Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԶԻՆՈՐՍ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ» 20 ՏԱՐԵԿԱՆ Է



Միավորումը կազմավորվեց 1991թ. դեկտեմբերին՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության որսորդական ընկերության Երևանի կայազորի խորհրդի հիման վրա՝ որպես «ՀՀ զինվորական որսորդական ընկերություն», իսկ հետագայում վերանվանվեց՝ դառնալով «Միավորում»։ Նրա գործունեության նպատակը եղել և մնում է որսի ու որսորդական հրաձգության միջոցառումների անցկացման շնորհիվ զինվորականների ֆիզիկական, հրաձգային, մարտավարական, հոգեբանական պատրաստությանն ու ընտանիքների ակտիվ հանգստի կազմակերպմանն աջակցելը, ինչպես նաև զենքի օգտագործման անվտանգության ու բնապահպանական միջոցառումներին մասնակցելն ու որսորդական-ստենդային հրաձգության ժողովրդականացմանը նպաստելը։ Այս նպատակով զինվորական որսորդական ընկերությունը հանրապետությունում որոշակի աշխատանք է կատարել դեռևս խորհրդային ժամանակաշրջանից, երբ հանրապետությունում գործում էին զինվորական որսորդների 50-ից ավելի կոլեկտիվներ։ Անցկացվում էին Ձկնորսի օրվան և որսի սեզոնի բացմանը նվիրված զանգվածային միջոցառումներ, կոլեկտիվ որս, ստենդային հրաձգության մրցումներ։ Երևանի կայազորի տարածքում ընկերության շարքերն ընդունվողները ստուգարք էին հանձնում ոչ միայն տեսականորեն, այլև գործնական հրաձգությունից։ Կայազորի զինվորական որսորդները զգալի հաջողությունների են հասել և՛ բանակային մրցումներում, և՛ Հայաստանի հավաքական թիմի կազմում միութենական մրցումներին մասնակցելիս։

1959 թ. Վորոնեժ քաղաքում անցկացված համաբանակային երիտասարդական առաջնությանը Երևանի կայազորի մարզիկներ Ռ. Սահակյանն ու Պ. Բալյանը դարձան հաղթողներ։ Հաջորդ տարի Վ. Այվազյանն ու Ռ. Սահակյանը հաղթող դարձան Անդրկովկասյան զինվորական օկրուգի առաջնությունում, 1967 թ. Ռաֆիկ Սահակյանը դարձավ օկրուգի չեմպիոն։ Համաբանակային մրցումներում զգալի հաջողությունների են հասել նաև Երևանի կայազորի մարզիկներ Մ. Այվազյանը, Վ. Պետրոսյանն ու այլք։

Եթե վերը նշված մարզիկների հաջողությունները օրինաչափ էին, քանի որ նրանք մարզվում էին նաև Հայաստանի հավաքական թիմի կազմում, ապա 80-ական թվականներին Արտաշատի Այգեզարդ գյուղում գործող ստենդային հրաձգության խմբակի անդամների մարզական հաջողությունները, այդ թվում նաև Անդրկովկասյան զինվորական օկրուգի թիմի կազմում, զարմանք էին առաջացնում։ Չլինելով հրաձգության մասնագետ՝ խմբակի մարզիչ Գոռ Բարսեղյանն իր բացառիկ աշխատասիրության ու հնարամտության շնորհիվ կարճ ժամանակում կարողացավ ստեղծել մարզիկների մի կուռ կոլեկտիվ, որի անդամները մարզչի օգնությամբ և իրենց տաղանդի շնորհիվ կարողացան զգալի հաջողությունների հասնել թե՛ բանակային, թե՛ համամիութենական մրցումներում։

Հատկապես հիշատակման են արժանի թիմի անդամ Երջանիկ Ավետիսյանի հաջողությունները։ Նա նախ Երևանի կայազորի, ապա Անդրկովկասյան զինվորական օկրուգի ու Հայաստանի հավաքականի կազմում տոնեց բազմաթիվ հաղթանակներ, ապա, իր մարզիչ Գ. Բարսեղյանի հետ տեղափոխվելով Մոսկվա, Ռուսաստանի կանանց հավաքականի կազմում հասավ բացառիկ հաջողությունների, դարձավ աշխարհի չեմպիոն, արժանացավ սպորտի վաստակավոր վարպետի կոչման։ Նրա մարզիչ Գ. Բարսեղյանն էլ արժանացավ վաստակավոր մարզչի կոչման։

Հուրախություն մարզաձևի սիրահարների, նշենք, որ մոռացության մատնված ռազմահայրենասիրական նշանակություն ունեցող ստենդային հրաձգություն մարզաձևը վերջերս սկսեց վերակենդանանալ։ Որ ստենդային ու որսորդական սպորտը, իրոք, ռազմահայրենասիրական պատրաստության գործում կարևոր նշանակություն ունի, հաստատում են թե՛ Մեծ հայրենականում և թե՛ հենց Արցախյան շարժման առաջին օրերին տեղի ունեցած դեպքերը, երբ միայն որսորդական հրացաններով զինված մեր հերոսները դիմագրավում էին սպառազեն թշնամուն։

Խորհրդային նշանավոր զորահրամանատարներից մեկն ասել է, որ որսորդը բանակում արդեն պատրաստի հետախույզ է, պատրաստի հրամանատար։

Իրոք, որսորդությամբ զբաղվելը մարդու մեջ դաստիարակում է կամք, ոգու արիություն, տակտիկական մտածողություն, նրան դարձնում ֆիզիկապես ուժեղ ու դիմացկուն և իհարկե լավ հրաձիգ։ Ուստիև «Հայզինորս» միավորումը, իր համեստ հնարավորությամբ հանդերձ, այժմ էլ աշխատանք է տանում իր անդամների շրջանում հատկապես այդ որակները զարգացնելու ուղղությամբ։

«Միավորման» մոտ 600 անդամներից 300-ը զինվորականներ են, մնացածների մի մասը՝ պահեստազորի սպաներ ու նախկին ազատամարտիկներ։ «Միավորման» աշխատանքին կազմավորման օրվանից ակտիվ մասնակցում են Ա. Թանանյանը, գնդապետներ Ս. Տավարածյանը, Խ. Մելիքսեթյանը, փոխգնդապետներ Վ. Հարությունյանը, Հ. Սարյանը, մայոր Ս. Հովսեփյանը և այլք։

Ռ. ՍԱՀԱԿՅԱՆ
«Հայզինորս» միավորման նախագահ

Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Բանակ և հասարակություն


21/12/2012