Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ԶԻՆԱՏԱՐ ԽՈՒՄԲԸ ՍԱՐԱՅ-ԲՈՂԱԶՔՅԱՍԱՆԻ ԵՎ ԴԵՐԻԿԻ ՄԱՐՏԵՐՈՒՄ



Սկիզբը՝ նախորդ համարում

Քրդերն այդ ժամանակ մոսին հրացանին դեռևս ծանոթ չէին, և այդ պատճառով նրա հեռահարությունը, ֆիդայիների անվրեպ հարվածները կաշկանդել են նրանց գործողությունները ու զարմանք և վախ հարուցել:

Աշնանային ցրտաշունչ օրերն էին, տեղացող առատ ձյունը, ցուրտն ու քամին մեծապես դժվարացնում էին թուրք կանոնավոր զորաջոկատների և քուրդ հրոսակախմբերի օղակներում մարտնչող հայդուկների ազատ տեղաշարժերը: Երկու օր թուրք-քրդերի բազմաթիվ գրոհները խափանելուց հետո, մարտախումբը զոհ տալով 6 մարտիկների, կռվի երկրորդ օրվա ուշ երեկոյան անկասելի հարվածով դուրս է գալիս շրջափակումից: Կռիվների ընթացքում թշնամու կողմից սպանվում են վեց աշիրեթապետներ, երեք սպա և բազմաթիվ թուրք զինվորներ ու քրդեր:

Զինախմբի մեծ մասը, որի կազմում էին նաև արմենական մարտիկները, Նիկոլի առաջնորդությամբ ազատվելով շրջափակումից, շարժվում է դեպի Աղան լեռը: Նրանք մտադրվում են ցերեկն անցկացնել լեռնալանջին, հանգստանալ և մութն ընկնելուն պես ուղևորվել Վան: Սակայն հայդուկներին հետապնդող թուրք զինվորներն ու քրդերը, իմանալով նրանց տեղը, լուսաբացին ավելի մեծ ուժերով են պաշարում խումբը: Հայդուկների դիրքերն այս անգամ անհամեմատ ավելի հուսալի էին: Քրդերը բազմիցս գրոհներ ձեռնարկելով՝ փորձում են ընկճել հայդուկների դիմադրությունը: Այս անգամ ևս մինչև մութն ընկնելը հայդուկները հաջողությամբ պաշտպանվում են: Եթե նրանց նույնիսկ հաջողվեր անսասան պահել իրենց դիրքերը, միևնույն է, գիշերն անցկացնելով լեռան լանջին, նրանք անպայմանորեն կցրտահարվեին: Այդ կացությունից դուրս գալու ելքը միակն էր. ուշ երեկոյան անսպասելի գրոհ ձեռնարկելով, ֆիդայիները ճեղքում են պաշարման շղթան ու արագորեն առաջ շարժվելով` հոկտեմբերի 26-ին հասնում Բողազքյասան հայկական գյուղը և, երկու մասի բաժանվելով, պատսպարվում գյուղի մարագներում:

Հոգնած եւ ցրտահարված հայդուկները դեռ չէին հասցրել մի փոքր հանգստանալ երկօրյա կռիվների ու ճանապարհի դժվարություններից, նորից պաշարվում են իրենց կրնկակոխ հետապնդող 300 թուրք զինվորների ու ավելի քան 1000 քուրդ համիդիեական զինյալների կողմից:

Թշնամին հայտնաբերելով նրանց թաքստոցը, չորս կողմից գնդակների կարկուտ տեղալով, նետվում է գոմերում ապաստանած ֆիդայիների վրա: Մոռանալով իրենց հոգնածությունը, քաջակորով ֆիդայիները անմիջապես ոտքի են կանգնում և համապատասխան դիրքեր գրավելով՝ անվրեպ հարվածներով հետ են մղում թուրքերի և քրդերի բոլոր գրոհները: Հայդուկների դիպուկ հարվածներից զգաստացած, քրդերը դադարեցնում են գրոհները և փորձում են տեղի հայ բնակիչների միջոցով համոզել ու սիրտ շահելով՝ հայդուկներին դուրս բերել գոմից, ընդսմին առաջարկելով. «Զինաթափ եղեք և ձեզ անվնաս, ազատ կթողնեն»: Խմբապետը պատասխանեց. – Գնա՛ հայերին ասա, որ քրդերից զատվեն, իսկ թե մենք ինչ կանենք, այդ մեր գործն է»: Հաջողության հույսը կորցրած, թշնամիները վառում են խոտի դեզերը և խուրձ-խուրձ շպրտում մարագի երդիկից ու դռնից ներս՝ փորձելով ծխի միջոցով խեղդել ֆիդայիներին և այսպիսով ստիպել, որ նրանք դուրս գան թաքստոցից:

