Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՎԱՌՎՈՒՄ ԵՆ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ



Ամանորն ու Սուրբ Ծնունդը հայկական ավանդական, ամենասպասված տոներն են, որոնք պետական ու եկեղեցական նշանակություն ունենալուց զատ, ուրախություն ու հրճվանք են պատճառում ոչ միայն մանուկներին, այլև հասարակության լայն շերտերին, քանզի Նոր տարվա հետ ենք կապում մեր նպատակների, ծրագրերի, երազանքների, կիսատ մնացած ու ձեռնարկելիք գործերի իրականացումը։

Նոր տարին սպասված տոն է նաև բանակում ծառայող սպայի, բոլոր զինծառայողների, նրանց ընտանիքների համար։

Նոր տարին տոն է առաջնագծում պետական սահմանի պահպանություն իրականացնող զինվորի, ժամապահի, վերակարգում գտնվողների, մարտական հերթապահություն կատարող օդաչուական անձնակազմերի, երկրի օդային տարածքը հսկող ՀՕՊ մարտկոցների, ամեն րոպե մարտադաշտ դուրս գալու պատրաստ տանկիստների, հրետանավորների, բոլորի համար։ Եվ, իհարկե, սպասված տոնին ինչպես մենք տանը, այնպես էլ զորանոցներում պատրաստվում են նախօրոք՝ տեղը տեղին։

Ձևավորված ավանդույթի համաձայն, պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով, զորամասում Ամանորը դիմավորում և նշում են ամբողջ կազմով՝ հրամանատարի գլխավորությամբ։ Քիչ չեն նաև այն զորամասերը, որտեղ զինվորների հետ են Նոր տարին դիմավորում նաև հրամանատարների, սպաների ընտանիքների անդամները՝ միասին ունկնդրելով Վեհափառ Հայրապետի և ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա մաղթանքները։

Հիմա էլ արդեն պատրաստվում են, զարդարված են բոլոր տոնածառերը։

Տոնի նախօրեին մենք եղանք գնդապետ Կարեն Մարգարյանի հրամանատարությամբ գործող զորամասում և ականատես եղանք պատվո պահակախմբի՝ մայոր Սոկրատ Վարդանյանի հրամանատարությամբ գործող վաշտի նախապատրաստական աշխատանքներին։ Ընտրությունն ամենևին էլ պատահական չէր։ Չէ՞ որ մեր երկիր ժամանած օտարերկրյա բարձրաստիճան հյուրերը՝ նախագահները, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները մեր երկրի մասին առաջին տպավորությունը հենց նրանցից՝ պատվո պահակախմբի տղաների խրոխտ կեցվածքից են ստանում։ Այո՛, նրանք մեր երկրի դեմքն են, այցեքարտը, հայոց բանակի հզորության խորհրդանիշը։ Իմանալով մեր այցի նպատակը՝ վաշտի հրամանատարը մի խումբ զինվորների առաջարկեց Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ գրել իրենց սրտի խոսքը, մաղթանքները…

Մինչ տղաները հանգստի սենյակում շնորհավորանքներն էին պատրաստում, մայոր Ս. Վարդանյանը համառոտ ներկայացրեց 2012թ. իրենց մասնակցությամբ տեղի ունեցած հիմնական միջոցառումները։

-Ինչպես գիտեք, պատվո պահակախմբի գործունեությունը նախօրոք հնարավոր չէ ամբողջովին պլանավորել։ Հիմնական համապետական տոներից բացի, լինում են բազմաթիվ չծրագրված միջոցառումներ։ Անցնող տարում մասնակցել ենք ավելի քան 300 արարողության՝ բարձրաստիճան անձանց դիմավորում, տոնական միջոցառումներ, ծաղկեպսակների տեղադրում և այլն։ Պատահել է՝ մեկ օրվա ընթացքում մասնակցել ենք 3-4 միջոցառման։ Օրինակ՝ դիմավորում օդանավակայանում կամ նախագահական նստավայրում և պատվո պահակ Ծիծեռնակաբերդում, Եռաբլուրում…

Սովորաբար շատ ծանրաբեռնված ենք լինում մայիսյան տոների ժամանակաշրջանում։ Լինում են հուշարձանների բացման, զոհվածների ոգեկոչման և այլ արարողություններ,- ասաց վաշտի հրամանատարը և շարունակեց։ -Իհարկե, միջոցառումները հիմնականում անցկացնում ենք մեր նվագախմբի հետ միասին։ Ծառայությունը մեր զորամասում, մեր վաշտերում պատվաբեր է, բայց շատ պատասխանատու։

