ՎԵՐԱԴԱՐՁ՝ ԱՐԾՎԻ ՃԱԽՐԱՆՔՈՎ…
Չորս քույր ենք, մեկ եղբայր։ Բացի եղբորիցս ու մի քրոջիցս երեք քույրերով ապրում էինք գյուղում։ Ամեն մեկս ուներ իր օջախը։ Հայրս պահեստի մայոր էր, մասնակցել էր Հայրենական մեծ պատերազմին։ Հայրենասեր մարդ էր։ Գյուղի կոլտնտեսության նախագահն էր։ Անընդհատ կռիվներ էր տալիս գյուղը շրջապատած 25 ադրբեջանական գյուղերի բնակիչների հետ։ Մի տեղ տրակտորն էին մտցնում ու սկսում վարել մեր գյուղին պատկանող արտերը, մի այլ տեղից անասուններն էին քշում մեր արոտավայրերը։ Հայրս դեմ էր կանգնում, ծեծում հետ էր ուղարկում։ Իսկ նրանք էլ փախչում էին ու հետ նայելով ասում.
-Միևնույն է, գյուղը, հողերը մերն են լինելու։
Մայրս հայոց լեզու, գրականություն էր դասավանդում դպրոցում։ Բարի էր, անչափ բարի։ Կողքի գյուղերից թրքուհիները գալիս մեր գյուղից առևտուր էին անում, ապրանքներ փոխանակում։ Մի անգամ հայրս հանդից տուն է գալիս ու տեսնում է մեր թախտին նստած մի թրքուհու։ Բարկանում է մորս վրա։ Ձայնից թրքուհին հարցնում է՝ ի՞նչ է եղել։ Հայրս գնում գրապահարանից Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» գիրքն է բերում ու բացելով կարդում է թրքուհու համար այն էջը, որտեղ թուրքերը հղի հայ կնոջ որովայնը պատռում ու դուրս են բերում երեխային։ Թրքուհին նենգ հայացքով անխոս հեռանում է…
Եվ այսպես ապրում էինք, դիմագրավում։ Մեր գյուղը հիմնադրվել է 1845-ին։ Եկել են Չորաթան գյուղից։ Զբաղվել են այգեգործությամբ, գորգագործությամբ։ Գյուղում եղել է 750-800 ընտանիք, 4500 բնակիչ։ 1992-ի օգոստոսի 8-ին մեր գյուղը մնաց թշնամուն։ Զոհվեցին հայոց նորաստեղծ բանակի 12 զինծառայող, 7 հոգի էլ մեր գյուղից, իսկ 4-ը անհետ կորած են։ Կյանքի գնով փրկեցին 4500 խաղաղ բնակիչների կյանքը։ Արդեն ինձ թվում է, պարզ է, թե խոսքը որ գյուղի մասին է։ Խոսքը իմ ծննդավայր Արծվաշենի մասին է։ Գյուղի առաջին վիրավորը եղավ տղաս՝ Հայկը։ (Ունեմ 4 երեխա՝ 2 աղջիկ, 2 տղա, 5 թոռ)։ Առաջին կարգի հաշմանդամ է, ունի 3 երեխա։ Մյուս որդիս՝ Հրայրը, պայմանագրային զինծառայող է, դասակի հրամանատար։ Ունեն մեդալներ, պատվոգրեր։ Հայկս պատերազմի մասնակցի մեդալ ունի։ Երբ Հայկս վիրավորվեց, արդեն մութն ընկել էր։ Շտապօգնության մեքենայով, երբ փորձում էինք դուրս հանել, վարորդը իջավ ղեկից, փախավ։ Վիրավոր որդիս դիմեց ինձ.
-Մա՛մ, որ թշնամին գա՝ կկրակես, չթողնես գերի տանի։
Գյուղի բոլոր կին ու տղամարդ տիրապետում էինք զենքին։ Ես ավտոմատը պատրաստ պահեցի։ Վիրավոր տղայիս գրկած սպասում էի… Մեքենան նշանառության տակ էր, անընդհատ կրակում էին։ Մեկ էլ լսեցի Գոքորի ձայնը (Գոքորը Երևանից եկել-միացել էր գյուղը պաշտպանող տղաներին)։ Մեքենայի լույսերը անջատեց, որ ադրբեջանցիները չտեսնեն, ու էդպես կամաց-կամաց դուրս եկանք։ Գոքորը փրկեց տղայիս կյանքը։ Այդ օրերին քանի՜-քանի մարդ հերոսացան, որոնց մասին ոչ մեկը չգիտի, չի ճանաչում։ Երիցյան Սերգեյը հիմա ապրում է Դրախտիկում, երեք երեխա ունի, անտուն է, պատերազմի մասնակցի տոմս չունի։ Մեր գյուղի հովվի տղան էր։ 11 զինվորի կյանք փրկեց։ Հանեց շրջափակումից։ Սերգեյը նրանց թաքցրել էր կաղամբների մեջ, իսկ գյուղ մտած ադրբեջանցիներն արդեն թալանում էին գյուղի տները, կաղամբի արտից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող մթերային խանութն էին թալանում 60-ից ավելի զինված թալանչիներ։ Զինվորներից մեկն ընկել էր հիստերիայի մեջ։ Անընդհատ ուզում էր կրակել։ Մի կերպ համոզելով, 3 օր ու գիշեր թաքցնելով, դուրս է բերում։ Սերգեյը տեղանքին լավ ծանոթ է։ Դուրս է բերում երկու թուրքերի գյուղերի արանքով։ Այդ ընթացքում կերակրել է խոտաբույսերով, որոնք իրեն ծանոթ էին դեռ մանկությունից… Ինքն էլ ոտքից վիրավոր է եղել…
Հիմա այդ զինվորներից մեկի կնքահայրն է, մեկի հարսանիքի քավորը։ Տղաները չեն մոռանում իրենց փրկիչին։
Դժվարին օրեր էին, անգամ հիշելը ծանր է։ Սակայն ուզում եմ պատմությանը թողնել Արծվաշենի մեր գյուղի կանանց կատարած սխրանքները, հերոսությունները։ Կարճ, համառոտ, որպեսզի չկորչեն, մնան, որովհետև վաղ, թե ուշ նորից Արծվաշենը մերն է լինելու, և այնտեղ ապրողները պետք է իմանան իրենց գյուղի հերոսներին…
…Ղանադյան Ծաղիկի (Տատ ենք ասում) տղան՝ Ժորան, տանկիստ էր։ Պոստը գտնվում էր իրենց տան վերևում։ 2 տարի պոստի տղաներին պահեց Ծաղիկ տատը։ Տղան իջնում էր դիրքերից տուն, ասում.
-Ա, Ծաղ, մի երկու հավ մորթի տանեմ՝ տղերքը քաղցած են։
Մեկ ուրիշ անգամ.
-Ա, Ծաղ, բաղարջ, գաթա, լավաշ թխի տանեմ տղերանց։
Ոչ մի անգամ Ծաղիկ տատը չտրտնջաց։ Դեռ հակառակը՝ մինչ տղայի տուն գալը արդեն ամեն ինչ եփում-պատրաստում էր.
-Մենակ էս մեր շենը տուք պահեք, բալեք…
Ոնց կմոռացվի Լիդա Լազարյանի և իր ամուսնու՝ Վալերիի արարքը։ Գյուղի մթերային խանութում էին աշխատում։ Ամեն անգամ Վալերին իր «Նիվան» լիքը բարձում էր սիգարետ, ուտելիք, խմիչք և հասցնում դիրքեր։ Երբ տղաները փորձում էին հրաժարվել, ամուսինները նեղանում էին՝ ձեր գործը չէ, մենք փակել ենք հաշիվները։
Մուսայելյան Լիդան հիմա Այգուտում է դաս տալիս։ Մեր գյուղի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին էր։ Բուժքույր Մկրտչյան Ամալյայի հետ ձեռքներին ավտոմատ, դեղորայք ուսերից կախ շրջում էին դիրքերով մեկ։
Մեր սիրելի ուսուցչուհի Սեդա Մելքումյանը Թիֆլիսից էր հարս եկել մեր գյուղ։ Հրաշք թխվածքներ, խմորեղեն էր պատրաստում ու որդու՝ Կարենի ձեռքը տալով ամեն օր ուղարկում էր դիրքեր։
Գյուղը շնչում էր, գյուղը պայքարում էր, բոլորը միասնական էին։
Հիշում եմ եզդի Սուրոյի երգը։ Մի բայաթի էր կանչում, մուղամ էր երգում, ու թուրքերը հմայված, հիպնոսացած լսում էին, իսկ մերոնք շրջանցում, անցնում էին նրանց թիկունք։
Գրադը աշխատում էր, ու մենք հաց էինք թխում։ Մի անգամ հորեղբորս հարսի՝ Քեշիշյան Ծովիկի հետ հաց էինք թխում։ Երբ տաշտով հացը տուն էինք տանում, մեքենան կանգնեց կողքիս՝ Գրիբոյեդովից Սամվել Գաբրիելյանն էր. ասաց.
-Կվաճառե՞ս հացը, տանեմ դիրքեր, տղերքը քաղցած են։
Ամբողջ հացը ուղարկեցի դիրքեր։ Հաջորդ օրը մի խոզ մորթեցի ու էլի ուղարկեցի տղաներին։
Արծվաշենի անկումից հետո բնակչությունն ապրում է Դրախտիկում, Շորժայում, Աղբերքում, Այգուտում, Ճամբարակում և… աշխարհով մեկ։ Ապրում են հին ցավերի մրմուռով, սակայն հույսը սրտներում։ Արծվաշենի դուստր, երգչուհի Սաթենիկ Գրիգորյանը իր հայրենասիրական երգերով միշտ ուժ է տալիս մեզ։ Հաճախ է գալիս ազատամարտիկ ամուսնու՝ Կարեն Չիլինգարյանի, երկու դուստրերի հետ։ Հանդիպում է արծվաշենցիներին, զրուցում, գոտեպնդում։ Իսկ արծվաշենցին էլ պարզ ժողովուրդ է, աշխատասեր։ Եվ արդեն իսկ՝ որտեղ բնավորվել, այնտեղ էլ նոր տներ, օջախներ է շենացրել…
Վերջերս հուշարձան-կոթող-խաչքար տեղադրվեց ի հիշատակ արծվաշենցի զոհերի և գյուղի գերեզմանոցներում ննջող հանգուցյալների հիշատակին։ Արծվաշենցիները խունկ են ծխում նրանց հոգիների հանգստության համար։ Դեպի երկինք միտված բարձր կոթողին արծիվն իր հայացքն ասես մեկ Սևանին է հառում, մեկ Արծվաշենին։ Թվում է՝ նա ամեն երեկո ճախրում է հայրենի Արծվաշեն, շրջում ավերակ գյուղի, հանգստարանի վրա և առավոտյան դառնում է արծվի քանդակ և այսպես՝ հավերժ վերադարձ է նրա թռիչքը…
Էմմա Դանիելյանի եղբայրը՝ Դավիթը, անհայտ կորած է։ Անցել է 20 տարի, ոչ մի լուր։
-Խաչքար դրվեց մեր գերեզմաններում ննջողների համար, որ խունկ ծխենք, մի քիչ մխիթարվենք։ Ես ի՞նչ անեմ, որտե՞ղ փնտրեմ եղբորս։ Չգիտեմ՝ ապրո՞ւմ է, կա՞, չգիտե՞մ՝ խունկ ծխե՞մ, թե սպասեմ,- ասում է քույրը ու արցունքներն առատ հոսում են աչքերից։
Ճերմակ մազերով, նիհար, տարեց մամիկը՝ Սերիկ Հայրապետյանը, հարազատ չի կորցրել ծննդավայրում, սակայն լալիս է, լալիս է անզուսպ ու դառնորեն.
-Բալես, հարազատ չեմ կորցրել, բա ինչ եմ արել։ Մեր փակ դռների բանալիները ծոցներումս դարձել են մեր հույսի ապավենը։ Այնտեղ մեր գերեզմաններն են, այստեղ մեր բողոքող, մորմոքող հոգիները,- արցունքների միջից ասում է Սերիկ տատը։
-Ապրեն հովանավորները, նրանք և մեր՝ Արծվաշենի համայնքի (ղեկավար՝ Մամիկոն Խեչոյան) հանգանակությամբ կառուցվեց այս հուշաղբյուր-հուշակոթողը։ Շնորհակալ ենք Կարեն Բոթոյանին, Ադամյան եղբայրներին, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին, բոլոր նրանց, ովքեր ձեռք մեկնեցին այս գործին, ովքեր բուժեցին մեր հոգին, սատար կանգնեցին մեզ։
Երբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եղավ մեզ մոտ, աղջիկս՝ Անժելան, որը գորգագործուհի է, մեր նախագահին նվիրեց մի գորգ, որտեղ մեր Տերունական աղոթքն է՝ Հայր մերը…
Հավատում ենք, որ մի օր հավատով և զորությամբ նորից կբացենք հայրենի գյուղի օջախները,- իր խոսքն այսպես է ավարտում պահեստի ենթասպա Էլեն Քեշիշյանը։
Գրի առավ ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
Խորագիր՝ #47 (963) 2911.2012 – 5.12.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում