Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՈՒԽՏԸ ՉԴՐԺԵՆՔ



Հարցազրույց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ

-Աստված օգնական, Սրբազան: Լրանում է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության 15-ամյակը: Այս ամբողջ ընթացքում ի՞նչ է տվել Եկեղեցու սպասավորը բանակին:

– Աստված պահապան: Եթե փորձեմ հակիրճ ասել, ապա պետք է արձանագրեմ, որ նույնիսկ նրա լուռ ներկայությունը զորամասում դրական է անդրադարձել զինծառայողների միջանձնային հարաբերությունների և ծառայության վրա: Առավել ևս, եթե հոգևոր սպասավորը բարեխղճորեն է կատարում իր պարտականությունները, ապա նրա աղոթքով Քրիստոսի օրհնությունն է իջնում զորամասի ամբողջ անձնակազմի վրա, նրա աղոթքով Աստված բոլոր զինծառայողներին պաշտպանում է երևելի և աներևույթ թշնամիներից: Եւ եթե բոլորն իրենց սրտերը բաց պահեն աստվածային այդ շնորհի առաջ, ապա միջանձնային փոխհարաբերություններում գերիշխող կլինեն սերը, քրիստոնեական ներողամտությունը, իսկ ծառայությունը կանցնի խաղաղ և անփորձանք: Ինքներդ դատեք, թե դա ինչ նշանակություն ունի զորամասում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ապահովելու գործում:

– Ի՞նչ խնդիրներով են զինծառայողները դիմում հոգևորականներին:

– Զինծառայողները հոգևորականներին դիմում են ինչպես հոգևոր-եկեղեցական, այնպես էլ անձնական-հոգեբանական և ծառայությունից բխող ամենատարբեր խնդիրներով: Դիմելու հաճախականությամբ առաջին տեղերում են «Ինչո՞ւ է Աստված հանդուրժում անարդարությունը», «Ինչու՞ աղանդավորները չեն ծառայում» և այլ հարցեր:

– Եվ ի՞նչ լուծում են ստանում այդ հարցերը:

-Հոգևորականը հնարավորինս սպառիչ պատասխան է տալիս յուրաքանչյուրի հարցին: Օրինակ` անարդարության մասին հարցը տարողունակ պատասխան ունի, եթե հակիրճ ասեմ՝ յուրաքանչյուրը պատասխանատու է իր մեղքերի համար, իսկ անպատիժ ոչ ոք չի մնալու՝ լինի այս աշխարհում, թե հանդերձյալում: Ինչ վերաբերում է մյուս խնդիրներին, ապա դրանց լուծումը հաճախ կախված է այն հանգամանքից, թե զինծառայողն արդյոք հավատո՞ւմ, վստահո՞ւմ է հոգևոր սպասավորին, արդյոք անկե՞ղծ է նրա հետ: Չի եղել մի դեպք, որ զորամասի հրամանատարը մերժի հոգևոր սպասավորի միջնորդությունը: Անհրաժեշտության դեպքում հոգևոր սպասավորը կարող է հանդիպել նաև զինծառայողի ընտանիքի անդամների հետ, եթե դա նպաստում է խնդիրը լուծելուն:

– Զորամասերում ինչքա՞ն է Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների մոտավոր քանակը:

– Զորակոչիկներն անհատական թերթիկներում նշում են նաև իրենց կրոնական պատկանելությունը: Եթե առաջնորդվենք այդ նշումներով, ապա գրեթե բոլորն էլ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են, և շատ քչերն են այլադավաններ կամ աղանդավորներ: Սակայն դա միայն ազգային պատկանելությամբ չի որոշվում. Հայ Առաքելական եկեղեցու հետևորդը նա է, ով մկրտված է, ունի մեր Եկեղեցու դավանանքը, ընդունում է նրա վարդապետությունը, մասնակցում է Եկեղեցու խորհուրդների կատարմանը: Ուստի զորամասի հոգևոր սպասավորի համար քանակական պատկերը պարզ է դառնում ժամանակի ընթացքում: Եթե հաշվի առնենք ասածս չափանիշները, ապա մեր Եկեղեցու հետևորդների թիվն ավելի քիչ է թերթիկներում արձանագրված քանակից:

– Գիտեմ, որ շատերը նույնիսկ մկրտված չեն:

– Այո՛, վերջերս ավելացել է չմկրտված զորակոչիկների թիվը: Նախատեսում ենք իրականացնել ծրագիր, ըստ որի՝ ծառայության առաջին 6 ամիսների ընթացքում հոգևոր սպասավորը պետք է զինծառայողներին նախապատրաստի մկրտության, որից հետո զորամասին մոտակա եկեղեցում մկրտի նրանց:

– Ո՞րն է 2012 թվականի ամենամեծ ձեռքբերումը Ձեր գլխավորած կառույցի համար:

– Հոգևոր սպասավորների գիտակցության մեջ տեղի ունեցած փոփոխությունը: Չեմ թաքցնի, նախկինում կար այն մտայնությունը, որ բանակում հոգևոր սպասավորության նշանակվելը ամենածանր և անցանկալի պարտավորությունն է հոգևորականի համար: Սակայն հատկապես այս տարի Բանակ-Եկեղեցի փոխհարաբերությունների ջերմացումը մեծ ազդեցություն ունեցավ, և զորամասերի հոգևոր սպասավորները վերջնականապես համոզվեցին իրենց գործի վիթխարի կարևորության մեջ: Արդյունքում՝ այսօր կան 2 տարի ծառայած հոգևոր սպասավորներ, որոնք ցանկություն են հայտնել շարունակելու ծառայությունը: Նրանք ուզում են տեսնել իրենց ցանած հոգևոր սերմերի պտուղները: Սա շատ ուրախալի փաստ է, որը վկայում է՝ կառույցը կայանում է: Զորամասի հոգևոր սպասավոր դառնալ ցանկացողներն օր օրի ավելանում են: 8 հոգի արդեն մշտական ծառայության է անցել:

– Փաստորեն, ԶՈՒ հոգևոր սպասավորությունը յուրահատուկ «մասնագիտության» է վերածվում:

– Այո՛, դա է վերջնանպատակը, որին ձգտում ենք: Երկու տարվա ծառայության բացասական կողմն էլ այն է, որ մի հոգևորականի սկսած գործը շարունակում է մեկ ուրիշը, և միշտ չէ, որ նույն արդյունավետությամբ: Ինչ-որ իմաստով կարելի է զուգահեռներ տանել նախկին «երկտարեցի» սպաների ծառայության խնդրի հետ. նրանց փոխարինեցին արհեստավարժ սպաները, և դա կտրուկ բարձրացրեց ծառայության որակը: Նույնը հոգևոր սպասավորների դեպքում է: Մասնագիտացումն ամեն գործում էլ լավագույն արդյունքն է տալիս:

– Իսկ ԶՈՒ հոգևոր սպասավորությունն ունի՞ ինչ-որ առավելություն, որը շահագրգռի հոգևորականներին ծառայելու բանակում:

– ԶՈՒ հոգևոր սպասավորությունը մեծ դպրոց է հոգևորականի համար: Եթե ծխական քահանան պետք է տնից տուն անցնի և ընտանիք առ ընտանիք քարոզի, ապա բանակում պատրաստի լսարան կա, և քրիստոնեական քարոզչության ասպարեզում մեծ արդյունքի կարելի է հասնել: Զորամասն իդեալական տեղ է հոգևորականի կայացման համար:

– Ինչպե՞ս են վարձատրվում ԶՈՒ հոգևոր սպասավորները, սոցիալ-կենցաղային ի՞նչ խնդիրներ ունեն:

– Առայժմ հոգևոր սպասավորի աշխատավարձի մի մասը վճարում է պաշտպանության նախարարությունը, մյուսը՝ Մայր Աթոռը: Գումարը մեծ չէ, եթե չասենք ավելին: Խնդիրը կարոտ է սկզբունքային լուծման. ԶՈՒ հոգևոր սպասավորությունը պետք է կարգավորվի օրենսդրորեն, առայժմ օրենսդրական հիմքը բաղկացած է Եկեղեցու և Բանակի միջև կնքված ընդամենը մի հուշագրից և ՀՀ Սահմանադրության մի հոդվածից: Օրենք է պետք ընդունել, որն էլ կերաշխավորի ԶՈՒ հոգևոր սպասավորների ինչպես վարձատրությունը, այնպես էլ սոցիալական պաշտպանվածությունը:

