ՀԱՆՈՒՆ ՍՊԱՅԻ ԵՎ ՀԱՆՈՒՆ ԲԱՆԱԿԻ
Էֆրիկ Ավետիսյանը ՀՀ զինված ուժերից զորացրվել է գնդապետի ուսադիրներով։ Սովորել է ՊԱԿ-ի` Լենինգրադի հատուկ, Մոսկվայի բարձրագույն և Կիևի վերապատրաստման դպրոցներում։ 1958թ. ծառայության է անցել ՊԱԿ համակարգում։ Աֆղանական պատերազմի մասնակից է։ 2005թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ արտաքին հարաբերությունների և իրավաբանական վարչությունում։ Զբաղեցրել է իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնը։
-Պարոն Ավետիսյան, թեև Դուք հայրենիքին ծառայելու ավելի քան պատկառելի փորձ ունեք, բայց կարծես չեք ուզում հաշտվել զորացրված սպայի կարգավիճակի հետ։ Ուրիշները հանգիստ են փնտրում, իսկ Դուք ջանում եք կյանքի կոչել Ձեր վաղեմի երազանքը՝ «Սպաների փոխօգնության միությունը»։
-Զինվորը պետք է զինվոր էլ մնա, մի՛շտ՝ ծառայության մեջ կլինի, թե հանգստի, նա պետք է ծառայի իր հայրենիքին։ Իսկ հայրենիքին ծառայելը իմ ճակատագիրն է։ «Սպաների փոխօգնության միություն» ստեղծելու իմ առաջարկն էլ բխում է հենց սպայի և, մեծ հաշվով, բանակի շահերից։
-Գիտեք, խրախուսելի են այն բոլոր քայլերը, որոնք ուղղված են բանակի հզորացմանը, զինվորականի մարտական ոգու բարձրացմանը, սպաների սոցիալական պաշտպանվածությանը… Այսօր մեր փոքրիկ Հայաստանում նման բարի նպատակներ իրականացնող մի քանի տասնյակից ավելի հասարակական, բարեգործական կազմակերպություններ են գործում… Ինչո՞վ է նրանցից տարբերվելու և ընդհանրապես ի՞նչ է իրենից ներկայացնելու «Սպաների փոխօգնության միությունը», որի ստեղծմանը Դուք հետամուտ եք։
-Ամենից առաջ ասեմ, որ նմանատիպ միություններ արտասահմանյան երկրներում գործում են վաղուց, նույնիսկ նախանցյալ դարից։ Օրինակ՝ Նիդեռլանդներում նման մի կազմակերպություն ստեղծվել է դեռևս 1898թ.։ Զինվորի, սպայի շահերին հետամուտ կազմակերպությունները հատկապես մեծ ծավալում ստացան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Իսկ իմ առաջարկելիք «Սպաների փոխօգնության միության» նման կազմակերպություններ այսօր էլ գործում են Գերմանիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում… Ինչո՞ւ հեռու գնանք՝ հենց Ռուսաստանում և Ուկրաինայում։ Դրանք ստեղծվել և ծառայում են բանակի շահերին, ավելի որոշակի՝ զբաղվում են ծառայության մեջ գտնվող և պաշտոնաթող զինծառայողների, մասնավորապես՝ սպաների սոցիալական վիճակի բարելավմամբ…
-Կներեք, ամենակարևոր հարցը. ի՞նչ համակարգում են դրանք գործում. որքան հասկացա՝ «Միությունը» հասարակական կազմակերպություն է լինելու…
-Սպայական միությունները քաղաքական նկրտումներ չունեցող հասարակական կազմակերպություններ են և գործում են զինված ուժերի համակարգում։ Ավելին՝ որոշ երկրների զինված ուժերում նմանատիպ միություններ կան անգամ առանձին ստորաբաժանումներում։
-Թեև մի քիչ դժվար է հասարակական կազմակերպությունը պատկերացնել պետական կառույցում, այնուամենայնիվ՝ ի՞նչ հիմունքներով է այն գործելու…
-Սպասված հարց է և տրամաբանական. որևէ կազմակերպություն հենց նրանով է հասարակական համարվում, որ գործում է պետականորեն, բայց ոչ պետական չափանիշներով ու օրենքներով։ Այն միայն օրինական՝ պետական գրանցում է ստանում արդարադատության նախարարությունում, այն էլ՝ պաշտպանության նախարարության գրավոր համաձայնության հիման վրա։ Պետությունը միայն՝ համաձայն ՀՀ 1996թ. «Հասարակական կազմակերպությունների մասին» ընդունված օրենքի, պետականորեն ապահովում է այդ կազմակերպության իրավունքները և օրինական պաշտպանվածությունը։ Իսկ «Սպաների փոխօգնության միությունը» գործելու է ինքնուրույն, լինելու է ինքնաբավ, ինքնակառավարվող, ինքնուրույն որոշումներ ընդունող՝ չխանգարելով և չընդօրինակելով համակարգում գտնվող և սոցիալական հարցերով զբաղվող կառույցին։ Ամենակարևորն այն է, որ իմ առաջարկած միությունը, ի տարբերություն մյուս հասարակական կազմակերպությունների, ինքնաֆինանսավորվող է, ավելի պարզ՝ միության անդամները իրենք իրենց են օգնելու…
-Ինչպե՞ս…
