ՍԵՐԳԵՅ ԱԴԱՄՅԱՆԻ ՓԱՌՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ
Բարձրաշեն։ Արարատյան դաշտի տիպիկ՝ ոչ դաշտային, ոչ լեռնային, իր անվանը համարժեք մի գյուղ, որտեղ ապրում է համեստ մի ընտանիք՝ ազգային զարթոնքի նվիրյալներից մեկի՝ Սերգեյ Ադամյանի ընտանիքը։ Ազատագրական շարժման առաջին իսկ ամիսներից Սերգեյ Ադամյանը Արցախին ու արցախցուն օգնելու համար զինված պայքարի ելավ ադրբեջանցիների դեմ` Արարատում ստեղծելով «Արաբո» ջոկատը, որը հերոսական փայլուն էջեր գրեց ազգային-ազատագրական պայքարի նորօրյա պատմության մեջ՝ մասնակցելով Երասխավանի, Թալիշի, Կապանի, Նոյեմբերյանի ու Ջաբրայիլի, գրեթե բոլոր վտանգված հայկական բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։
Այսօր արդեն նախկին ազատամարտիկ, հրամանատար Սերգեյ Ադամյանն իր զենքն ու մարտական հմտությունները փոխարինել է ոչ պակաս հայրենանվեր գործով՝ իր տանը ստեղծելով փառքի թանգարան, որի ցուցանմուշները սկսել է հավաքել դեռ ազատագրական պայքարի ժամանակներից՝ 1992 թվից։ «Արաբո» ջոկատի զոհվածների ընտանիքների նվիրաբերած հուշ-մասունքներին հետզհետե ավելացան Հայաստանի և Արցախի բազմաթիվ ջոկատներից հավաքած նյութերը` դաշույններ, ժամացույցներ, լուսանկարներ, հուշանվերներ, Արցախյան ազատամարտին նվիրված գրքեր ու այլ իրեր: Այսօր ցուցանմուշների ընդհանուր թիվը 3000-ից ավելի է։
Մարդիկ շարունակում են Սերգեյի հիմնած թանգարանին նվիրաբերել և մոռացումից ու փոշիացումից փրկել հազվագյուտ, պատմական լուսանկարներ, հնամենի կավե ու բրոնզե անոթներ, զինված ուժերի ստեղծմանը վերաբերող նյութեր։ Միայն հեղինակային մակագրությամբ գրքերը 30-ից ավելի են։ Ցավոք, ցուցանմուշների համար տարածքը չի բավականացնում. Վահրամ Աղաջանյանի «Ազգային հերոս Սամվել Բաբայան», Բորիս Միրզոյանի «Արցախյան ղողանջներ և հրաշք երազներ», Վարուժան Այվազյանի «Արյունը պատմության դեմքին, պատկերը՝ մեր սրտերում», Վազգեն Սարգսյանի «Հացի փորձություն», Սենոր Հասրաթյանի «Մարտանցում» և այլ գրքեր առայժմ փակված են դարակներում՝ ցուցադրության համար տեղ չլինելու պատճառով։
Կուտակված հարուստ ազգագրական նյութերի հիման վրա Սերգեյ Ադամյանը որոշել է փառքի թանգարանին կից ստեղծել նաև ազգագրական թանգարան, որը լրացուցիչ ջանքեր ու միջոցներ կպահանջի։ Ուստի և, հաշվի առնելով մեր՝ ազատամարտիկներիս խնդրանքը, պաշտպանության նախարարությունը Սերգեյ Ադամյանի նախաձեռնությանն ընդառաջ քայլ կատարեց՝ կարգադրելով, որ Արտաշատ քաղաքի կենտրոնական ատամնաբուժական պոլիկլինիկայի բակում դեռևս պաշտպանական մարտերի օրերից մնացած թնդանոթը տեղափոխվի Բարձրաշեն և տեղադրվի թանգարանի բակում՝ որպես ազգանվեր գործի նոր սկիզբ։
ՀԱՅԱՍԵՐ ՀԱՅԸ
(Սերգեյ Ադամյանին)
Ողջ հայությունը ոտքի էր ելել,
Արցախ աշխարհին պաշտպան էր կանգնել,
Լուծը ազերու որ շուտ թոթափի,
Արցախ աշխարհը որ ազատ ապրի։
Սերգեյը երբեք հանգիստ չնստեց,
Պայքարի ուղին ճիշտ ձևով ընտրեց,
Զինակից տղերք շուրջը հավաքեց
Ու խումբը խրոխտ «Արաբո» կոչեց։
Նա գնաց Երասխ, Սյունիք ու Արցախ,
Ջոկատով իր քաջ կռվեց նա խիզախ,
Արցախ աշխարհին հաղթանակ բերեց
Ու իր անունը փառքով պսակեց։
Խաղաղ է հիմա Արցախ աշխարհում,
Բայց դե Սերգեյը հանգիստ չի մնում,
Իր տունը հիմա թանգարան սարքել,
Զոհված տղերքին նոր կյանք է տվել։
Հավաքել է նա բազմաթիվ նյութեր,
Նկարներ, գրքեր, անձնական իրեր,
Ու այդ բոլորը մեկտեղ հավաքել,
Իր տան դահլիճը սիրով է լցրել։
ԱՐԱՄ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ազատամարտիկ