ԲԱՆԱԿԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԴԱՐԲՆՈՑ Է
Բորիսը ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, բոլոր աշխատանքները` ռեֆերատներից մինչեւ դիպլոմային, բանակի թեմայով է գրել, «Զինուժ» հաղորդման շրջանակներում ամրապնդել է համալսարանում ստացած տեսական գիտելիքները: Նա, տեսախցիկի, խոսափողի ու գրչի միջոցով տալով իրադարձությունների ամբողջական պատկերները, բանակային կյանքին մասնակից էր դարձնում հասարակությանը: Այսօր ինքն է բանակային կյանքի անմիջական մասնակիցը. Տավուշի մարզի հյուսիսարևելյան կողմում տեղակայված զորամասերից մեկը կատարած իմ այցելության ժամանակ հանդիպեցի Բորիսին: Անսովոր էր լրագրող-ընկերոջս տեսնել զինվորական համազգեստով, երկարաճիտ կոշիկներով, զինվորական գոտին կապած: Գրկախառնվում ենք, խոսում: Հարցնում եմ` «ոնց ես», հասկանալով, որ պատասխանը անկեղծ է լինելու: «Շատ լավ եմ. ես իմ տեղում եմ»,-ժպիտով ասածն հաստատում է Բորիսը: Մեր զրույցը գործընկերոջս հինգ ամսվա ծառայության ամփոփումն է:
-Դու բանակին լրագրողի աչքով էիր նայում, իսկ իրականում ինչպիսի՞ն է համակարգը, արդյոք չե՞ս հիասթափվել:
-Ինձ ասում էին, որ հնարավոր չէ օբյեկտիվ գնահատել ու պատկերացում կազմել բանակի մասին, քանի դեռ չես ծառայել: Ես դրանում համոզվեցի՝ գտնվելով ներսում, այժմ տեղեկացվածությունս համակողմանի է, եւ կարող եմ ասել, որ հաճախ լսարանի համար հեքիաթներ են հորինվում:
Թե՛ սպայի, թե՛ զորակոչված երիտասարդի հիմնական նպատակն այստեղ փոխադարձ ճանաչողությունն ու վստահության հաստատումն են: Եթե հաջողվում է ընդհանուր գաղափարական դաշտ ձեւավորել, ապա փոխվստահության մթնոլորտ է ստեղծվում, լիարժեք ես քեզ զգում: Դժգոհության ու հիասթափության պահեր բոլորս էլ ապրում ենք, անգամ մեր ընտանիքներում, նույնիսկ` անձնական կյանքի կտրվածքով, բայց դա թուլության մի պահ է: Երկու տարին մեծ հնարավորություն է վերագնահատելու, արժեւորելու քո ապրած կյանքն ու քեզ՝ քո բնավորության գծերը, սովորություններդ ու հնարավորություններդ, եւ եթե կարիք կա` հղկելու եւ փոփոխելու դրանք: Այս ընթացքում ավելի հարմարվող եմ դարձել, սովորել եմ լսել եւ վերլուծել, ինչը իմ մասնագիտության հիմնական պահանջներից է: Անշուշտ, զորակոչվելուց առաջ ներքին մի անհանգստություն կար` նոր միջավայր, առօրյայի կտրուկ փոփոխություն, բայց այս հինգ ամիսների ընթացքում հասկացել եմ` բանակը երիտասարդի կայացման դարբնոց է: Մի պարզ օրինակ. մեծ հաշվով, դու այստեղ «մենակ ես», բայց չէ՞ որ շատ քչերն են բանակ զորակոչվելուց առաջ մենակություն զգացել ու ապրել, քանի որ մենք` երիտասարդներս, հիմնականում ընտանիքում՝ ծնողների օգնությամբ եւ միջամտությամբ ենք կայանում: Նոր միջավայրում ինքնուրույնություն դրսեւորելը, ինչ խոսք, ծառայության առավելություններից է:
Եթե հաշվի առնենք, որ մարդու բնազդը գործում է հիմնվելով միայն կյանքի փորձի, հիշողության վրա, կարող ենք հետեւություն անել, որ ծառայած երիտասարդը հետագայում շատ խնդիրներ հեշտությամբ կհաղթահարի:
-Այսինքն` դու հերքո՞ւմ ես այն կարծրատիպը, թե բանակում տղան երկու անիմաստ տարի է կորցնում:
-Իհարկե: Վստահ եմ` սովորական կյանքում էլ կարելի է անիմաստ տարիներ անցկացնել, փոխարենը բանակում կարելի է երկու տարին արժանապատվորեն եւ արդյունավետ օգտագործել:
-Իսկ ինչպիսի՞ն են սպա-զինվոր փոխհարաբերությունները:
-Սպա-զինվոր փոխհարաբերություններում կոնֆլիկտները բացառել հնարավոր չէ, քանի որ սպաները գործ ունեն քաղաքացիական ազատ կյանքով ապրած երիտասարդների հետ, որոնք սովոր չեն իրենց նկատմամբ կիրառվող խստության ու կարգապահական պահանջներին, իսկ զինվորական համակարգը՝ ուտելուց մինչեւ քնելը, կանոնակարգված է, եւ, որպես կանոն, չի փոփոխվում: Ո՞ր կառույցում կարող ես այսքան կանոնակարգվածություն տեսնել. միայն շարքի հավասարությունից, ձգվածությունից ամեն ինչ արդեն պարզ է: Այդ ամենին միանգամից հարմարվելու համար, կարծում եմ, նույնիսկ երկու տարին էլ է քիչ:
Կոնֆլիկտներ հիմնականում առաջանում են այն պատճառով, որ նորակոչիկները սկզբնական շրջանում կարգ ու կանոնի իմաստը լրիվությամբ չեն գիտակցում: Բանակում յուրաքանչյուր աննշան թվացող թյուրըմբռնում կարող է հակասություններ առաջացնել, ուստի սպայակազմի պատասխանատու, համբերատար եւ ընկերական մոտեցումը նպաստում է վստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ փարատում լարվածությունը: Իսկ նորակոչիկներին խորհուրդ եմ տալիս բացասաբար չնախատրամադրվել ծառայությանը: Անկախ ամեն ինչից, երկու տարվա ընթացքում բանակում դառնում ենք ֆիզիկապես ու հոգեպես պատրաստված մարտիկներ, սկսում ենք գիտակցել հանուն հայրենիքի, հանուն ընտանիքի ապահովության ապրելու, արարելու իմաստը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Բանակ և հասարակություն