ԾՈՒՂԱԿ
Պատմում է Ալբերտ Դիլանյանը
-Նոր-նոր լույսը սկսել էր բացվել։ Հայրս արդեն ոտքի վրա էր։ Հագնվել, պատրաստվում էր դուրս գալ։ Երեկոյան արդեն խոսել էր մեզ հետ, պայմանավորվել։ Դաշտ պետք է գնայինք՝ խոտհունձի։ Տնից դուրս գալուց նորից հիշեցրեց մորս՝ տղաները, երբ արթնանան, թող հաց ուտեն, դաշտ գան, ես երեք գերանդիներն էլ հետս տանում եմ, իրենց ասել եմ, գիտեն։ Ես եղբայրներիս՝ Արմենի, Արայի հետ պիտի գնայինք խոտհունձի, սակայն պայմանավորվածություն կար, որ պետք է առավոտյան ես Ղարաբաղ գնամ, տղաներին փոխարինելու։ Այդ մասին գիտեին միայն եղբայրներս։ Երբ դուրս եկանք և քիչ հեռացանք տնից, մեր ճանապարհները բաժանվեցին։ Ողջագուրվեցինք. «Դե. պապային մի բան կասեք, ասեք՝ ինստիտուտից կանչեցին (ես ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող էի)»։ Եղբայրներս ժպտացին՝ «Բա վաղը, մյուս օրը, մնացած օրերին ի՞նչ ասենք»։ Բայց դե սովորել էին՝ առաջին դեպքը չէր, որ գաղտնի Ղարաբաղ էի գնում։ Գնում էի ու առաջինը որ ջոկատին հանդիպում, այնտեղ էլ կռվում էի։ Առաջին անգամ հանդիպեցի Բեկորին՝ Աշոտ Ղուլյանին։ Երեկո էր, Մարտակերտի ճակատային գծում տղաները նահանջել էին, և ջոկատի տղաներից մեկը վիրավոր մնացել էր։ Դա եղած բան չէր, որ Բեկորի զինվորներից մեկնումեկի թեկուզ դիակը մնար ադրբեջանցիների մոտ։ Երբ մութն ընկավ, Բեկորը դիմեց տղաներին. «Ես գնում եմ Արմանի հետևից, ո՞վ կգա հետս։ Ինձ մի հոգի է հարկավոր»։ Երբ ես իմ համաձայնությունը տվեցի, Բեկորը հարցական ինձ նայեց։ Տղաները բացատրեցին. «Հրամանատար, ինքն էլ է կռվել Աֆղանստանում»։ Էլ ուրիշ բացատրություն պետք չէր։ «Գնացինք»,- ասաց ժպիտով ու առաջ անցավ։ Բարեհաջող անցանք թշնամու թիկունք, եղանք, ստուգեցինք այն վայրերը, որտեղ ըստ հրամանատարի պետք է լիներ վիրավոր զինվորը, սակայն ոչ մի տեղ չկար։ Երկար փնտրտուքից հետո, երբ որոշեցինք հետ գալ, ընկանք շրջափակման մեջ։ Մինչ օրս չեմ կարող մոռանալ այն փայլուն օպերացիան, որը կարճ ժամանակում մշակեց Բեկորը։ Մթության քողի տակ մեկս առաջանում էր մի 100-150 մետր և թիկունքից կրակահերթ արձակում։ Անակնկալի եկած թշնամու ուշադրությունը, կրակոցները երբ ուղղվում էին այդ կողմը, և շտապ առաջանում էին «դեպի թշնամին», մյուսն արագորեն անցնում էր նրանց թիկունք և մի 100-150 մ «ճանապարհ տալիս թշնամուն»։ Երբ դիրքերում էինք ու արդեն զգում էինք, որ թշնամին մոտեցել է՝ «թիկունքում» գտնվողս կամ առաջանում կամ հարմար դիրք էր գրավում և շեղում թշնամու ուշադրությունը։ Այսպես քայլ առ քայլ մոտեցանք մերոնց և դուրս եկանք շրջափակումից։ Պարզվեց՝ վիրավոր Արմանը մեր գնալուց հետո մի կերպ տեղ էր հասել…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Հոգևոր-մշակութային