Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԻԱՅՆ ԹԵ ԴՈՒ ԱՊՐԵՍ…»



«Այս գրքի հերոսները շրջափակում, երկրաշարժ, պատերազմ տեսած ու ապրած երկրի զավակներն են, մարտերում հաղթած խիզախ հայորդիներ` հայրենիքի հրամայականով զենքը ձեռքն առած այգեգործ, Արցախի մասին ֆիդայական երգեր գրող երաժիշտ, ինքնաշեն զենքեր պատրաստող ինժեներ-նախագծող, զենքեր փորձարկող զինագործների կողքին` սրտանց օգնելու պատրաստ բժիշկ, ձմռան ցուրտ գիշերներին, երբ սենյակում դույլի ջուրը սառույց էր կապում, վերարկու, ձեռնոց հագին, գյուղի դպրոցականների մաշված գուլպաներից քանդած, նախշուն թելերով հայոց մայրաքաղաքները խորհրդանշող գորգ գործող ուսուցչուհի եւ հայրենի հողի կանչով հեռուներից Արցախի ինքնապաշտպանական դիրքեր շտապող խորհրդային բանակի գնդապետ, գեներալ, Աֆղանական պատերազմում խորհրդային երկրի զինվորի պարտքը կատարող շարքային ու սպա, պատերազմական խրամատներում կազմավորվող Հայոց բանակի նորընծա զինվորներ…»,-այսպես է արձակագիր, պատմավիպասան, հրապարակախոս Աննա Պետրոսյանը ներկայացնում գրող, լրագրող, ՊՆ աշխատակազմի հրատարակչական բաժնի խմբագիր Ասպրամ Ծառուկյանի «Միայն թե դու ապրես» երկհատորյակի հերոսներին: Գիրքը 1988-2011 թթ. հեղինակի` մամուլում հրապարակված վավերագրական պատումների ընտրանին է: Այն աշխարհին հաղթողի աներեր արժանապատվությամբ ներկայանալու կոչ է ու պատգամ` ի հեճուկս թշնամյաց եւ տարաբնույթ փորձությունների:

Նոյեմբերի 27-ին Գրողների միության մեծ դահլիճում տեղի ունեցավ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված Ասպրամ Ծառուկյանի «Միայն թե դու ապրես…» երկհատորյակի շնորհանդեսը, որին մասնակցում էին Արցախյան ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների մայրեր, գրողներ, լրագրողներ, զինվորականներ, հասարակական գործիչներ: Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը իր խոսքում նշեց, որ հեղինակի գրիչը իրեն թանկ ու հարազատ է, իսկ գիրքը մեր օրերում անհրաժեշտություն է, քանի որ ժողովուրդը հաղթանակի մասին կարծես մոռացել է, եւ այն հիշեցում է, որ վերջնականապես ենք հաղթելու: Արձակագիր Հովիկ Վարդումյանն էլ ասաց. «Պատահական մարդը չէր կարող այսպես գրել, միայն` զինվորը: Գիրքը ապրեցնող է, եւ այն կարդացողը երբեք չի գնա այլ տեղ երազանք փնտրելու»:

ՀՀ հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պատկանելիության, պահպանության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանին հուզել էր հատկապես երկրորդ հատորյակի շապիկը, որի վրա իր հայրենի Դադիվանքն է պատկերված եւ իր հայրենակիցը` զոհված ազատամարտիկ Աշոտ Սարգսյանը` մտախոհ աչքերով. «Աշոտը Մարտակերտի ճակատագծի զոհված հրամանատարներից է, եւ հենց նրա խոսքով է վերնագրված գիրքը. մայրը` Տամելլա Մինասյանը, պատմում է, որ որդին չորս օր, չորս գիշեր չէր քնել եւ երբ վերադարձել էր տուն, ու ինքը կողքից տխուր նայել էր նրան, որդին, մոր հայացքին ի պատասխան, արձագանքել է. «Մամ, էդպես տխուր մի նայիր, պետք լինի, ես կզոհվեմ, թաքի (միայն թե) դու ապրես»: Այս խոսքը խորհրդանշական է, դաստիարակիչ` միայն թե դու ապրես հայ մարդ, մայր, կին»:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանն անկեղծացավ` ասելով, որ ամեն էջ կարդալիս հուզվել եւ վերապրել է պատերազմը. չէ՞ որ գրքում իր մարտական ընկերներն են, որոնցից 20-ին անձամբ է ճանաչել, հետները հաղթանակ, նաեւ դառնություն ու մահ է տեսել. «Գրողը ազնիվ է. ոչ մի շինծու, կեղծ ու անիրական կերպար չկա: Վարպետորեն ներկայացված է տղաներից յուրաքանչյուրի բնավորությունը, բացահայտված են մարդկային արժանիքները»:

Ասպրամ Ծառուկյանը շնորհանդեսը եզրափակեց շնորհակալական խոսքով եւ նշեց, որ գրքի գաղափարը ծնվել էր դեռ այն ժամանակ, երբ ինքը պատերազմի տարիներին մեկնում էր Քարվաճառ, Շուշի, Ստեփանակերտ, երբ գրում էր այն տղաների մասին, որոնք Հայաստանի տարբեր շրջաններից եկել էին մարտնչելու թշնամու դեմ. «Պարզ, խիզախ, լուսավոր տղաներ էին: Ինձ համար մեծ պատիվ էր առնչվել նրանց հետ մարտից առաջ: Նրանք սովորաբար երգում էին, ժպտում, երբեմն ինձ թվում էր` լրագրող կա, դրա համար են աշխույժ, բայց իմ մտերիմը ասաց` նրանք միշտ այդպես են գնում մարտի: Սիրում եմ իմ հերոսներին: Այդ պատմությունները գրառելիս ես մոռացել եմ ցավը եւ հիացել նրանց հերոսական ոգով ու հրացայտ հայացքներով: Հույս ունեմ, որ վաղը մեր զավակները այդ փաստական նյութը կօգտագործեն եւ ավելի հզոր գործեր կստեղծեն»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #47 (963) 2911.2012 – 5.12.2012, Հոգևոր-մշակութային


05/12/2012