Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

LOCKHEED MARTIN-Ը ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ՀՐԹԻՌՆԵՐ ԱՅՐՈՂ ԼԱԶԵՐ



Area Defense Anti- Munitions (ADAM) անունով նոր լազերային հրանոթը տեղավորված է «անիվների վրա տնակ» հիշեցնող ոչ մեծ կցասայլում և համալրված է բարձրէներգետիկ լազերով և ջերմացույցով օպտիկական համակարգով։

Փորձարկումների ընթացքում 1,5 կմ հեռավորության վրա ոչնչացվել են անօդաչու թռչող սարք, ինչպես նաև 2 կմ հեռավորության վրա փոքր տրամաչափի 4 հրթիռներ։

Թեստային հրաձգության ընթացքում ADAM-ը հաջողությամբ խոցել է Osprey ոչ մեծ անօդաչու սարքը` շարքից հանելով նրա շարժիչը։ Տեսանյութից դատելով կարելի է ասել, որ նոր մարտական լազերը այնքան էլ հզոր չէ, առավելագույնը՝ 10 կՎտ (Lockheed-ում նշվում է հենց այդ հզորությունը), սակայն այդ էներգիան բավարար է, օրինակ, հրթիռի բարակ ծածկաշերտը այրելու համար։ «Ընկերությունը ADAM համակարգի մշակման հիմքում ներդրել է բարձրէներգետիկ լազերների հնարավորություններ, որոնք օժտված են ավերիչ ուժով։ Մենք պետք է շարունակենք հեղաշրջիչ հնարավորություններով օժտված համակարգի մշակումը, որպեսզի վերազինենք մեր զինվորներին»,- հայտարարել է ընկերության փոխնախագահ Դուգ Գրեհեմը։

ADAM նշանառման համակարգն ապահովում է օդային նշանակետի (թիրախի) հուսալի «գրավումը» և ուղեկցումը՝ ավելի քան 5 կմ հեռավորության վրա, նույնիսկ քաղաքի բարդ պայմաններում։

ADAM-ի համեմատաբար ոչ մեծ չափսերը (3×2,4×3,6մ) և ինքնավարությունը հնարավորություն են ընձեռում նոր լազերային հրանոթն օգտագործելու աֆղանական ռազմակայանների և առաջավոր հենակետերի զգալի մասում։ Նոր զենքը ամենայն հավանականությամբ կփորձեն օգտագործել անկառավարելի հրթիռներ և ականանետային ականներ ոչնչացնելու համար, թեև վերջինի արդյունավետությունը կասկածի տեղիք է տալիս։ Միևնույն ժամանակ 10 կՎտ հզորությամբ լազերային ճառագայթը կարող է կրկնակի արդյունավետ լինել զինյալների գրոհը դիմագրավելիս, քանզի այն հնարավորություն է ընձեռում ակնթարթորեն և բացարձակ ճշգրտությամբ խոցելու հետևազորը։ Մեկ ակնթարթում այսպիսի ճառագայթը, իհարկե, չի կարող սպանել, բայց կարող է հեշտությամբ զրկել տեսողությունից կամ ծանր այրվածքներ հասցնել, ուստի ակնկալվում է, որ նման զենքի հոգեբանական ազդեցությունը չափազանց մեծ կլինի։ Ընդ որում, լազերային կրակոցը տասնյակ անգամներ էժան է կառավարվող հրթիռից։

Պատրաստեց ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Ռազմական


21/12/2012