Առայժմ հարցերը կարգավորվում են վերոնշյալ հուշագրով ձեռք բերված փոխհամաձայնությունների համաձայն: Ջանում ենք ամուսնացած հոգևորականներին ծառայության նշանակել այն վայրերում, որտեղ կենցաղային պայմանները բավարար են: Հեռավոր զորամասերում ծառայության ենք նշանակում կուսակրոններին և սարկավագներին: Մեր քահանաները կցված են տարբեր եկեղեցիների և թեմակալ առաջնորդների համաձայնությամբ կարող են կատարել եկեղեցական տարբեր արարողություններ, որոնց համար տրվող խաչհամբույրը նույնպես ինչ-որ չափով լուծում է նրանց սոցիալական խնդիրները:

– Քարոզչական ի՞նչ աշխատանքներ են կատարվել բանակում:

– Չափազանց կարևոր է զինծառայողներին Աստվածաշնչով, աղոթագրքերով, սրբապատկերներով ապահովելը: Դա մեծապես կապված է ֆինանսական խնդիրների հետ: Առայժմ աշխատում ենք բարերարների աջակցությամբ: Կազմել ենք զինվորի աղոթագիրք, որում ներառված են աղոթքներ գրեթե բոլոր այն իրավիճակների համար, որոնցում լինում է զինծառայողը: Մարտական հենակետերն ապահովել ենք Նոր Կտակարանով: Տպագրության է հանձնվել Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հովանավորությամբ ստեղծված «Զինվորի Աստվածաշունչը», որը հատուկ սկզբունքով Աստվածաշնչից արված ծաղկաքաղ է. այդպիսի տպագրություն որևէ երկրում չի եղել: Ծրագրում ենք մինչև 2015թ. ԶՈՒ բոլոր զինծառայողներին ապահովել Աստվածաշնչով, որն իր մշտական տեղը կունենա նրա անձնական պահարանիկում:

Պատրաստում ենք քրիստոնեական ու ռազմահայրենասիրական թեմաներով ռադիոհաղորդումներ, որոնք եկող տարվանից հեռարձակվելու են զորամասերի ռադիոհանգույցների միջոցով: Դրանց ընթացքում անդրադառնալու ենք նաև այնպիսի խնդիրների, ինչպիսիք են բարոյական արատները, մոլությունները, ինքնասպանությունը:

Կա Աշոտ Երկաթի անվան շքանշան հիմնելու գաղափարը: Դրանով ԶՈՒ հոգևոր սպասավորի երաշխավորությամբ պարգևատրվելու են այն զինծառայողները, որոնց առաքինի կենսակերպը պետք է ընդօրինակման արժանի լինի մյուսների համար:

– Ի՞նչ է արվում եկեղեցաշինության ասպարեզում:

– Քանի որ մեր նպատակն է հասնել այն բանին, որ ԶՈՒ քահանաները հնարավորություն ունենան զորամասերում կատարելու Եկեղեցու բոլոր խորհուրդները, ապա այնտեղ պետք է եկեղեցիներ կառուցվեն: Գործընթացը սկսված է: ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության վարչությունում պատրաստվել է զորամասային տիպային եկեղեցու նախագիծ, որն արդեն արժանացել է Մայր Աթոռի ճարտարապետի հավանությանը և Վեհափառ հայրապետի օրհնությանը: Դա բազիլիկ եկեղեցի է, որի կառուցումը նվազագույն ծախս է պահանջում:

Եկեղեցաշինության երկրորդ փուլում նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածքում կառուցել գմբեթավոր եկեղեցի, որի ուրվագիծը պատրաստ է: Եվ երրորդ փուլում պետք է Երևանում կառուցվի հայոց բանակի առաջնորդանիստ եկեղեցի: Վերջինիս ուրվագիծը նույնպես պատրաստ է: Սպասում ենք բարերարների աջակցությանը:

-Տա Աստված, որ եկեղեցիները կառուցվեն և, ամենակարևորը, այցելու ունենան:

– Ունենալու են: Խաչապաշտ ազգ ենք եղել, խաչապաշտ էլ պետք է մնանք: Քրիստոսին կես ճանապարհին չեն լքում: Սուրբ Գրիգոր Լուսավորչի վկայությամբ Աստծուն ազգովի տրված մեր ուխտը չպետք է դրժենք: Քրիստոսի զորակցությամբ դեռ երկար ճանապարհ ունենք գնալու:

Զրույցը վարեց
Ա. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ
փոխգնդապետ

Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային


27/12/2012