ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ
Գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասի շարահրապարակում նախաճաշից հետո սկսված պարապմունքը շարունակվում էր։ Առաջին իսկ հայացքից հասկացանք, որ զինվորները նորակոչիկներ են. եթե առանձին ստորաբաժանումներում արդեն բավական վարժ էին ստացվում քայլքը, շարժումներն ու շրջադարձերը, ապա որոշներում դեռևս ճիշտ չէին պահում ոտքը, շփոթվում էին, գցում շարքի ռիթմը։ Պարապմունքի ընթացքին հետևում էր ուսումնական գումարտակի հրամանատար փոխգնդապետ Կարեն Անդրեասյանը։
-Համալրումը սկսվել է զորակոչի առաջին օրվանից՝ նոյեմբերի 19-ից և դեռ շարունակվում է, այս տղաները,- ցույց է տալիս դժվարացողներին,- երեկվա եկածներն են, գիշերվա ժամանածներին վաշտի ավագը տարավ համազգեստ ստանալու։
Քիչ ավելի ուշ, երբ գումարտակի հրամանատարին խնդրեցինք ներկայացնել նորակոչիկների ընդունման, տեղավորման կարգը և նրանց հետ տարվող աշխատանքները, փոխգնդապետ Անդրեասյանն ասաց.
-Նախ ուզում եմ խոսքս ուղղել մեր զինվորների ծնողներին. շատ սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ ձեր որդիները մեր զինվորներն են, ի՛մ զինվորներն են։ Մենք ավանդապահ, ընտանիք սիրող ժողովուրդ ենք և դժվարությամբ ենք տանում ընտանիքի, առավել ևս՝ զավակի նույնիսկ ժամանակավոր բացակայությունը։ Բայց ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Ձեր որդիներն ապահով ձեռքերում են, նրանք մեր անգին զինվորներն են։ Մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք միշտ լինեն առողջ ու առույգ, ունենան բարձր տրամադրություն, լավ սովորեն ու բարձրակարգ մասնագետներ դառնան, որպեսզի ծառայության ողջ ժամանակաշրջանում ճիշտ օգտագործեն իրենց գիտելիքները, հմտությունները և եռանդը։ Հավատացեք ու մի կասկածեք՝ ձեր որդիները նաև մեր որդիներն են։ -Այնուհետև փոխգնդապետ Կ. Անդրեասյանը մանրամասնեց. -Նորակոչիկների յուրաքանչյուր խմբին ընդունելիս ես անձամբ զրուցում եմ բոլորի հետ, ուսումնասիրում յուրաքանչյուրի բժշկական քարտը և անձնական գրքույկը, որը լրացվում է զինկոմիսարիատում, զանգահարում եմ ծնողներին, տեղեկացնում, որ իրենց որդին ապահով տեղում է, խնդրում եմ անհարկի չայցելել զորամաս։ Այնուհետև նորակոչիկներին տանում ենք բուժկետ, որպեսզի բժիշկները կրկին զննեն, պարզեն նրանց առողջական վիճակը։ Բուժկետից հետո նրանք ստանում են զինվորական հանդերձանք, և սկսվում է ծանոթությունը զորամասի հետ, պարզաբանվում են զորատեսակի ու զորամասի խնդիրները։ Նորակոչիկների հետ առանձնազրույցներ են ունենում նաև գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը, վաշտերի, դասակների հրամանատարները։ Ձգտում ենք որքան հնարավոր է շատ տեղեկություն ստանալ յուրաքանչյուր նորակոչիկի, նրա ընտանեկան կազմի, դրության մասին։ Նույնիսկ ճշտում ենք՝ սիրած աղջիկ ունի՞, թե՞ ոչ։ Այնուհետև սկսվում է զինվորի իրավունքների և պարտականությունների պարզաբանման, զինվորական կանոնագրքերի ուսումնասիրման, զինվորական երդմանը նախապատրաստելու շրջանը։ Այսինքն՝ աշխատանքը տարվում է նորակոչիկների պատրաստության ծրագրի շրջանակներում։ Իրենց պարտականություններն են կատարում նաև ռազմական ոստիկանության զինծառայողները։ Մասնավորապես՝ իրականացնում են օրենքների պարզաբանում, հրահանգավորում, ինչպես նաև կատարում են մարմնական զննում։ Ասեմ նաև, որ մեր սպաները, սերժանտները փորձառու են, ուշադիր և հոգատար, ու մենք, մշտապես վերահսկելով նրանց աշխատանքը, պահանջում ենք գործել օրենքի շրջանակներում, լինել համբերատար, սխալներն ուղղել դրական օրինակներով և ընդհանրապես ծառայություն իրականացնելիս միշտ հիշել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ զինծառայողներին ուղղված ուղերձների բովանդակությունը, դրանցում առկա խորհուրդներն ու պահանջները։
Թեև զորամասում կան արդեն մեկ ամիս ծառայող նորակոչիկներ, բայց դեռևս կրակային պատրաստության գործնական պարապմունք չենք ունեցել,- շարունակեց Կ. Անդրեասյանը,- դրա համար ՊՆ համազորային զորավարժարանը մեզ ուսումնական տեղամաս կհատկացնի դեկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակաշրջանում։ Զինվորական երդումը նախատեսել ենք անցկացնել երկու փուլով։ Առաջինը մինչև Նոր տարի, երկրորդը՝ մինչև 2013թ. ուսումնական տարվա մեկնարկը, այսինքն՝ մինչև հունվարի 15-ը։
Անդրադառնալով նորակոչիկների կրթական մակարդակին և որակական կողմերին՝ փոխգնդապետ Կ. Անդրեասյանն ասաց.