Ի՞նչ անել. ակնթարթորեն ընկերների հետ վճիռ կայացնելով, Նիկոլը մրրիկի արագությամբ, ծխով պարուրված դուրս է թռչում մարագի դռնից, ցատկում վառվող խոտի խրձերի վրայով և ուշադրություն չդարձնելով հակառակորդի կողմից արձակվող գնդակներին, դիպուկ հարվածներով տապալելով խոչընդոտները, բարձրանում է մոտակա բլուրը: Պարզվում է՝ նրա գնդակահարածներից երկուսը քրդերի ցեղապետներն էին: Նիկոլի անհավատալի քաջագործությունից ապշահար, քրդերը նրան անվանում են Դուման՝ այսինքն մառախուղ, փոթորիկ կամ Ղարա Դուման (սև մառախուղ, փոթորիկ): Այստեղից էլ նրա Դուման մականունը: Հովսեփ Արղությանի տեղեկացմամբ` «Երբ կրակն ու բոցը ծածկում են տան չորս կողմը, Նիկոլը, հրացանը ձեռքին, դուրս է գալիս քրդերի միջից և հենց դռան առաջ հրացանի երկու հարվածով ցած է գլորում շամսիկցիների ցեղապետներին՝ Շաուշին և Ջնդիին: Ապա մեն-մենակ հրացանի է բռնում ղոլամներին և 10 քուրդ նորից սպանում: – Ավա մրով նինա, ավա դուման ա (սա մարդ չէ, սա դուման- փոթորիկ է) ասում են քրդերը և երգեր են հյուսում Դումանի քաջության մասին»:

Հայդուկները նույնպես արագորեն դուրս են թռչում մարագներից, հայդուկապետի աջակցությամբ պատռում մարագների չորս կողմը սփռված թշնամու շղթան ու կտրվելով հակառակորդից` հասնում Հաղթադաղ լեռը և դիրքեր գրավում լեռան բարձունքներում: Հայդուկների սրընթաց գրոհից ու ցեղապետների վախճանից շփոթահար թշնամին սթափվելով և նորից հետապնդելով հայ մարտիկներին` պաշարում է լեռը: Շուտով մարտադաշտում է հայտնվում մի քանի հարյուր զինվորներից բաղկացած թուրքական ևս մի նոր զորամաս: Մի քանի ժամ ընթացող կռիվներում ոչնչացնելով բազմաթիվ թուրքերի ու քրդերի` մարտախմբին հաջողվում է մութն ընկնելուն պես խուսափել թշնամու հետապնդումներից և բարեհաջող հասնել Վան:

«Դրօշակին» հասցեագրված թղթակցություններում, անդրադառնալով Սարայ-Բողազքյասանի հերոսամարտերի մանրամասներին և արժևորելով թշնամու վրա Դումանի կռիվների գործած տպավորությունները` Ռոստոմը նշում է. «Այդ խմբի քրդերի վրա թողած ահագին տպավորության և սարսափի մասին գաղափար կարելի է կազմել այն երգերից, որ հորինել են Սոմայի քրդերը: Այդ երգերի մեջ գովաբանում են այդ «չտեսնված կտրիճներին», մանավանդ մեկին՝ երկար հասակով, սև միրուքով, որի գնդակները միշտ ճակատին էին կպչում: Դրան քրդերը մկրտել են «Դուման» անունով…»:

(շարունակելի)

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #48 (964) 6.12.2012 – 12.12.2012, Պատմության էջերից


07/12/2012