Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԱՐԿԸ ԼԵՌՆԵՐԻՑ՝ ԶՈՐԵՂ Է…



Յուրի Միքայելյանը առաջին իսկ օրից ավագ որդու հետ իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը։ Հանրահավաքներ, դրսից զենք-զինամթերքի հայթայթում, տեղափոխում Հայաստան։ Այնուհետև պատերազմի դաշտ` «Սասունցի Դավիթ» ջոկատ (հրամանատար Աշոտ Մանուկյան), Արցախ՝ Արկադի Կարապետյանի ընդհանուր ջոկատ «Վրիժառու» (հրամանատար Գառնիկ Առաքելյան), մասնակցել է Գորիսի Շուռնուխ, Խնձորեսկ գյուղերի ինքնապաշտպանական, Շահումյանի շրջանի Վերիշեն, Հայպարիս, Կարաչինար, Գյուլիստան, Մարտակերտի շրջանի Կոճողուտ, Դրմբոն, Պողոսագոմեր, Չլդրան, Կիչան գյուղերի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին։ Վիրավորվել է, միաժամանակ տարել է ծանր ցնցահարված։ «Ողջ այդ ժամանակահատվածում Յուրիկ Հակոբի Միքայելյանը ցուցաբերել է խիզախություն, հայրենասիրություն և կարգապահություն։ Իր բոլոր առաջադրանքները կատարել է անթերի, մեծագույն պատասխանատվությամբ, ինչի համար մինչ այսօր վայելում է մարտական ընկերների և հրամանատարների սերն ու հարգանքը»։ Սա մի փոքրիկ մեջբերում է «Ղարաբաղ» և «Կռունկ» կոմիտեների անդամ, Արցախի բանակի առաջին հրամանատար գնդապետ Ա. Կարապետյանի, ինչպես նաև նախկին ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան ջոկատի հրամանատար փոխգնդապետ Պ. Մեղրյանի և «ՀԱԲ»-ի հրամանատար Ա. Թորգոմյանի (Արամո) կողմից տրված բնութագրից։ Այժմ Յու. Միքայելյանը «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» ՀԿ նախագահն է։

-«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» հիմնադիրը եղել է Ղարաբաղի պատերազմի վետերանների «Երկրապահ» միության նախագահ Արկադի Կարապետյանը, նշանավոր ու հայտնի Ագոն՝ այդ համեստ ու հայրենասեր հայորդին,- պատմում է Յուրի Միքայելյանը։ -Պատերազմական վերքերից, ինչպես նաև վիրահատությունից հետո հարգարժան հրամանատարը՝ առողջական խնդիրներից ելնելով, ինձ վստահեց կազմակերպության պարտականությունները, որը փորձում եմ կատարել նվիրումով և բարեխղճորեն, ինչի օրինակը տեսել ենք հրամանատարից։

Յուրի Միքայելյանի փոքրիկ աշխատասենյակի դուռը մշտապես բաց է։ Եթե փակվում է, ուրեմն աշխատանքային օրն իր ավարտին է հասել։ Ներս են մտնում մեկ-մեկ, երբեմն մի քանի ազատամարտիկներով։ Մտնում են անկաշկանդ, ժպիտով՝ թեկուզ հենց միայն բարևելու համար։ Նույն ժպիտով, անմիջականությամբ Յուրին սեղմում է ընկերների ձեռքերը։ Հետո տղաները դուրս են գալիս, նստում ծառի տակ դրված երկար նստարաններին, ու ծայր է առնում զրույց, որի թեման անցած պատերազմական օրերի հիշողություններն են…

Յուրի Միքայելյանին ուղղված իմ հարցերն ու դրանց պատասխանները միշտ մնում էին կեսճամփին, սակայն ներս մտած տղաների հարց ու պատասխաններից մեր զրույցն ամբողջանում էր։

-«Ղարաբաղյան պատերազմի վետերանների» միության ստեղծման հիմնական նպատակը դարավերջի մեր ձեռքբերումների, հայոց պետականության պահպանումն է։ Պատերազմական բովով անցած տղաները կանգնած են հայոց բանակի զինվորի կողքին։ Այս կառույցը աշխարհազորայինների մի բանակ է, որի թիվը իրոք մեծ է, և դա մեզ, մեր ժողովրդին հպարտություն ու ոգևորություն է պարգևում, իսկ թշնամուն՝ սարսափ ու վախ ներշնչում, որովհետև նրանք ծանոթ են մեր տղաներին դեռ պատերազմի օրերից,- պատմում է Յուրի Միքայելյանը, ապա շարունակում.

-Ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի մարզերում միությունն ունի իր կառույցները, որոնք համալրված են իրենց հերթին մի քանի ջոկատներով։ Ունենք նաև երիտասարդական թև, որտեղ իրենց հայրերի, պապերի ճանապարհն են ընտրել մեր որդիներն ու թոռները, նույնիսկ ծոռները։ Եվ նրանց հետ նաև իրենց ընկերները։ Կառույցին զինվորագրվել են նաև օդաչուներ, բժիշկներ, պայմանագրային զինծառայողներ, հրամանատարներ։

Միության հիմնական նպատակներից մեկը իրար ձեռք մեկնելը, սատար կանգնելը, սոցիալապես անապահով տղաների հոգսը ինչ-որ կերպ թեթևացնելն է։ Տարբեր հարցերով, խնդիրներով դիմում ենք մեր գեներալին՝ ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանին, ով պատերազմ անցած մտավորականի հոգի ունի։ Նա հասկանում է մեզ և մեր հարցերը, դիմումները ներկայացնում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Պատերազմ տեսած մարդիկ առանց խոսքի էլ հասկանում են միմյանց, և աջակցությունը սպասեցնել չի տալիս` լինի նյութական, թե բարոյական։

Ուզում եմ համառոտ թվարկել այն գործերը, որոնց մասնակիցն ու իրականացնողները վերջերս դարձան Ղարաբաղյան պատերազմի վետերան-ազատամարտիկները. «Տիգրան Մեծ» վարժարանի տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանի հովանավորությամբ ազատամարտիկների համար խաչքար տեղադրվեց Կոռնիձորում։ Երևանի գիշերօթիկ դպրոցի 60 աշակերտների հետ շրջեցինք Արցախի զորամասերում, դպրոցի նվագախմբի հնչյունների ուղեկցությամբ անցանք Ստեփանակերտի, Շուշիի փողոցներով, ինչը հայրենասիրության յուրահատուկ դաս էր աշակերտների համար։ Արժանիորեն նշեցինք աշուղ Ռազմար Սասունցու ծննդյան 60-ամյակը։

Վերջերս ազատամարտի վետերանները եղան առաջին գծում, կանգնեցին զինվորի կողքին։ Տեսնել էր պետք զինվորի ոգևորությունը, լսել էր պետք ազատամարտիկի պատգամը հայ զինվորին. «Սա է մեր հայրենիքը՝ Արագածով, Իշխանասարով, Մռավով ու Քիրսով, որոնք տարվա եղանակներին իրենց հարսանեկան քողը ծածանելով՝ մերթ բացում, մերթ ծածկում են իրենց դեմքը, որից դու ուժ ես ստանում, ոգի ու կամք։ Այս փոքրիկ ժամանակը, որը տրված է քեզ պաշտպանելու հայրենիքը, քայլելու մայրենի հողի վրայով, քայլիր մաքուր հոգով, խղճով։ Պատմության մեջ քո բախտը բերել է՝ դու ծնունդն ես ճիշտ ժամանակի։ Դու զինվորն ես հայոց բանակի»։

Ազատամարտիկները չիրականացված նպատակներ էլ ունեն։ Սեյրան Չիլինգարյանին արդեն հայտնի է Բաղեշի այն եկեղեցու հանգստարանը, որտեղ թաղված է Սերոբ Աղբյուրի գլուխը, ինչպես նաև Մուշի այն գերեզմանոցը, որտեղ ննջում է Սարերի ասլան Գևորգ Չաուշը։ Նա սպասում է այն օրվան, երբ Աղբյուր Սերոբի հողաթմբից մի բուռ կխառնվի Եռաբլուրում ննջող Սոսե մայրիկի շիրմաթմբին, երբ Գևորգ Չաուշի գերեզմանի հողը կխառնվի Եռաբլուրում հանգչող հերոսների, Անդրանիկ Զորավարի շիրիմներին…

Յուրի Միքայելյանը ազատամարտիկներին բնութագրելու համար մի պատմություն է պատմում.

-Երբ քանդակագործ Երվանդ Քոչարը ստեղծում է հրաշակերտ «Սասունցի Դավիթ» արձանը ու որոշ ժամանակ անց ձեռնամուխ է լինում «Վարդան Մամիկոնյան» ձիարձանի քանդակելուն՝ արվեստագետները, քանդակագործ ընկերները զգուշացնում, կասկած են հայտնում, որ դա կրկնություն կլինի՝ և ահա թե ինչ գաղտնիք է բացում մեծ արվեստագետը. «Ավարայրի ճակատամարտում թշնամին ունեցել է 260 հազար զինվոր, իսկ մենք 60 հազար։ Թշնամին նայել է մեր փոքրաթիվ զորքին ու զարմացել, ծիծաղել, անմտություն է համարել՝ չի հասկացել, չի ըմբռնել այդ խենթությունը… Իմ «Վարդան Մամիկոնյան» ձիարձանը միակ քանդակն է աշխարհում, որտեղ ձին ոչ թե ծառս է լինում հետևի ոտքերի վրա (ինչպես լինում է սովորաբար), այլ հակառակը՝ իջնում ու հենվում է առջևի ոտքերին։ Հայոց այրուձին այդպես էր իջնում լեռներից։ Իսկ երբ թիկունքիդ հայոց լեռներն են, ու քո զարկը լեռներից է՝ անպայման հաղթելու ես»։ Մեր աշխարհազորային տղաները Վարդան զորավարի այդ ոգին ունեն, այդ հավատը։

Պատմությունը, ցավոք, Վարդան զորավարի աշխարհազորայինների անունները մեզ չի ավանդել, ուստի սխալը չկրկնելով` այսօր մենք պարտավոր ենք սերունդներին փոխանցել Արցախյան պատերազմի մասնակիցների անունները: Ահա մի քանի անուն. Արթուր Հովհաննիսյան, Սարգիս Ղազարյան, Վաչիկ Գալստյան (Չաուշի՝ Ռուբեն Գալստյանի եղբայրը), Սեյրան Չիլինգարյան (Տավուշի Արծիվ), Կորյուն Ղումաշյան, Արթուր Այվազյան, Արթուր Ադամյան, Նորիկ Սարգսյան (Մորուք Նորիկ), Կիմ Գիլոյան, Մկրտիչ, Ռաֆիկ (Ծերուկ), Քեռի Թելման, Գագիկ, Աբգար, Բյուրականցի Արտակ, Գորիսի տղաները, Արմեն Բաբայան (Շռամ), Գևորգ Գևորգյան, Արմեն (Տուզ), Երրորդ գյուղի Գոքոր… Ո՞ր մեկին թվես՝ բոլորն էլ նվիրյալ, արծիվ տղաներ…

Ղարաբաղի պատերազմի վետերանների զրույցներից հայրենասիրության, հայրենապաշտության, հերոսության հետ նաև կաթիլ-կաթիլ ցավ էր կաթում, և սակայն նրանց մեջ պետության, պետականության հանդեպ պատասխանատվությունը վեր էր ամեն ինչից։ Եվ նրանք 21-րդ դարավերջին ավելի են կարևորում ազգային արժեքների պահպանումը, որովհետև ինչպես իրենք են ասում, երբ սերը պակասում է աշխարհից՝ խաչքարի ստվերում շնացողը խոսում է բարոյականությունից, մուրացկանի հացը գողացողը խոսում է արդարությունից, անպաշտպան-անմեղին ապտակողը խոսում է հերոսությունից, ծնողին ծերանոց գցողը խոսում է բարությունից, քաղցածին մի կտոր հաց տվողը խոսում է բարեգործությունից…

– Մենք պիտի դիմակայենք այս արատավոր երևույթներին, պարտավոր ենք, որովհետև Արցախյան պատերազմում վերջնականապես համոզվեցինք` հույսը միայն մեզ վրա կարող ենք դնել, մեր բազկի զորության վրա…

Այսպես են ասում հաղթանակած զինվորները։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #50 (966) 20.12.2012 – 26.12.2012, Բանակ և հասարակություն


21/12/2012