ՔՆՆԱՇՐՋԱՆԸ ՍԿՍՎԵԼ Է
Ազգային բանակում սկսվեց տարեվերջյան ամփոփիչ քննաշրջանը։ Զորամասի մարտական պատրաստության աստիճանը ճշտում են պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի, զորամիավորումների ու զորամասերի հանձնաժողովները։ Հետադարձ հայացք նետելով 2012թ. ուսումնական գործընթացի, անցկացված զորավարժությունների և մարզումների վրա, կարելի է վստահաբար ասել, որ անցնող տարին զորքերի մարտունակության ամրապնդման առումով բավական արդյունավետ է։ Դեռ վաղ գարնանից բոլոր զորամասերն անցկացրին ծրագրով նախատեսված դաշտային պարապմունքներն ու զորավարժությունները։ Այդուհետև սկսվեց ՀԱՊԿ անդամ երկրների արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության նախապատրաստությունն ու անցկացումը պաշտպանության նախարարության համազորային զորավարժարանում։
Միջպետական կարևոր ռազմաքաղաքական նշանակություն ունեցող այս միջոցառմանն անմիջապես հաջորդեց հրամանատարաշտաբային ռազմավարական համաբանակային զորավարժությունը։
Ինչպես ազգային, այնպես էլ ԼՂՀ պաշտպանության բանակում շաբաթներ տևած շտաբային ինտենսիվ մարզումներին զուգահեռ կատարվեց զորահամալրում, զորամասերը ռազմերթով դուրս եկան կենտրոնացման շրջաններ, կրակային դիրքեր և անցկացրին մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ։ Զորավարժությունները, գործնական պարապմունքներն այնքան շատ էին, որ յուրաքանչյուր ստորաբաժանում՝ անձնակազմ, ջոկ ու հաշվարկ, իրեն ամրացված զենքից ու զինտեխնիկայից մի քանի անգամ կրակելու հնարավորություն ունեցավ։
ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Ամփոփիչ քննություններն առաջիններից մեկն սկսեց գնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասը։ Առավոտյան տողանից անմիջապես հետո շարահրապարակի տարբեր հատվածներում ու մարզավանում մեկնարկեցին ֆիզպատրաստության ստուգարքները, իսկ փոխգնդապետ Հ. Քեչեքչյանի դիվիզիոնի մարտկոցներից մեկը, դուրս գալով մշտական տեղակայման վայրից, շարժվեց դեպի կենտրոնացման շրջան։ Մինչ մարտկոցը ռազմերթ էր իրականացնում, մեր խնդրանքով գնդապետ Ա. Հարությունյանը համառոտակի ներկայացրեց անցնող տարվա կարևոր միջոցառումները։
-2011թ. ամռանը Գլխավոր ռազմական տեսչությունը զորամասում անցկացրել է համալիր ստուգումներ։ Արդյունքները չէին գոհացրել հանձնաժողովին, և նշանակվել էր բացթողումների ու թերությունների շտկման լրացուցիչ ժամանակ։ Այս տարվա մարտ ամսին տեսչության հանձնաժողովը կրկին անդրադարձավ այդ հարցերին և համոզվեց, որ առաջադրանքները կատարվել են, և որ զորամասը լուրջ աշխատանք է տարել թերությունները վերացնելու ուղղությամբ։ Դրանից անմիջապես հետո՝ մարտի 20-ին, դուրս եկանք ճամբարային հավաքի։ Ցերեկային ու գիշերային ծանրաբեռնված պարապմունքներն ավարտվեցին մարտավարական զորավարժություններով, դիվիզիոնների և զորամասի մարտական կրակի կառավարմամբ։ Նշանակետերը հայտնաբերվում էին անօդաչու թռչող սարքի միջոցով։ Կարող եմ ասել, որ ուսումնական գործընթացն ամբողջությամբ անցել է հաջող։
Հրամանատարական կետը բացազատվեց կենտրոնացման շրջանում, իսկ դիվիզիոնները ռազմերթ կատարեցին դեպի կրակային դիրքեր՝ առաջնագծի զորամասերի հետ կատարելու մարտական խնդիրը։ Դիվիզիոնը, փոխգնդապետ Թ. Թամրազյանի հրամանատարությամբ, տեղափոխվեց համազորային զորավարժարան և անցկացրեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն՝ ցույց տալով լավ արդյունք։
-Մեր զորամասի համար տարին իրոք արդյունավետ էր։ Ուսմանը զուգահեռ կատարել ենք մի շարք կարևոր միջոցառումներ ուսումնական բազայի կատարելագործման, ռազմական տեխնիկայի սպասարկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Այժմ ընթանում են պահակային ավանի ամբողջական վերակառուցման աշխատանքները։ Վերջերս զորամասի մի շարք սպաներ ստացան նոր բնակարաններ։ Այսօրվանից սկսվել են ամփոփիչ քննությունները, որոնք այս անգամ ինքներս ենք անցկացնում,- ասաց գնդապետ Ա. Հարությունյանը։
ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
