, որ մանկավարժությունն ու ռազմարվեստը շատ նմանություններ ունեն, հայ մանկավարժներն այսօր էլ ծառայում են հայոց բանակում, զբաղեցնում բարձր պաշտոններ և իրենց գրագիտությամբ, նվիրումով ու գործունեությամբ չեն զիջում կադրային սպաներին: Պաշտպանության նախարարը նշեց, որ պաշտպանության, կրթության և գիտության նախարարների հրամաններով հանրապետության բոլոր դպրոցները կցված են զորամասերին, որպեսզի զինվորը չմոռանա իր դպրոցը և մշտապես կապ պահպանի դպրոցի մանկավարժների հետ. «Բացի դրանից, երիտասարդները մշտապես պետք է մուտք ունենան զորամասեր` հայրենիքի պաշտպանությանը նախապատրաստվելու համար»: Ըստ նախարարի, երկու ոլորտների սերտ համագործակցությունը համատեղ կազմակերպվող մի շարք ռազմահայրենասիրական միջոցառումների շնորհիվ նպաստում է պաշտպանության համակարգի ամրապնդմանն ու առաջընթացին: Սեյրան Օհանյանը պատասխանեց բանակի հրամանատարության կրթական որակին, սահմանների պաշտպանությանը վերաբերող գիտխորհրդի անդամների հարցերին եւ ընդգծեց, որ հայկական բանակի կարգապահության մակարդակը տարեցտարի բարձրանում է. «Այդ տեսանկյունից 2011 թվականը մեզ համար ամենահաջողն էր»,- նշեց նախարարը` հույս հայտնելով, որ 2012 թվականը զինված ուժերի համար կարգապահության առումով չի զիջի նախորդ տարվա ցուցանիշներին: Որպես դրական միտում նախարարը նշեց հայկական բանակում կորուստների թվի նվազումը եւ ասաց, որ 2012 թվականին նախորդ տարվա համեմատ արտակարգ պատահարների թիվը նվազել է:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը մեծ պատիվ համարեց Սեյրան Օհանյանի այցը. «Տարիներ շարունակ հայոց բանակի և մանկավարժական համալսարանի միջև եղել է սերտ համագործակցություն: Ամեն շաբաթ մեր ուսանողական խորհուրդը, դասախոսներն այցելում են տարբեր զորամասեր, իսկ մեր վերջին` ՀՀ կառավարության «Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» փորձնական ծրագիրը ևս մեկ անգամ ամրապնդեց այդ համագործակցությունը»,-հավելեց ռեկտորը: Հանդիպման ավարտին Ռուբեն Միրզախանյանը Սեյրան Օհանյանին հանձնեց մանկավարժական համալսարանի 90-ամյակի հոբելյանական մեդալը, բուհի պատմությունը ներկայացնող պատկերազարդ ալբոմի առաջին օրինակն ու կիրառական արվեստի բաժնի ուսանողի պատրաստած հուշանվերը: Համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ Սեյրան Օհանյանը Ռուբեն Միրզախանյանին պարգևատրեց «Անդրանիկ Օզանյան» և «Հայոց բանակի 20-ամյակ» գերատեսչական մեդալներով, ինչպես նաեւ համալսարանի գրադարանին նվիրեց իր հեղինակած «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» գրքի մի քանի օրինակ, արծաթազօծ կոմպոզիցիա, որը տեղ կգտնի համալսարանի նորաստեղծ թանգարանում:

Նախարարի հրամանով պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները եւս պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով:

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Բանակ և հասարակություն


28/11/2012