Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ



«Եթե ընկնեմ Հայրենիքիս պաշտպանության դիրքերում (զի առանց զոհ չիք հաղթանակ), ապա այն ժամանակ, սիրելի ընկեր, Դուք կպատմեք իմ բալիկներին, իմ բոլոր ծանոթ և անծանոթ բարեկամներին, որ Թաթուլ Հուրյանը իր ժողովրդի պատիվը, իր Հայրենիքը ամեն ինչից բարձր էր դասում և զոհվեց դրա համար…»,-գրում է Սուրմալու գավառի Թեջրլու գյուղում, շինականի ընտանիքում 1912 թվականին ծնված բանաստեղծը: Նոյեմբերի 21-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Հայրենական պատերազմում զոհված բանաստեղծ Թաթուլ Հուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշ երեկո: Միջոցառմանը ներկա էին գրական գործիչներ, մայրաքաղաքային գնդի սպաներ, Արմավիրի մարզի Արազամփ գյուղի Հուրյանի անունը կրող դպրոցի աշակերտներ, որ ներկայացրին գրողի պոետական տողերը:

Թաթուլ Հուրյանը (Խաչատրյան 1912-1942թթ.) 1920-ական թվականների վերջերին հայաշատ Բաքվում սկսել է իր պոետական կենսագրությունը։ Այդ շրջանում Եղիշե Չարենցը Բաքվում վարում էր հայերեն «Կոմունիստ» թերթի գրականության եւ արվեստի բաժինը, որտեղ էլ Թաթուլն աշխատանքի անցավ: Չարենցի մկրտությամբ նա դարձավ Թաթուլ Հուրյան: Մեծն բանաստեղծի խմբագրմամբ 1931 թվականին լույս տեսավ Հուրյանի առաջին գրքույկը` «Հողի արյունը»: Մինչև Հայրենական Մեծ պատերազմը Թ.Հուրյանը հրատարակեց չորս գիրք:

ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը ներկայացնելով գրողի ստեղծագործությունները` նշեց, որ Հուրյանը մաքուր, քնարական բանաստեղծ էր. «Մեծ է հատկապես «Ֆրիկ» դրամայի գեղարվեստական արժեքը, խորն է նրա բովանդակությունը և դաստիարակիչ: Այդ չափածո դրամայում նա երգեց անարդարության դեմ ծառացած միջնադարյան անհաշտ երգչին: 1943-44թթ. թատերաշրջանում նրա բեմականացումը Բաքվում շահեց խստապահանջ և բազմահազարանոց հանդիսականների համակրանքը, սակայն Հուրյանն արդեն չկար. զոհվել էր սևաստոպոլյան ահեղ մարտում` 1942 թվականի հունիսի 21-ին: Երիտասարդ բանաստեղծը կամավոր էր գնացել ճակատ»,- ասաց Ավիկ Իսահակյանը:

Իր ստեղծագործությունները ռազմադաշտից ուղարկելով Բաքվի «Կոմունիստ» հայկական թերթին` բանաստեղծը գրում է.«Սևաստոպոլի պարիսպների տակ դաժան մարտեր են գնում, որ ո՛չ գրել կարելի է, ո՛չ պատկերացնել, տեսնել է միայն պետք և ապրել: Այս բանաստեղծությունները գրվում են մեծ ջանքով, մահվան թևի տակ, ամենադաժան բախումներում»: Հուրյանի սևաստոպոլյան բանաստեղծությունները, ըստ ներկաների, տոգորված են լավատեսությամբ և հագեցած հումանիզմով, նրանցից պատերազմի, ծխի, վառոդի և ռումբի հոտ է գալիս: Պատերազմը Հուրյանին ստեղծագործելու նոր լիցք տվեց` իրական պատկերներ և հրապարակախոսական կիրք:

Պատերազմից հետո բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են մի քանի լեզուներով: Հայրենական մեծ պատերազմում ցուցաբերած սխրանքների համար Թաթուլ Հուրյանը ետմահու /1968թ./ արժանացել է Հայաստանի կոմերիտմիության դափնեկրի կոչմանը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #47 (963) 2911.2012 – 5.12.2012, Հոգևոր-մշակութային


05/12/2012