Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇՈՒՆԸ ՔԱՐԵԳԱՀԻ ԴՊՐՈՑՈՒՄ



Մեծ Իշխանասարի ու Ծղուկի գագաթներն արդեն ճերմակել են. ինչպես ասում էր մայրս՝ արդեն խեղդ աշուն է: Թեև օրերը ցրտել են, կարճացել, երբեմն էլ անձրև է մաղում, իսկ մառախուղը պատում է դաշտ ու անտառ, այնուամենայնիվ աշունը մարդու հոգի է գերում: Այս աշնանն էր նվիրված Քարեգահի միջնակարգ դպրոցում կայացած ցերեկույթը, որի հերոսները կրթօջախի աշակերտներն էին:

Հակարի գետի ձախափնյա լանջերին գտնվող գյուղի դպրոցը առաջիններից է Քաշաթաղի շրջանում և այժմ ունի 40 աշակերտ ու 22 ուսուցիչ: Բոլորն էլ մասնակցեցին աշնանային ցերեկույթին, որը բաղկացած էր երկու մասից՝ տարրական դասարանների աշակերտների ելույթ և ինտելեկտուալ մրցույթ-վիկտորինա: Օրը տաք էր, ուստի միջոցառումը դրսում կայացավ: Առաջինն իրենց ողջույնի խոսքն ասացին 2-4-րդ դասարանների աշակերտները՝ երգ ու բանաստեղծություններ նվիրելով աշնանը, աշնանային բարիքներին: Հնչեցին հանելուկներ, եղան պատասխաններ: Ավելի գեղեցիկ և ուշագրավ էին փոքրիկների հեղինակած ու ընթերցած շարադրությունները, որոնք դարձյալ իրենց մեջ էին ընդգրկել աշնան գույները: Ինտելեկտուալ մրցույթին (բաղկացած 2 մասից՝ 10 և 5 հարցերով) մասնակցեց 3 թիմ՝ յուրաքանչյուրում 5-10-րդ դասարանների 8-ական աշակերտ: Թիմերը կրում էին Հայոց Եռագույնի անունները՝ Կարմիր, Կապույտ և Ծիրանագույն: Խաղը գնահատող հանձնախմբի նախագահը դպրոցի տնօրեն Վոլոդյա Գալստյանն էր, անդամները՝ շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյան, փոխտնօրեն Արմիկ Վահանյան, ուսուցչուհի Արմինե Հակոբյան և տողերիս հեղինակը:

Կազմակերպիչ Ալվարդ Գևորգյանը ներկայացրեց խաղի պայմանները, և առաջինը հնչեց ողջույնի խոսքը՝ «Աշունն իմ աչքերով» թեմայով: Յուրաքանչյուր թիմ հանդես եկավ աշնանը նվիրված բանաստեղծությամբ. բնական է՝ ինչ աշուն, առանց Տերյանի գործերի: Երեք թիմերն էլ կարդացին մեծ պոետի բանաստեղծություններից։ «Ծիրանագույն» թիմը նաև բեմականացրեց «Միայնակ տերևը» փոքրիկ մի գործ, որի հեղինակը թիմի անդամ Սոնան էր 10-րդ դասարանից: Հարցերը վերաբերում էին տարբեր բնագավառների՝ պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա, ֆիզկուլտուրա և այլն. այնուամենայնիվ, հիմնականը հայրենի երկրի ճանաչողությանն էր նվիրված:

58 միավորով մրցույթի հաղթող ճանաչվեց «Ծիրանագույն» թիմը, մեկ միավոր պակաս վաստակեց «Կապույտ» թիմը, իսկ «Կարմիրը» բավարարվեց 40-ով: Գնահատվեց նաև աշակերտների՝ աշնան բարիքներով ձևավորած սեղանները: Մարդկային կերպարանք առած դդումով ավելի հետաքրքիր էր «Ծիրանագույնի» սեղանը: Միջոցառումն ավարտվեց Արցախի օրհներգով: Մանկական շուրթերից հնչած երգի ելևէջները հասան գյուղի դիմաց գտնվող Հոչանց սար, որի ազատագրման համար շատ հայորդիներ նահատակվեցին:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #47 (963) 2911.2012 – 5.12.2012, Բանակ և հասարակություն


05/12/2012