ԶՈՐԱԿՈՉԸ ԲԵՐՁՈՐՈՒՄ
Թեև մանր անձրև էր մաղում, սակայն նոյեմբերի 26-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում զինկոմիսարիատի մոտ մարդաշատ էր. սկսվել է աշնանային զորակոչը: Դրսում էին զորակոչիկների հարազատներն ու ընկերները, բարեկամները, որոնք եկել էին շրջանի տարբեր համայնքներից՝ ճանապարհ դնելու բանակ մեկնող հայրենիքի զինվորներին:
Շրջանի զինկոմ մայոր Սայաթ Լոքյանի գլխավորությամբ զինկոմիսարիատի աշխատակիցները վերջնական տեսքի են բերում զորակոչիկների փաստաթղթերը, որոնցից է «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկը», որում դպրոցի տված բնութագրի հիման վրա զորակոչային տարիքի պատանու մասին գրառումներ են արված, որպեսզի զորամասում, մինչև զինվորին անձնապես ճանաչելը, մոտավոր տեղեկություն ունենան նրա մասին: Կարդում եմ` Գագիկ Գրիգորյան. Վուրգավանից է, լավ է բնութագրված, նույնը Մնոյան Վազգենին է վերաբերում. Հայկազյանից է:
Շրջանում զինկոմիսարիատը, մայոր Ս. Լոքյանի գլխավորությամբ, գործում է 1995 թվականից և միշտ էլ բարեխղճորեն է կատարել իր առաքելությունը: Լավ ցուցանիշներ է գրանցել նաև պահեստազորի ուսումնական զորահավաքների ժամանակ: Այս տարի ևս քաշաթաղցի պահեստազորայինները հուսախաբ չարեցին: Շատերը ծառայում են հանրապետության հարավային զորամասերից մեկում, որտեղ էլ հունվարի 28-ին Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի սաները համերգով հանդես եկան: Զրույցի ընթացքում զորամասի հրամանատարի տեղակալն ասաց, որ բոլորն էլ աչքի են ընկնում կարգապահությամբ, լավ զինվորներ են:
Վերջապես փաստաթղթավորումն ավարտվում է, և բոլոր տղաները տողանի են կանգնում զինկոմիսարիատի միջանցքում, որի պատերին Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան գոյամարտի քաջերի լուսանկարներն են:
-Այսօրվանից ձեզ վրա մեծ պարտավորություն է դրվում,-ասում է Ս. Լոքյանը,- դուք արդեն հայրենիքի պաշտպաններ եք դառնում, և ուզում եմ հավատալ՝ պատվով կկատարեք հայրենիքի պաշտպանի առաքելությունը, բարձր կպահեք մեր շրջանի անունը, ինչպես միշտ է եղել, և որ ձեր ծնողները կհպարտանան ձեզնով, ինչպես նաև հուսախաբ չեք անի ձեր սիրած աղջիկներին:
Այնուհետև զինկոմը, որի Հրայր որդին նույնպես զինվոր է, խորհուրդ տվեց զորամասում ցանկացած հարցով դիմել հրամանատարներին, որոնք երկու տարի փոխարինելու են իրենց ծնողներին:
Զորակոչային բաժնի պետ, կապիտան Կամո Ալավերդյանը նույնպես ցուցումներ է տալիս, հետաքրքրվում՝ արդյո՞ք առողջական և այլ խնդիրներ չունեն: Մեկ անգամ ևս համոզվում, որ տղաների հետ կապված ամեն ինչ կարգին է, նոր միայն թույլ է տալիս նստել ավտոբուս:
Մեկնում են տղաները՝ միանալու հայոց երկրի մյուս պաշտպաններին, անդորր պահելու մեր երկիրը: Հարազատ ու բարեկամ, ընկեր ու ծանոթ բարին են մաղթում տղաներին՝ հուսով, որ երկու տարի անց բոլորն էլ ողջ-առողջ տուն կգան՝ հայ զինվորի անունը չարատավորած:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր
Խորագիր՝ #49 (965) 13.12.2012 – 19.12.2012, Բանակ և հասարակություն