Դիվիզիոնի հրամանատար փոխգնդապետ Հ. Քեչեքչյանի դասակն ամբողջ կազմով դիտարկման համար տեղ ընտրեց մարտավարական դաշտի բարձունքներից մեկում։ Քիչ անց զինվորները դիրքավորվեցին՝ տեղադրելով չափիչ սարքերը, պլանշետները, հեռաչափերն ու քարտեզները։ Դիվիզիոնի հրամանատարը տվեց կողմնորոշիչները։ Այդ ընթացքում կապավորները զեկուցեցին կապի հաստատման մասին, հետախույզները, հեռաչափողները, հաշվարկողները նույնպես աշխատանքային պայմաններ ստեղծելով, զեկուցեցին, որ պատրաստ են կատարել առաջադրանքները։ Բայց… հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ռ. Շահգելդյանը, որպես թերություն, նշեց քողարկման բացակայությունը և պահանջեց ստեղծել այն։ Մինչ արձակված հրամանը կկատարվեր, զրուցեցինք զինվորներից մի քանիսի հետ։
-Կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորյան։ Հաշվարկող եմ, նոր եմ ուսումնական զորամասից տեղափոխվել այստեղ։
-Փորձ ունե՞ս։
-Ուսումնական հաշվարկներ շատ եմ արել, չեմ դժվարանում։
Հետո կրտսեր սերժանտն ասաց, որ ավարտել է հայկական պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղը, և ամեն ինչ պարզ դարձավ։ Ապագա տնտեսագետի համար ղեկավարման դասակում ծառայելը պետք է որ հետաքրքիր ու հաճելի լինի։ Պարզվեց նաև, որ մյուս հաշվարկողը՝ կրտսեր սերժանտ Գևորգ Առաքելյանը, զորակոչվել է նույն՝ ՀՊՃ համալսարանից։
ԿՐԱԿԱՅԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Մինչ դիտակետում «մարտի վարմանը» նախապատրաստվելու վերջին շտկումներն էին կատարվում, մարտկոցի հաշվարկները դիրքավորվում էին կրակային դաշտում։ Մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Գրիգոր Եղիազարյանը նախ ինժեներ-սակրավորին հրամայեց ստուգել դաշտի վիճակը, ճշտելու համար՝ չկան արդյոք պայթուցիկ նյութեր, սարքեր, ականներ, այնուհետև քիմիկ-հետախույզին հանձնարարեց ստուգել օդի բաղադրությունը։ Աշխատանքը սկսեց նաև օդերևութաբանը։ Այնուհետև որոշվեց հիմնական հրանոթի տեղը, և ավագ սպա Գ. Եղիազարյանը հաշվարկների հրամանատարներին հանձնարարեց հիմնական ուղղությամբ 50 մ հեռավորության վրա տեղադրել հրանոթները և դրանք բերել մարտական վիճակի։ Հրամանը կատարվեց ժամանակին՝ չորս րոպե քսան վայրկյանում։
Նույն այս ժամանակում մայոր Ա. Հովսեփյանի ղեկավարությամբ բացազատվեց ղեկավարման կետը։ Կապի ջոկի հրամանատար սերժանտ Արմեն Մարգարյանը զեկուցեց, որ ռադիոկապը գործում է, հաշվարկողները ջոկի, հրամանատար կրտսեր-սերժանտ Վիլհելմ Եղիազարյանի ղեկավարությամբ, նույնպես պատրաստ են կատարելու առաջադրանքները։ Պատրաստ էր նաև մարտկոցի ավագ սպան իր աշխատանքային խմբով։ Եվ մինչ կավարտվեր առաջադրանքների ճշտումը, հասցրինք զրուցել մարտկոցի մարտական հաշվարկների անձնակազմերի հետ։ Կրտսեր սերժանտ Աղասի Վարդանովը շատ վստահ էր ղեկավարում հաշվարկի աշխատանքները։ Պարզվեց՝ փորձառու զինվոր է, ծառայել է մեկուկես տարի, մասնակցել է մի քանի զորավարժության։
-Վանաձորի մանկավարժական ինստիտուտում եմ սովորել,- ասաց նա։
Նշանառու օպերատոր Շիրակ Մանուկյանը շուտով զորացրվելու է։
-Վերջին քննությունս է։ Հրամանատարը խոստացել է, որ կզորացրի հենց զորակոչիս օրը, եթե մարտկոցը բարձր գնահատական ստանա,- ուրախ-ուրախ ասաց զինվորը։
Հաշվարկի համարներ շարքայիններ Տիգրան Պապինյանը և Բաղդասար Սաֆարյանը նույնպես ճամբարային հավաքների, զորավարժությունների մասնակցած զինվորներ էին։ Նրանց հետ «վերլուծեցինք» հրանոթի հնարավորությունները՝ ինչ հեռավորությամբ է կրակում, ինչպիսի արկեր են օգտագործվում, տվյալ հեռավորության համար որքան վառոդ է անհրաժեշտ և այլն։ Զրուցեցինք նաև սերժանտ Ռաֆիկ Յայլոյանի, կրտսեր սերժանտ Գոռ Հովսեփյանի, հաշվարկների այլ անդամների հետ։ Զգացվեց, որ մարտկոցի հետ բավական լավ են աշխատել կապիտան Սպարտակ Խաչատրյանը և ավագ լեյտենանտ Սասուն Սահակյանը։
ՄԱՐՏ ԱՌԱՆՑ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ
…Ամեն ինչ պատրաստ էր, և սկսվեց խնդիրների կատարումը, որը փաստորեն առանց մարտական հրաձգության զորավարժության էր նման։ Դիվիզիոնի հրամանատարի առաջադրանքները գալիս էին մինչև մարտկոցի ավագ սպա, հետադարձ ընթացքով ճշտվում և տրվում մարտական հաշվարկներին՝ ի կատարումն։ Վերջիններս, հրանոթը բերելով նշված ուղղությամբ, «տեղադրում» էին նշված արկը և զեկուցում կրակի պատրաստ լինելու մասին։
Առաջադրանքների կատարումը ստուգում էր անձամբ զորամասի հրամանատարը։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