ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարությունը սկսել է ստուգել օդաչուներին` պարզելու, թե արդյոք նրանք գործածո՞ւմ են սինթետիկ կանաբինոիդներ (թմրանյութի տեսակ է): Շատերն այս տեսակի թմրանյութը համարում են «անվնաս բուսական անուշահոտություն» և գործածում որպես մարիխուանայի իրավաբանորեն թույլատրելի այլընտրանք: Մինչդեռ կանաբինոիդները կարող են առաջացնել վախ, հալյուցինացիա, զառանցանք, փսխում, աչքի բիբի մեծացում և այլն:
ՌՕՈՒ ղեկավարությունը խստիվ զգուշացրել է, որ թմրանյութն օգտագործողները կարող են կորցնել իրենց կարիերան, հայտնվել բանտում, կամ էլ երկուսը միասին: ՌՕՈՒ ղեկավարությունն այս քայլին է դիմել հարկադրված` հաշվի առնելով հիվանդանոցների, թունաբանական կենտրոնների և իրավապահ մարմինների զեկույցները, որոնց համաձայն կանաբինոիդներ գործածողների թիվն ավելանում է: