ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը եւ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպեցին լրագրողների հետ: Պաշտոնյաները ներկայացրին իրենց ղեկավարած գերատեսչությունների կատարած աշխատանքների հաշվետվությունը:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ 132 ԲՆԱԿԱՐԱՆ
Վանաձորում, Էջմիածնում, Արարատում, Կարմրաքարում և հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում 2013 թվականի բնակարանաշինության ծրագրով նախատեսված է 5 բնակելի շենքերի կապիտալ վերանորոգում, բնակարանների ընդհանուր թիվը`155: Կառուցվելու է 3 նոր շենք. Երևանում կառուցվելիքը կունենա 132 բնակարան: Գալիք տարում բարելավվելու են նաև հոսպիտալների պայմանները: Առաջին հերթին վերանորոգվելու է կենտրոնական կլինիկական հոսպիտալի գլխավոր շենքը և մասնաշենքերից մեկը:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը: Նա նշեց, որ 2012 թվականին ուշադրության կենտրոնում են եղել կաթսայատնտեսությունների շահագործման աշխատանքները, վերանորոգվել են 161 տարբեր հզորության էլեկտրական շարժիչներ, 94 տարբեր պոմպեր և այլն: Շահագործման են հանձնվել 3 բնակելի շենքեր` 90 բնակարանով, 7 զորանոց, երեք ճաշարան, մեկ բաղնիք և նույնքան զուգարան, վերանորոգվել է 7 զինավանի ճանապարհ, ջրամատակարարման 8 համակարգեր, 64 զորանոցներ, 38 շտաբային շենքեր, 87 վարչական եւ այլ բնույթի շենքեր, 25 բուժկետեր, 48 ճաշարաններ, ջրամատակարարման գծեր, արտաքին լուսավորության համակարգեր, ճանապարհներ եւ այլն: Իրականացվել են 4 177 քմ ապակեպատման աշխատանքներ, 167 310 քմ ներկարարական աշխատանքներ, վերանորոգվել են տանիքները:
Վարչության պետը նշեց, որ վերջին 20 տարում կառուցվել է ենթակայության տակ գտնվող 5,5 հազար կառույցների 16%-ը, վերանորոգվել` 20%-ը, մնացած 64%-ի պիտանիության ժամկետը լրացել է, և դրանք ևս ենթակա են վերանորոգման:
ԳՈՐԾՈՒՄ Է ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Սպաների որակավորման նոր համակարգի համաձայն` ավելի բարձր կոչման արժանանալու համար սպան պետք է նախ որակավորման դասընթացներ անցնի` մեկ շաբաթից մինչև 5 ամիս տևողությամբ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը: Նա նշեց, որ 2012 թվականին մշակվել և ներդրվել է սպայական կադրերի որակավորման նոր` թեստավորման ձևաչափ, հաստատվել է ռազմակրթական հայեցակարգը, զինվորական մասնագիտությունների համար սահմանվել են նոր չափորոշիչներ։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե որ երկրների ռազմակրթական հաստատություններում են ուսանում հայ սպաները: Վարչության պետը արտերկրում ուսանող հայ սպաների եւ կուրսանտների ընդհանուր թիվը չնշեց, բայց տեղեկացրեց, որ Ռուսաստանի ռազմաուսումնական հաստատություններում ներկայումս ուսանում է ավելի քան 250 հայ սպա եւ կուրսանտ։ Հայ ուսանողներ ընդունող երկրորդ երկիրը ԱՄՆ-ն է. այստեղ ուսանում են մոտ 30 հայ սպաներ և կուրսանտներ: Հայ զինծառայողները կրթություն են ստանում նաեւ Չինաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լիտվայում և Իտալիայում։
ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՃՇԳՐԻՏ ՈՒ ՀԵՌԱՀԱՐ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻՆ
2012 թվականի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են ավելի քան 16 հազար անգամ, այն դեպքում, երբ 2011 թվականին գրանցվել է հրադադարի խախտման 12 հազար 700 դեպք, իսկ 2010-ին` 7300:
Լրագրողներին այս թվերը ներկայացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը եւ նշեց, որ հակառակորդը փորձում է ավելի մեծ լարվածություն ստեղծել սահմանային գծում, փորձում է ինչ-որ խնդիրներ լուծել, սակայն այս դրսեւորումները մարտական արդյունավետություն չեն ունենում: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին մեր պատասխանը 9-10 անգամ ավելի քիչ է, բայց ավելի դիպուկ, հակառակորդը դրա արդյունքում էական կորուստներ է կրում. «Սա ցույց է տալիս մեր զինված ուժերի մարտունակության բարձր աստիճանը»,- ընդգծեց մամուլի քարտուղարն ու նշեց, որ հակառակորդը 3 հազար անգամ կրակել է փոքր եւ միջին տրամաչափի դիպուկահար զենքերից, իսկ 350-400 անգամ` մեծ տրամաչափի:
Անդրադառնալով նոր զինատեսակների ձեռքբերմանը` Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ 2013 թվականին եւս զինված ուժերի սպառազինության արդիականացման գործում շեշտը դրվելու է ճշգրիտ ու հեռահար հարվածային զինատեսակների ձեռքբերման վրա. «Տարվա ընթացքում մենք հայտարարեցինք, որ հակառակորդի հրասայլերի ակտիվ պաշտպանությունը հաղթահարող նորագույն հակահրթիռային համալիրներ ենք ձեռք բերել: Խոսքը նոր սերնդի գերճշգրիտ հարվածային սպառազինության մասին է, որը լրջագույն կանխարգելիչ միջոց է հակառակորդի դեմ»:
Մամուլի քարտուղարը լրագրողներին ներկայացրեց նաեւ նախարարի հատուկ հրամանով հաստատված «ՀՀ զինված ուժերի սպայի պատվի վարքականոնը», որը բաղկացած է 12 կետից:
Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