-Ընտրության համար հավաքակայան ինքս եմ գնում կամ ԱՀՏԱ գծով իմ տեղակալ մայոր Արսեն Սեդրակյանը։ Ընտրությունը կատարվում է հանձնաժողովի ընդհանուր ուժերով, հաշվի են առնվում ինչպես զինակոչիկների գիտելիքները, այնպես էլ ունակությունները, ֆիզիկական տվյալները, բնավորության առանձնահատկությունները և այլ հանգամանքներ։ Ընդհանուր առմամբ ես գոհ եմ նորակոչիկներից, շատ են բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջին, երկրորդ կուրսերից զորակոչվածները, ունենք ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, գեղարվեստի ակադեմիայում սովորողներ։ Մենք նրանց ուժերն արդեն սկսել ենք օգտագործել հասարակական ակտիվներում, կազմավորում ենք գեղարվեստական ինքնագործունեության խմբեր։
Գումարտակի հրամանատարը պարզաբանեց նաև, թե ինչպես են դիմավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
-Իհարկե, տոնական սեղանը պատրաստելու է զորամասը նախարարության հատկացրած լրացուցիչ մթերքով։ Գեղարվեստական մասն ապահովելու են զինվորները։ Սուրբ Ծննդյան օրը մենք սովորաբար զինվորներին տանում ենք եկեղեցի, և այն զինվորները, որոնք մկրտված չեն, այդ օրը մկրտվում են։ Ինչպես միշտ, այս տարի էլ ամեն ինչ կանենք, որ զինվորները ոչնչի պակաս չունենան։
Պարզաբանելով առաջիկա ուսումնական փուլի կարևոր անելիքները՝ նա ավելացրեց.
-Ինչպես գիտեք՝ մեր ուսումնական գումարտակը մարտական զորամասերի համար պատրաստում է ինժեներ-սակրավորներ, ջոկի հրամանատարներ, ինժեներական տեխնիկայի մեխանիկ-վարորդներ։ Գործընթացի առաջին մասը հիմնականում իրականացվում է լսարանային պայմաններում, որտեղ առկա են ինչպես հին, այնպես էլ ժամանակակից տեխնիկայի, զինամթերքի բոլոր ուսումնական նմուշները, պլակատները, ինչպես նաև անհրաժեշտ գրականությունը։ Գարնանը սկսվում է դաշտային պարապմունքների ակտիվ շրջանը։ Կազմակերպում ենք ճամբարային հավաք, որի ընթացքում կատարվում է մեքենավարում, ինչպես նաև մեքենայական ինժեներական աշխատանք, պայթեցումներ, ականների տեղադրում, ականազերծում, անվտանգության ապահովման գործնական պարապմունքներ և այլն։ Դուք գիտեք, և զինվորներին (կուրսանտներին) էլ մենք անընդհատ պարզաբանում ենք, թե սրանք որքան կարևոր՝ գիտելիքներ, հմտություններ, ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող աշխատանքներ են, ուստի հորդորում ենք լավ սովորել ու դառնալ բանիմաց, լիարժեք մասնագետներ։ Չի բացառվում, որ նրանցից շատերը ծառայեն առաջնագծում և ինժեներական աշխատանքներ կատարելու առաջադրանքներ ստանան։ Մեզ համար կարևոր չէ, թե մեր կուրսանտը ո՞վ է, ո՞ւմ որդին է։ Խստապահանջ ենք բոլորի նկատմամբ։
♦♦♦
Պարապմունքներից հետո զրուցեցինք նորակոչիկների հետ։
-Ես Արման Ասատրյանն եմ, Նոր Հաճընից եմ, երեկ եմ եկել, ամեն ինչ անսովոր է, սովորում եմ ագրարային համալսարանում։
-Գեղամ Բարբարյան, Արագածոտնի մարզի Օրգով գյուղից եմ, կրթությունս միջնակարգ է, արդեն մեկ ամիս է, ինչ այստեղ եմ ու կարող եմ ասել, որ շատ լավ զորամաս է, պայմաններն ընտիր են, ճաշերը համեղ, սպաները կիրթ են, ոչ մի բանի կարիք չունեմ, այստեղ ամեն ինչ կա։
-Գևորգ Պողոսյան, 25 օր առաջ եմ զորակոչվել, կրթությունս միջնակարգ է, զբաղվում էի ըմբշամարտով։ Գիտեմ, սակրավոր ենք դառնալու։ Ծնողներիս ասել եմ, որ չգան, միայն երդման օրը թող գան։
-Արթուր Ղազարյան, ծնվել եմ Շիրակի մարզի Իսահակյան գյուղում, դպրոցից հետո քարի հանքում եմ աշխատել։
Մարտին Մարտիրոսյանը, Գևորգ Պողոսյանը և Արթուր Ղարիբյանն ասացին, որ իրենք էլ են զբաղվել ըմբշամարտով։ Միհրան Ավագյանն էլ ավելացրեց, որ սովորել է ինֆորմատիկայի պետական քոլեջում ու միաժամանակ ֆուտբոլ է խաղացել «Բանանց», «Փյունիկ» ու «Իմպուլս» թիմերում։
-Բանակից հետո շարունակելու եմ ֆուտբոլ խաղալ, ուզում եմ լավ ֆուտբոլիստ դառնալ,- ասաց նա։
Երբ հարցրինք՝ ամուսնացածներ կա՞ն, կարպեցի Գեղամ Ղամբարյանն ասաց.
-Ես ընկերուհի ունեմ, գրեթե նշանված ենք, կարոտում եմ։
Ծառայության պայմաններից իրենց գոհունակությունը հայտնեցին նաև ստեփանավանցի Ռոմիկ Բազազյանը, գյումրեցի Դավիթ Թումանյանը, արմավիրցի Նարեկ Հակոբյանը։
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան