Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՈՒՆԴԵՍՎԵՐԻ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ



Հոդվածի նյութը ներքին կառավարման «Innere fuhrung-ի» հարցերին առնչվող փոքրիկ հետազոտություն է` արված ԳՖՀ զինված ուժերի փորձի ուսումնասիրման ու փոխանակման համատեքստում, որում քննարկվում է Բունդեսվերի ՌՈՒՀ-երի աշխատանքների ներքին ղեկավարման կազմակերպումը համակարգում:

Գերմանիայի զինված ուժերի ռազմաուսումնական հաստատությունները մեծ դեր ու նշանակություն ունեն զինված ուժերում: Նրանց աշխատանքն իրականացվում է ներքին ղեկավարման «Innere fuhrung-ի» սկզբունքներով:

Ռազմաուսումնական հաստատություններում ուսուցումն ու պատրաստությունը նպատակաուղղված են Բունդեսվերը սպայական կադրերով ապահովելուն՝ նկատի ունենալով հասարակական, քաղաքական, իրավական և ռազմական ոլորտների անընդհատ փոփոխվող պահանջները: Ներկայացնենք գերմանական ՌՈՒՀ-երում կիրառվող ուսանելի փորձը:

ԲՈՒՆԴԵՍՎԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Բունդեսվերի հրամանատարաշտաբային ակադեմիան տեղակայված է Համբուրգում և գործում է 1957 թվականից: Այն համարվում է Կ.Կլաուզեվիցի և Վ.Ֆոն Բաուդիզի պրուսական ռազմական բարեփոխումների դպրոցի, ինչպես նաև ներքին կառավարման փիլիսոփայության հիմնադիր Գ.Ֆոն Շարնհորսի ժառանգորդն ու շարունակողը:

Գ.Ֆոն Շարնհորսի հետ միասին Կ.Կլաուզվիցը հանդիսացավ սպաների համակողմանի կրթության ջատագովը: Ռազմական տեսաբանի այս մտահղացումն իր արտացոլումը գտավ 1810թ. բացված Բեռլինյան հասարակական բաց դպրոցում: Դպրոցի բացման ժամանակահատվածը համընկավ Բեռլինում Վ.Ֆոն Հումբոլդտի առաջին դասական համալսարանի հիմնադրման հետ: Այդ իրադարձությունից սկսած` ռազմական արհեստավարժության և ակադեմիական-գիտահետազոտական պատրաստության միասնությունը դարձավ գերմանացի սպաների ուսուցման սկզբունքը: Պատահական չէ, որ սպաների պատրաստության առաջին կուրսերի ուսումնական պլաններում ներառված են ռազմական արհեստավարժություն և ընդհանուր գիտական պատրաստություն դասընթացները:

Երկրորդ համաշխահային պատերազմի ավարտից հետո ներքին կառավարման հայեցակարգի և Վ.Ֆոն Բաուդիզի գաղափարների համաձայն` զինծառայողը, որպես զինվորական համազգեստով քաղաքացի, ԳՖՀ զինված ուժերի սպա, ավելի հաճախ է հասարակությանը ներկայացվում որպես ժողովրդական (դեմոկրատական) արժեքների կրողը զինված ուժերում և գերմանական հանրության մեջ:

1974թ. հրամանատարաշտաբային ակադեմիան դարձավ ԳՖՀ կենտրոնական բարձրագույն ուսումնական հաստատությունը, քանզի ձեռնամուխ էր եղել ներքին կառավարման կարևորագույն գործառույթի` Բունդեսվերի ավագ սպաների պատրաստման ու վերապատրաստման գործառույթի իրականացմանը:

Ակադեմիայի գլխավոր խնդիրը կապիտան-գնդապետ կոչումով սպաների պատրաստությունն ու նրանց գիտելիքների (հմտությունների) կատարելագործումն է` առավել բարձր հրամանատարաշտաբային օղակում պաշտոնավարելու համար: Ուսումնական գործընթացի և սեմինար պարապմունքների հիմնական ուղղվածությունը` ռազմական արհեստավարժության, սոցիալ-հումանիտար առարկաների, ներքին կառավարման սկզբունքների և մեթոդների, անվտանգության քաղաքականության ուսումնասիրումն ու ուսուցանումն է:

Հրամանատարաշտաբային ակադեմիան ենթարկվում է Բունդեսվերի գլխավոր շտաբի պետի /գլխավոր տեսչի/ տեղակալին և կազմված է 3 բաժիններից:

Ուսումնական գործընթացը ղեկավարում է ակադեմիայի պետի տեղակալը (ուսումնական կուրսերի տնօրենը)` բրիգադային գեներալի զինվորական կոչումով:

Նա ղեկավարում է ավագ սպաների պատրաստության նախնական դասընթացը, գլխավոր շտաբի և ՌԾՈՒ-ի շտաբի սպաների, գործառնական ու մասնագիտական դասընթացները: Որպես կանոն՝ դասընթացներում ուսանում են 600 ունկնդիրներ, այդ թվում նաև՝ շուրջ 100 օտարերկրյա սպաներ /2004 թվականից նաև ՀՀ ԶՈՒ կողմից/:

