Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ …ԱՅՍՕՐ



Փոխգնդապետ ՀԱՅԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ազգային բանակի կազմավորման տասնիններորդ տարեդարձի առթիվ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Մխիթարյանը պարգեւատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով, մինչ այդ պարգեւատրվել էր «Անբասիր ծառայության» առաջին եւ երկրորդ աստիճանի, «Գարեգին Նժդեհ» մեդալներով։ Փոխգնդապետ Հ. Մխիթարյանի կարծիքով՝ իրենց զորամասում շատերն են արժանի նման բարձր պարգեւի, որովհետեւ 2010թ. զորամասը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույնը հրետանային զորամասերի մեջ եւ պարգեւատրվեց Պատվո դրոշով։ Հաջողությունը ողջ անձնակազմի, հատկապես ստորաբաժանումների հրամանատարների քրտնաջան աշխատանքի արդյունք է։
Հայկը մտավորականների ընտանիքից է։ Նրա հայրը՝ ագրարային համալսարանի ամբիոնի վարիչ Ռազմիկ Մխիթարյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, մայրը՝ Մարգարիտա Մխիթարյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Նա էլ է աշխատում ագրարային համալսարանում։
Հայկ Մխիթարյանը սովորել է Ռուբեն Սեւակի անվան Երեւանի N 51 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո, 1990թ. ընդունվել եւ 1995-ին կարմիր դիպլոմով ավարտել է գյուղատնտեսական ակադեմիան։ Մերժելով գիտությամբ զբաղվելու բոլոր առաջարկները՝ բուհն ավարտելուց հետո նա ուսումը շարունակում է նորաստեղծ ռազմական ինստիտուտում, իսկ այն ավարտելուց հետո, նշանակվում է դասակի հրամանատար։ Սակայն երիտասարդ սպային ձգում էին զորամասային ծառայությունը, զինվորականի ակտիվ կյանքը, եւ նա տեղափոխվեց առաջնագիծ։
Վաշտը, որի հրամանատար նշանակվեց Հայկ Մխիթարյանը, զբաղված էր սահմանի պահպանությամբ։ Հենակետերում էլ նա ծանոթացավ դասակի հրամանատարների ու զինվորների հետ։ Սովորեց համազորային ակադեմիայում, իսկ երբ վերադարձավ, նշանակվեց զորամասի հրամանատարի տեղակալ։ Փոխգնդապետ Հայկ Մխիթարյանն ամուսնացած է, ունի երկու տղա։ Նա հուսով է, որ գոնե նրանցից մեկը անպայման կդառնա զինվորական։

Փոխգնդապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Փոխգնդապետ Հարություն Զաքարյանը ծնվել է Աշտարակում։ 1982թ. ավարտել է տեղի Ներսես Աշտարակեցու անվան N 1 միջնակարգ դպրոցը, իսկ երկու տարի անց ընդունվել է ռազմաօդային բարձրագույն ուսումնարան։ Երբ Հարությունը ռազմական օդաչուի որակավորմամբ ավարտեց ուսումը, պարզվեց, որ հետագա ծառայությունը պետք է շարունակի նույն հաստատությունում։ Ավանդույթի համաձայն՝ ամենալավ շրջանավարտները մնում էին տեղում եւ աշխատում կուրսանտների հետ։ Եվ երիտասարդ սպան դարձավ օդաչու-հրահանգիչ։ Մի քանի տարի այստեղ ծառայելուց հետո Հարություն Զաքարյանը տեղափոխվեց մարտական զորամաս, թռիչքներ կատարեց, վարպետությունը կատարելագործեց արագընթաց տարբեր՝ հիմնականում գրոհային եւ կործանիչ ինքնաթիռների վրա, ստացավ առաջին կարգի ռազմական օդաչու-հրահանգչի որակավորում։
Այնուհետեւ հնարավոր դարձավ Հ. Զաքարյանի վերադարձը հայրենիք։ Նա համալրեց հայ օդաչուների շարքերը եւ իր մասնագիտական գիտելիքները, փորձը ծառայեցրեց երիտասարդ օդաչուների վարպետության կատարելագործման կարեւոր գործին։ Միաժամանակ, նրան տրվեցին կարեւոր ու պատասխանատու առաջադրանքներ, մասնակցեց հայ-ռուսական համատեղ զորավարժություններին, շքերթների ժամանակ կատարեց ցուցադրական թռիչքներ։
Փոխգնդապետ Հարություն Զաքարյանն այժմ իր հաշվին ունի բավականին շատ թռիչքաժամ։ Նա զորամասի հրամանատար գնդապետ Ի. Մարտիրոսյանի տեղակալն է, պարգեւատրվել է «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի եւ «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։ Առօրյա ծառայական խնդիրներից, մարտական պատրաստությունից եւ մարտական հերթապահությունից բացի, նա շարունակում է աշխատանքը զորամասը համալրող երիտասարդ օդաչուների հետ։ Փորձառու սպան համոզված է, որ մեր օդաչուները կարող են կարճ ժամանակ հետո հաջողությամբ օդ բարձրանալ ժամանակակից ամենաարագընթաց ռազմական ինքնաթիռներով։

Մայոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Մայոր Հարություն Սարգսյանն ավիացիոն զորամասում խմբի պետ է։ Նա Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղից է։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո եկել է մայրաքաղաք եւ ընդունվել Երեւանի թռիչքատեխնիկական (այժմ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ավիացիայի ինստիտուտ) ուսումնարանի ռադիոէլեկտրոնային սարքավորումների բաժին։ Ավարտելով ուսումը՝ ծառայության է անցել այս զորամասում։ Սկզբում նրան որպես տեխնիկ ընդգրկում են խմբում, իսկ հետո դարձել է բոլոր թռչող ապարատների պատասխանատուներից մեկը։ Հարկավոր է մշտապես ստուգել սարքավորումների աշխատանքը, վերացնել թերությունները, որ ինքնաթիռները օրվա բոլոր ժամերին պատրաստ լինեն թռիչքի։

Կապիտան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽՄՈՅԱՆ

Կապիտան Հովհաննես Խմոյանը գնդապետ Ս. Սեդրակյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտկոցի հրամանատար է։ Նա Արարատի մարզի Լուսառատ գյուղից է։ Դպրոցից հետո՝ 1998թ. զորակոչվել է ազգային բանակ։ Ծառայելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրետանավորների բաժինը։ Ավարտելով ուսումը՝ ծառայության է նշանակվել առաջնագծի զորամասերից մեկում՝ որպես դասակի հրամանատար։ Այստեղ ծառայելով՝ զբաղեցրել է տարբեր պաշտոններ, սովորել է հարազատ ինստիտուտի վերապատրաստման դասընթացներում, այնուհետեւ տեղափոխվել է այս զորամաս եւ նշանակվել մարտկոցի հրամանատար։ Զորամասը լավագույնն է ճանաչվել հրետանային զորամասերի շարքում, որի մեջ իր ներդրումն ունի նաեւ կապիտան Հովհաննես Խմոյանը։

Ավագ լեյտենանտ ԷԴՄՈՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ եւ լեյտենանտ ՀՐԱՉ ՄՈՍԻԿՅԱՆ

Երիտասարդ ռազմական օդաչուների տրամադրությունը շատ բարձր էր։ Զորամասը ստացել է նոր ինքնաթիռներ, որոնք հիմնականում օգտագործվում են ուսումնական նպատակներով։ Ավագ լեյտենանտ Էդմոն Սուքիասյանը եւ լեյտենանտ Հրաչ Մոսիկյանը էսկադրիլիայի օդաչուներ են։ Էդմոնը երեւանցի է, իսկ Հրաչը՝ մանթաշցի։ Էդմոնը 2008թ. է ավարտել մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիայի ինստիտուտը, իսկ Հրաչը՝ հաջորդ տարում։ Նոր ինքնաթիռներն ավելի շատ թռչելու, վարպետություն ձեռք բերելու հնարավորություն կընձեռեն, եւ հեռու չէ այն օրը, երբ այս երիտասարդ օդաչուներն իրենց բոլոր թռիչքները կկատարեն միմիայն մարտական ինքնաթիռներով։

Խորագիր՝ #06 (871) 16.02.2011 – 23.02. 2011, Ազգային բանակ


24/02/2011