Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԱՅՔ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ



Մանկավարժությունն այն գլխավոր երակներից էր, որն արդեն 1991-92թթ. սնում էր Արցախի բանակը։ Մաթեմատիկայի, ֆիզիկայի, պատմության, հայոց լեզվի ու գրականության ուսուցիչները, համալրելով ձևավորվող զորամասերի սպայական կազմը, շատ արագ յուրացնում էին ռազմարվեստի նրբություններն ու դառնում հաշվարկողներ, հրետանավորներ, զենիթահրթիռային կայանքների մասնագետներ, անձնակազմերին ոգեշնչող փոխհրամանատարներ… Ժամանակի հետ կադրային քաղաքականությունը դրվեց ամուր հիմքերի վրա, ու թեպետ զինվորական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ներհոսքը նույնիսկ մրցակցություն ապահովեց հրամանատարական աշխատանքում, սակայն կապը դպրոցների հետ այսօր էլ շարունակվում է, ու ավելի շատ կանայք են դպրոցից գալիս զորամաս։ Այլ կերպ չի էլ կարող լինել, որովհետև ինչպես կյանքում, տնտեսության մյուս բնագավառներում, բանակում էլ չափազանց կարևոր է կնոջ դերը։ Այստեղ էլ կան գործունեության բազմաթիվ ոլորտներ, որոնք կնոջ ձեռք, կնոջ հոգատարություն, համբերատարություն ու խնամք են պահանջում։

Պաշտպանության բանակի միավորումներից մեկի շտաբում են ծառայում ենթասպա Վեներա Օհանջանյանը և շարքային պայմանագրային Նունե Գրիգորյանը։ Երկուսն էլ նախկին մանկավարժներ են. Վեներան՝ հայոց լեզվի և գրականության, Նունեն պատմության մասնագետ է։ Դասավանդել են Հադրութի դպրոցում։

-Մենք չենք դիմել հրամանատարությանը, նրանք են մեզ հրավիրել ծառայության։ Ես, լինելով զինվորականի կին, գիտեի, որ գործը ծանր է, աշխատատար, բայց «բանակին» ոնց մերժես, համաձայնեցի,- ասում է ենթասպա Վ. Օհանջանյանը։ Ի դեպ, նրա ամուսինը՝ մայոր Վոլոդյա Սամվելյանը, ազատամարտի մասնակից է և այժմ գտնվում է պահեստազորում։

-Ես զորակոչվեցի, ինքը՝ զորացրվեց,- ծիծաղում է Վեներան և ավելացնում,- հրետանավոր էր, լավ հրետանավոր…

Շուրջ մեկ ամիս զորամիավորումը դաշտային պայմաններում հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժություն էր անցկացնում։ Երկու կանայք էլ սկզբից մինչև վերջ, առանց որևէ դժգոհության տարան զորավարժության ծանրությունը՝ ամեն օր իրականացրին բազմաթիվ առաջադրանքներ ու հանձնարարություններ։

-Արդեն սովորական է դարձել, տարվա մեջ մի քանի անգամ տասը, քսան օրով, մեկ ամսով «մոռանում» ենք մեր տուն ու տեղը…

Նունեն ունի մեկ աղջիկ, իսկ Վեներան՝ երկու տղա և մեկ աղջիկ.

-Տղաներս երկուսն էլ ծառայել են, մեկը տանկիստ է եղել, մյուսը՝ հետախույզ, գիտեն՝ ինչ է բանակը, զորավարժությունը ու չեն դժգոհում,- ասում է Վեներան ու ընկնում մտածումների մեջ։ Քիչ լռելուց հետո շարունակում է։ -Կարևորը խաղաղությունն է։ Գիտեք, թե ինչ ծանր օրեր ենք ունեցել։ Երբեք չեմ մոռանա 1992թ. մայիսի վեցը։ Հադրութը ռմբակոծվում էր, անընդհատ, անվերջ, ու ինձ տեղափոխել էին հիվանդանոց՝ ծննդաբերելու։ Ամուսինս էլ դիրքերում էր, ես շոկի մեջ էի։ Մի կերպ իջեցրին նկուղ, ու այնտեղ ծնվեց երկրորդ տղաս… Ի՜նչ օրեր էին, ո՞նց դիմացանք, ո՞նց ապրեցինք…

-Կարևորը առաջադրանքի ճիշտ կատարումն է։ Մենք չունենք սխալվելու իրավունք,- ասաց Նունեն ու շարունակեց,- մենք մեր գործից բավականություն ենք ստանում, մանավանդ, երբ հրամանատարի գովեստին ենք արժանանում։ Այդ ժամանակ հասկանում ենք, որ զորքի համար մեր գործն էլ, մենք էլ կարևոր ենք։ Ծառայող կինը պարզապես կին չէ…

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Ազգային բանակ


14/12/2012