-Կամավորության սկզբունքներով ստեղծվելիք «Սպաների փոխօգնության միության» շարքերում կընդգրկվեն սպայական և ենթասպայական կազմի զինծառայողները։ Միության ֆինանսական միջոցները կձևավորվեն միայն միության անդամների անդամավճարներից։ Շեշտե՛մ. առաջարկվելիք միությանը անդամագրվելը լինելու է բացառապես կամավորության հիմունքով։ Բերեմ նմանօրինակ արտասահմանյան կազմակերպությունների փորձը. այն երկրներում, որտեղ զինծառայողների աշխատավարձերը բարձր են, միության անդամները ֆոնդի հաշվին են փոխանցում իրենց ամսական աշխատավարձի մինչև 10%-ը։ Ի դեպ, միության անդամ յուրաքանչյուր զինծառայող զորացրվելիս կարող է հետ վերցնել ոչ միայն իր մուծած անդամավճարները, այլև ձևավորված գումարի համապատասխան տոկոսը…
-Պարոն Ավետիսյան, դիցուք, Ձեր առաջարկը՝ ստեղծել «Սպաների փոխօգնության միություն», ընդունվում է, թեև գիտեմ, որ տասը տարուց ավելի է, ինչ պայքարում եք այն կյանքի կոչելու համար, ի՞նչ արտոնություններ է տալու միությունը անդամներին։
-Եվրոպական երկրների զինված ուժերում նման միությունների գործունեության հիմքում, կոնկրետ սոցիալական խնդիրներից զատ, հետևյալ մտահոգություններն են՝ զինծառայողների մասնագիտական շահերի ներկայացումը երկրի օրենսդրական և գործադիր մարմիններում, զինծառայողների իրավունքներին վերաբերող համապատասխան որոշումների մշակման կամ քննարկման համար ստեղծված համատեղ կոմիտեների աշխատանքներում ակտիվ մասնակցություն, զինծառայողների համար ոչ պետական լրացուցիչ երաշխիքների և արտոնությունների ստեղծելու համար տարբեր ինստիտուտների հիմնում և այլն…
-Իսկ ավելի որոշակի…
-Խնդրեմ, միության անդամների սոցիալական պայմանների բարելավման համար միությունը կարող է իր ֆինանսական պաշարների հաշվին ծովափնյա քաղաքներում ձեռք բերել ու տնօրինել սեփական հանգստյան տներ՝ զինծառայողների հանգիստը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար, անգամ կարող է հողատարածքներ գնել, մշակել և արդյունքը ծառայեցնել միության անդամ զինծառայողների շահերին՝ բարելավելով ՊՆ-ի հոգսերը… Ի վերջո, կարող է ստեղծել բանկային համակարգ և մատչելի տոկոսներով վարկեր տրամադրել իր անդամներին, օժանդակել զոհված ազատամարտիկների ընտանիքներին…
-Ինչ խոսք, հրաշալի է, միայն թե մարդիկ…
-Կներեք, թույլ տվեք շարունակեմ Ձեր միտքը՝ միայն թե «Սպաների փոխօգնության միությունը» պետք է գործի բանիմաց, «մաքուր ձեռքեր» ունեցող մարդկանց ղեկավարությամբ… Ինձ չի մտահոգում, թե ովքեր են ընդգրկվելու կազմակերպության խորհրդի կազմում, միայն թե նրանք լինեն բանակին, հայրենիքին նվիրված մարդիկ։ Ի վերջո, բարելավելով սպաների սոցիալական վիճակը, մենք կբարձրացնենք զինվորականի հեղինակությունը, կբարձրացնենք մեր բանակի մարտունակությունը… Կա՞ արդյոք սրանից ավելի մեծ նպատակ և ավելի մեծ շահ…
-Իհարկե, ճշմարիտ եք ասում, եթե միայն նման հասարակական կազմակերպության ստեղծումը չի հակասի գործող օրենքներին՝ ՀՀ սահմանադրությանը, ՀՀ զինված ուժերի օրենքներին…
-Կրկնեմ. օրենքը արգելում է, ավելի շուտ՝ սահմանափակում է զինված ուժերում արհեստակցական միությունների, կուսակցությունների ստեղծումը, զինծառայողների անդամակցությունը նման կազմակերպություններին, բայց, կներեք, ես առաջարկում եմ ոչ թե կուսակցություն կամ արհեստակցական միություն ստեղծել, այլ «Սպաների փոխօգնության միություն», որտեղ ընդգրկել նաև ենթասպայական կազմին նույն կամավորության հիմունքներով… Համոզված եմ, որ վաղ թե ուշ այդ միությունը ստեղծվելու է, որովհետև այն ուղղակի անհրաժեշտություն է, և մեր բանակն ու մեր սպաները նման միություն ունենալու կարիքն ունեն։ Ուստի մեր զրույցի վերջում կուզենայի մի բան խնդրել. ովքեր կկարդան իմ խոսքերը՝ թող իրենց վերաբերմունքը կամ տեսակետներն ու կարծիքները ուղարկեն թերթին, քանի որ այս առաջարկությունը տարիներ առաջ ՊՆ-ի ղեկավարության կողմից բարձր գնահատվեց, սակայն որոշ անսպասելի պատճառներով, ցավոք, կյանքի չկոչվեց… Եվ շնորհակալ եմ հարցազրույցի համար։
-Ես էլ եմ շնորհակալ։ Հաջողություն եմ ցանկանում Ձեր գործին։
Հարցազրույցը վարեց
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ
Մայոր