Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԱՆԳԵՐԻ ԽԱՂԱՂ ՂՈՂԱՆՋԸ



Նոյեմբերի 19-ին մեկնարկեց 2012թ. աշնանային զորակոչը։ Պաշտպանության նախարարությունը, զորակոչային հանրապետական և մարզային ու քաղաքային հանձնաժողովները ձեռնարկել են որոշակի քայլեր, որպեսզի նախորդների համեմատ հերթական զորակոչն անցկացվի ավելի կազմակերպված, օրենքի տառին ու ոգուն, ժողովրդի ու բանակի շահերին համահունչ, որպեսզի բացառվեն առողջական խնդիրներով զորակոչվածների դեպքերը, տեղաբաշխման հարցում՝ միջամտությունները, և իհարկե ապահովվի գործընթացի թափանցիկությունը։

Զորակոչի նախապատրաստության վերջին փուլում՝ նոյեմբերի 17-ին հանրապետական հավաքակայանում տեղի ունեցավ զորակոչն իրականացնող հանձնաժողովների և ծառայությունների անդամների շարային ստուգատես, որն անցկացրեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Հերթականությամբ լինելով հանձնաժողովների աշխատատեղերում՝ նա անձամբ ստուգեց-ճշտեց նախապատրաստության աստիճանը։

♦♦♦

Զորակոչի մեկնարկը տոնական հանդիսությամբ նշելը արդեն իսկ դարձել է ավանդույթ։ Երիտասարդներին բանակ ճանապարհելու էին եկել պաշտպանության նախարար, զորակոչային հանրապետական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը, Արմավիրի մարզպետ, մարզային հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղահրամանյանը, պաշտպանության նախարարության և ԶՈՒ, մարզպետարանի ղեկավար աշխատողներ, բարձրաստիճան սպաներ, համայնքապետեր, մանկավարժներ, մշակույթի գործիչներ, զինակոչիկների հարազատներն ու բարեկամները։

Ժամանելով հուշահամալիր՝ նախարար Սեյրան Օհանյանը ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեց Սարդարապատի և Արցախի հերոսամարտերում զոհված հայորդիների հուշարձաններին, շիրիմներին։

Միջոցառման սկզբում Արաքս համայնքի միջնակարգ դպրոցի երգչախումբը (ղեկավար՝ Սիլվա Մնոյան) կատարեց Հայաստանի օրհներգը. «…Ահա եղբայր քեզ մի դրոշ, որ իմ ձեռքով գործեցի, գիշերները ես քուն չեղա, արտասուքով լվացի…», օրհներգի այս խոսքերը, ինչ խոսք, որպես պատգամ, խրատ, ցանկություն ու օրհնանք, ուղղված էին բանակի շարքերը համալրող զինակոչիկներին։

Այնուհետև ելույթ ունեցավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Դիմելով ներկաներին և զինակոչիկներին՝ նա ասաց.

-Այսօր սկսվում է այս տարվա երկրորդ զորակոչը, և մեր հանրապետության մի շարք մարզերում ու քաղաքներում նմանատիպ հուշարձանների տարածքներում կամ եկեղեցիներում անցկացվում են տոնական միջոցառումներ, ինչը նշանակում է, որ վերականգնվել են նախկին բարի ավանդույթները, և մենք մեր որդիներին հանդիսավորությամբ, ուրախ սրտով ենք ճանապարհում բանակ՝ համալրելու զինված ուժերի շարքերը, փոխարինելու իրենց ավագ ընկերներին։ Այստեղ անցկացվող միջոցառումն իր մեջ մեծ խորհուրդ ունի, որովհետև Սարդարապատի հուշահամալիրը խորհրդանշում է մեր հերոսական անցյալը, ազատ ու անկախ ապրելու մեր անկոտրում կամքը և մեր նորօրյա պայքարի՝ Արցախյան ազատամարտի հաղթանակը։ Քսանամյա ճանապարհ անցած հայոց բանակն ունի հերոսական պատմություն ու հզոր ոգի, այն տարածաշրջանի ամենաուժեղ, ամենակատարյալ բանակն է և իր հնարավորություններով չի զիջում աշխարհի հզոր բանակներին, և մեր երիտասարդները համալրելու են հենց այդ բանակը։

