Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺԻ ՄԵՋ



Հուլիսի 29-ը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Ամեն տարի այդ օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ են կազմակերպվում։ Առավոտյան ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀԿ-ի ներկայացուցիչները, Արցախյան ազատամարտի վետերանները, անհայտ կորածների մայրերը, քույրերը, կանայք, հարազատները այցելում են «Եռաբլուր» պանթեոն, ծաղիկներ դնում Անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին։

…Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հերթական հուշ-ցերեկույթին ելույթ ունեցան «Անհայտ կորածների ծնողներ» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանը, մայրեր, քույրեր։ Իր խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց.

-Գիտեմ, բոլորդ անհամբեր սպասում եք ձեր հարազատների մասին որևէ լուրի, յուրաքանչյուր զանգ, դռան թակոց ձեզ համար հույսի, անհամբեր սպասումի աղբյուր է։

-Անհայտ կորածների խնդիրները պետության և, մասնավորապես, պաշտպանության նախարարության հոգածության ներքո են։ Ես որպես պաշտպանության նախարար ամեն ինչ կանեմ, որպեսզի ինչ-որ կերպ իրականություն դառնան ձեր երազանքները, սպասումներն արդարանան։ Մենք շատերի մասին տեղեկություն չունենք, չգիտենք նրանք զոհվել են, թե կան, ապրում են՝ ինչ իմանաս… Բայց յուրաքանչյուրս լիահույս է, որ մի օր նրանք կվերադառնան հայրենի օջախներ,- նշեց նախարարը։

-Թող ձեր աղոթքները հասնեն Աստծուն։ Տեսնեք ձեր զավակներին։ Այս տարիների ձեր կրած տառապանքները թող մի օր փոխվեն ուրախության։ Թող մայրերը տեսնեն իրենց որդիներին, որդիները՝ իրենց հայրերին, թոռները՝ իրենց պապիկներին։ Այս տարիներին նրանցից շատերը հայր դարձան, սակայն չտեսան իրենց նորածիններին, շատերը պապ դարձան, սակայն չտեսան իրենց թոռներին, դարձան հորեղբայր, քեռի, պապ, ու ոչ մեկը նրանց այդպես չդիմեց։ Տա Աստված, նրանց տեսնենք ու ասենք նրանց բացեիբաց, դեմառդեմ՝ ասենք հպարտորեն. -Դուք հերոսներ եք, հայրենիքի իսկական զինվորներ՝ խոնարհում Ձեզ…

Գուցե դուք ապրում եք հավերժի մեջ, բայց մեր հայացքը ձեր ճամփին է, ձեր մայրերի, այրիների հայացքը՝ դռան շեմին։ Ձեր մայրերի, քույրերի, կանանց, ձեր մարտական ընկերների սպասումը Ձեզ մի օր տուն կբերի։ Հավատում ենք, որ այդ օրը կա, որ այդ օրը կգա…

Գ. ՇԱՂԱՓՅԱՆ

Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Հոգևոր-մշակութային


21/12/2012