ԲԵՄՈՒՄ ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐՆ ԷԻՆ…
Մ. Մանուշյանի անվան N 48 հիմնական դպրոցի դահլիճը նորից մարդաշատ էր՝ նորից պատանի մոնթեականներն էին բեմում, որոնց պատրաստած ներկայացումը այս անգամ նվիրված էր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքի դրվագներին։
Կյանքում միայն մեկ անգամ՝ հարսանիքի օրը կոստյում հագած ու փողկապ կապած Մոնթեի լուսաշող կերպարն էր, որ շողարձակ հայացքով, ասես, գուրգուրում էր հարսնաքողը։ Օդում կախված էր զուռնայի խրոխտ նվագը, որը, սակայն… ընդհատվեց մահագույժ ռումբի ոռնոցով…
Բեմին Մոնթեի եղբայրն է՝ Մարգարը (դերակատար՝ Հովհաննես Ղուկասյան), իր մտքերի ու դառը հիշողությունների հետ, իր տեսած սարսափելի երազի ճնշման տակ։ Բեմի վրա է նաև Մոնթեի հայրը՝ Չարլզը (դերակատար՝ Յուրա Մանասյան), որի համար մի քիչ անհասկանալի էր Մոնթեի գաղափարախոսությունը հայ մտավորականի մասին։
Մարտական ընկերները (դերակատարներ՝ Վրեժ Աղամիրյան և Կորյուն Շահբազյան), որ էջ առ էջ բացում են Մոնթեի հոգու ծալքերը, նրա անսահման հայրենասիրությունը, բացահայտում նրա մարդկային, մտավորականի տեսակը, ազգի, պետության և հասարակության, հայրենիքի մասին նրա արտահայտած խոհերը, վերաբերմունքը։ Անսահման նվիրվածությունն ու հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը։
Պատանի հանդիսականի առաջ անմահ Մոնթեն է (դերակատար՝ Հարություն Մարտիրոսյան), որի առեղծվածը այնքա՜ն հուզեց ներկաներին, որ ներկայացման ավարտից հետո էլ ոչ ոք դահլիճը չէր լքում։ Երբ ընկերներից մեկը (դերակատար՝ Գոռ Վարդանյան) ամբողջ էությամբ հայտարարեց՝ Մոնթեն զոհված չէ, ու հնչեց Արթուր Մեսչյանի երգը, շատերի աչքերից արցունք հոսեց։
Ռազմահայրենասիրական դաստիարակության հրաշալի մի դաս էր այս ներկայացումը, որը մեզ մատուցեց ռազմամարզական վարժարանի թատերախումբը (ղեկավար՝ ենթասպա Նելլի Թովմասյան), և որի հեղինակը վարժարանի պատմության ուսուցիչ, իսկական մանկավարժ, իր գործի հմուտ վարպետ Էռնեստ Շաբոյանն էր։
Շնորհակալություն, սիրելի՛ մոնթեականներ, շնորհակալություն, պարոն ավագ լեյտենանտ Պետրոսյան, որ սրտանց ընդունեցիք մեր հրավերը, և ականատեսը դարձանք Ձեր սաների՝ հայրենիքի հանդեպ սիրո անկեղծ խոստովանությանը։
Էլ ինչպե՞ս դպրոցի տնօրենը՝ տիկին Արիստակեսյանը, առանց հուզմունքի շնորհակալագիր հանձներ պատանի դերասաններին։
ԳՅՈՒԼՆԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
դպրոցի տնօրենի տեղակալ
Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Բանակ և հասարակություն