Ուսումնական բաժինը բրիգադային գեներալի ղեկավարությամբ իրականացնում է դասընթացների ու պարապմունքների ուսումնամեթոդական փաստաթղթերի պատրաստումը, դասավանդման որակի ու մեթոդիկայի հսկողությունը: Նրան են ենթարկվում 6 մասնագիտական ամբիոններ, մարզական ու լեզվաբանական կենտրոններ:

Ներքին կառավարման առումով ակադեմիայում կենտրոնական տեղ են զբաղեցնում զինված ուժերի քաղաքական անվտանգության, կառավարման ու մենեջմենթի, սոցիալական գիտությունների ամբիոնները:

Հրամանատարաշտաբային ակադեմիայում աշխատում են ավելի քան 100 զինվորական և 20 քաղաքացիական դասախոսներ: Հրավիրվում են նույնքան դասախոսներ, գիտնականներ, զինված ուժերի, այլ կազմակերպությունների և հիմնարկների ներկայացուցիչներ` երկրի ներսում և արտերկրում տիրող արդի անցուդարձների մասին սովորողներին իրազեկելու նպատակով:

Ակադեմիայի վարչական ղեկավարումն իրականացնում է շտաբը` գնդապետի զինվորական կոչումով շտաբի պետի գլխավորությամբ: Շտաբի կազմում ներառված են կադրերի, անվտանգության, թիկունքի բաժինները: Շտաբին են ենթարկվում նաև բուժծառայությունն ու վարչական բաժինը:

Միջազգային շփումների համակարգումը և ուսուցանման պլանավորումն իրականացնում է օպերատիվ ու մարտական պատրաստության բաժինը: Ակադեմիայում ներքին կառավարումը կազմակերպվում է հետևյալ դիդակտիկ-մեթոդական հիմունքներով: Դիդակտիկ հիմնախնդիրների լուծում` ուսուցման այլընտրանքային մեթոդների կիրառմամբ, հիմնարար (բազային) գիտելիքների առավելագույն ձեռքբերում` ուսումնական նյութի ազատ ընտրության սահմանափակմամբ, ուսուցման անհատական ծրագրերի իրականացում` ունկնդիրների ինքնուրույն աշխատանքի միջոցով, օտար լեզուների ուսումնասիրում` ունկնդիրների լեզվական իմացությունը կատարելագործելու նպատակով, մարզական պատրաստություն` ֆիզիկական նորմացույցների ամենամյա հանձնմամբ և թեստերի կատարմամբ, ուսումնական ուղևորություններ ԳՖՀ և արտասահմանի ռազմական, քաղաքական, պետական հաստատություններ ու հիմնարկներ, ուսումնական դասընթացների ավարտին յուրաքանչյուր ունկնդրի գրավոր որակավորման և թեստավորման միջոցով մատուցվող նյութի յուրացման գնահատում:

Հրամանատարաշտաբային ակադեմիայում ուսուցման գլխավոր նպատակներն են`

Սովորողների շրջանում զարգացնել հասարակության ու զինված ուժերի միջև սերտ կապի կարևորության գիտակցումը, բացահայտել հանրային, քաղաքական ու տեխնոլոգիական գործընթացների ազդեցությունը Բունդեսվերի վրա, վերլուծել դրանք, հաշվի առնել հնարավոր փոփոխությունները և ծառայեցնել դրանք զինված ուժերի ներքին կառավարման սկզբունքների կատարելագործմանը:

Զարգացնել քաղաքական անվտանգության, ռազմավարական տեսության, ինչպես նաև կոնֆլիկտային տարբեր իրավիճակների գնահատման, զինված ուժերի օգտագործման անհրաժեշտության և եղանակների մասին եզրահանգումներ անելու ունակությունը:

Կատարելագործել զինված ուժերի մարտական կիրառման սկզբունքների ու մեթոդների իմացությունը` հաշվի առնելով նյութական հնարավորությունները, ինչպես նաև զինված ուժերի և այլ երկների բանակների ներուժն ու հնարավորությունները:

Բարձրացնել ազգային ու ինտերնացիոնալ (միջազգային) շահերի` հատկապես ՆԱՏՕ-ի, համաձայնեցմանը միտված, ինչպես նաև խաղաղ ու պատերազմական ժամանակահատվածում շտաբային աշխատանքի բոլոր մակարդակներում վարչական գործունեության ղեկավարման ու համակարգման, ինքնուրույն որոշումներ նախապատրաստելու, հրամաններ արձակելու և դրանց հիման վրա կոնկրետ միջոցառումներ իրականացնելու, վերահսկելու ունակությունները:

(շարունակելի)

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #47 (963) 2911.2012 – 5.12.2012, Ռազմական


05/12/2012