Ես, որպես նախարար և զորակոչային հանձնաժողովի նախագահ, կարող եմ վստահեցնել, որ կատարվել են նախապատրաստական բոլոր աշխատանքները։ Զորամասերում երիտասարդ համալրման համար ստեղծվել են առանձին պայմաններ, նրանց հետ ուսումնական ստորաբաժանումներում աշխատելու են զորամասերի լավագույն սպաներն ու սերժանտները։ Բանակը, զինվորական ծառայությունն անչափ կարևոր է երիտասարդ տղամարդու համար։ Երիտասարդն այնտեղ ձեռք է բերում այնպիսի կարևոր հատկանիշներ, որոնք նրան պետք են ոչ միայն ծառայության երկու տարիների, այլև ողջ կյանքի ընթացքում։ Իզուր չէ, որ բանակ ճանապարհելիս ծնողները, մեծերը նրան մաղթում են՝ «գնա՛, ծառայի՛ր ու տղամարդ դարձած հետ արի»։ Ես վստահ եմ, սիրելի զինակոչիկներ, որ դուք պատվով կծառայեք, փառքով կվերադառնաք, կծառայեք, ինչպես ձեր պապերը Հայրենական պատերազմի ժամանակ, ինչպես ձեր հայրերը Արցախյան ազատամարտում։ Ես վստահ եմ, հարգարժան արմավիրցիներ, որ մեր կապը զինվորների, նորակոչիկների միջոցով մշտական է, ու նաև վստահ եմ, որ անհրաժեշտության դեպքում մենք շատ արագ կարող ենք միավորվել ու վերածվել համահայկական հզոր բանակի։ Ձեզ բարի ճանապարհ, սիրելի՛ զինակոչիկներ, կհանդիպենք զորամասերում։

♦♦♦

Ելույթ ունեցավ և զինակոչիկներին բարի ճանապարհ, բարի ծառայություն մաղթեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը.

-Այս հիշարժան օրը այս սրբավայրից բանակ ենք ճանապարհում մեր զինակոչիկներին։ Նրանք գնում են, որ տուն վերադառնան այն տղաները, որոնց երկու տարի առաջ ենք այստեղից ճանապարհել։ Կատարեք ձեր սրբազան պարտքը, սիրելի՛ զինակոչիկներ, ծառայե՛ք հայրենիքին բարեխղճորեն ու բարձր պահեք ձեր մարզի, ձեր համայնքի պատիվն ու հեղինակությունը։ Ձեզ բարի ծառայություն։

♦♦♦

Օրհնության խոսք ասաց Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը.

-Մեր զինվորները միշտ էլ գիտակցաբար ու սրբորեն են պաշտպանել հայրենիքը, իրենց օջախը, ծնողներին։ Այս սրբագործված հողում մեր ժողովուրդը գրեթե հարյուր տարի առաջ արժանի դաս տվեց մեր թշնամիներին, և դրա մասին շատ լավ գիտեն բոլոր արմավիրցիները, վստահ եմ՝ նաև դուք, սիրելի զինակոչիկներ։ Գնալով բանակ՝ սրբորեն կատարեք ձեր պարտականությունները, սպաների կողմից տրված հրամանները։ Միմյանց հետ ծառայեք որպես եղբայրներ։ Եթե նույնիսկ մի չնչին վատ բան կա ձեր մեջ, ապա այն թողեք այստեղ ու նոր գնացեք բանակ։ Միմյանց նկատմամբ լցվեք սիրով, հարգեք միմյանց, եղեք կորովի, պաշտպանեք հայրենիքն ու ձեր հավատը, սիրով վերադարձեք ձեր ծնողների գիրկը։

Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանն աղոթեց հայրենիքի, բանակի և զինակոչիկների համար։

Այնուհետև նախարար Սեյրան Օհանյանը արմավիրցի զինվորների ծնողներին հանձնեց վերջին մի քանի օրերի ընթացքում զորամասերի հրամանատարների՝ զինկոմիսարիատներ ուղարկած շնորհակալական նամակները, որոնց հասցեատերերն էին Վահրամ Մարգարյանը, Գևորգ Ավետիսյանը, Արթուր Գինոսյանը, Արամայիս Գևորգյանը, տեր և տիկին Տիկչյանները։

♦♦♦

Միջոցառման ավարտին զինակոչիկներին հանձնվեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պատրաստած նվերները, իսկ զինակոչիկները ծաղիկներ դրեցին Սարդարապատի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձաններին։ Մեկնումից առաջ նախարար Սեյրան Օհանյանը և մարզպետ Աշոտ Ղահրամանյանը լուսանկարվեցին զինակոչիկների հետ։

♦♦♦

Էջմիածնի զինկոմ գնդապետ Հակոբ Ազարյանը և Արմավիրի զինկոմ գնդապետ Գագիկ Կարապետյանը զրույցի ժամանակ հայտնեցին, որ ժողովրդի և զինակոչիկների տրամադրությունը բարձր է, վերջիններս պատրաստակամ են ծառայելու ազգային բանակում, ուստի ծանուցում ստանալով՝ անմիջապես ներկայանում են զինկոմիսարիատներ։

♦♦♦

Զրուցեցինք նաև մի խումբ զինակոչիկների և նրանց ճանապարհողների հետ։

-Անդրանիկ Զաքարյան. Ջանֆիդա գյուղից եմ, տրամադրությունս բարձր է, գնում եմ ծառայելու։

-Արսեն Հայրապետյան. ես զինակոչիկ չեմ, ընկերոջս՝ Անդրանիկին եմ ճանապարհում, մի քսան օրից էլ ես եմ գնալու։

-Գալստյան Մովսես. Հոկտեմբերյանից եմ (խոսում է ռուսերեն), Ռյազանում եմ ապրել, եկել եմ, որ զինվորական պարտքս կատարեմ, տրամադրությունս լավ է, չէի սպասում, որ այսօր այսպիսի տոն կլինի…

-Նարեկ Վարոսյան, գյուղատնտեսական քոլեջում եմ սովորել, կծառայեմ, հետո էլ կշարունակեմ ուսումս։

-Ես Դանիելյան Վարդանն եմ, Բագարանից, ամեն ինչ կարգին է։

-Դավթյան Դավիթ, Հոկտեմբերյանից։ Առողջ տղա եմ, ո՞նց չծառայեմ։

-Մեր առաջին տղան է բանակ գնում,- ասաց Դավիթի հորեղբայրը՝ Աշոտը։ -Մենք ծառայել ենք, ինքն էլ թող ծառայի։

Նարեկ Վարոսյանին ճանապարհելու էին եկել Նվեր հորեղբայրը, հորեղբայրների կանայք՝ Անահիտը, Ծովինարը…

-Մի՛ զարմացեք, Նարեկը չորս հորեղբայր ունի, ինքը մեր մեծ տղան է։ Թող աշխարհում խաղաղություն լինի, տղերքն էլ անփորձանք ծառայեն ու տուն գան,- ասաց տիկին Անահիտը։

Ավագյան Էդիկը որդուն՝ Արթուրին էր ճանապարհում։

-Միակ տղաս է, երեկ լավ քեֆ եմ արել, որ ուրախ գնա, ուրախ էլ վերադառնա,- ասաց նա։

Էջմիածնի տարածքային զինկոմիսարիատից էին զորակոչվում Արմենակ Փանոսյանը, Արթուր Գասպարյանը, Էդուարդ Մհերյանը, Ռաֆ Հովսեփյանը։ Բոլորի տրամադրությունն էլ շատ լավ էր։

Քիչ անց զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսները շարժվեցին դեպի հավաքակայան, իսկ Սարդարապատի զանգերը շարունակում էին խաղաղ ղողանջել։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #46 (962) 22.11.2012 – 28.11.2012, Բանակ և հասարակություն


28/11/2012