Մեր զինվորները պետք է լինեն բարձրահասակ, ունենան հաճելի արտաքին ու ֆիզիկական լավ տվյալներ, որպեսզի կարողանան դիմանալ պարապմունքների ծանրաբեռնվածությանը։ Լինում են դեպքեր, երբ նորակոչիկը շարային պատրաստությունից առաջընթաց չի ունենում և տեղափոխվում է ծառայելու մեկ այլ զորամաս։ Անկախ եղանակային պայմաններից, մեր զինվորներն օրական նվազագույնը չորս ժամ զբաղվում են շարային պատրաստությամբ։ Եթե նրանք անհրաժեշտ կոփվածք, հոգեբանական պատրաստություն չունենան, չեն կարող ընդգրկվել միջոցառումների ծրագրում։ Սովորաբար պատվո պահակները փոխվում են 30 կամ 40 րոպեն մեկ, կախված միջոցառման տևողությունից։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ նախագահների մակարդակով այցերը մեր երկիր քիչ չէին։ Եթե անցած տարի մեր գլխավոր «ստուգատեսը» անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսն էր, որի ժամանակ բոլորի վրա մեծ տպավորություն թողեց հատկապես մեր «դեֆիլեն», ապա այս տարի մենք այն ներկայացրինք ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի համատեղ զորավարժության բացման և փակման արարողություններին։ Տպավորությունը դարձյալ շատ մեծ էր։ Մեր վաշտում իրենց նվիրված ծառայությամբ, քրտնաջան աշխատանքով առանձնանում են վաշտի հրամանատարի տեղակալ կապիտան Հովհաննես Աբգարյանը, դասակների հրամանատարներ՝ կապիտաններ Արթուր Սողոմոնյանը, Հակոբ Նիկոլյանը, Կոմիտաս Սինանյանը, վաշտի ավագ ենթասպա Վանիկ Ասատրյանը։ Բոլոր զինվորներն էլ շատ լավ տղաներ են, բայցևայնպես ուզում եմ հստակ նշել սերժանտական խորհրդի նախագահ, ավագ սերժանտ Հայկազ Քամալյանի, կրտսեր սերժանտներ Էդուարդ Նահապետյանի, Արթուր Հարությունյանի, Արմեն Ավագյանի, շարքայիններ Վահրամ Վեքիլյանի, Սուրեն Ասիրյանի, Գևորգ Ղամբարյանի նվիրված ծառայությունը։

-Պետությունների ղեկավարներին, նախագահներին դիմավորելու ժամանակ, երբ զեկուցում եք՝ «Ի պատիվ Ձեր այցելության, պատվո պահակախումբը շարված է։ Քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն», նրանք որևէ ձևով արձագանքո՞ւմ են,- հարցնում եմ մայոր Վարդանյանին։

-Սովորաբար իրենց տպավորությունն են արտահայտում դիմավորողին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Եվ ես զգում եմ, որ տպավորությունը դրական է, եթե ոչ հիացական։ Ես դա շատ լավ զգում եմ։ Իսկ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի «դեֆիլեն» դիտելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանն ինձ հայտնեց, որ պարգևատրվում եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով։ Մի քանի օր անց պարգևատրումը կայացավ։

♦♦♦

Մինչ զինվորներն իրենց գրավոր մաղթանքներն էին բերում և հանձնում, զրուցեցինք նորակոչիկներից մի քանիսի հետ։

-Շարքային Նվեր Պապիկյան, Հաղարծին գյուղից եմ, արդեն քսան օր է, ինչ այստեղ եմ, շարունակում եմ հաղթահարել նախնական շրջանին հատուկ դժվարությունները։

-Արտակ Խաչատրյան, Զորական գյուղից եմ, Իջևանի համալսարանի ուսանող եմ, արդեն 35 օր է՝ ծառայում եմ, էլ ոչ մի բանից չեմ դժվարանում, կարողանում եմ ճիշտ քայլել, զենքը (կարաբինը) տեղաշարժել։ Ինձնից գոհ են։

-Թորոսյան Հովհաննես, Շիրակի մարզի Աշոցք գյուղից եմ, սովորում եմ Գյումրիի պետական ճարտարագիտական համալսարանում, ինձնից էլ առայժմ դժգոհ չեն։

Շարքային Վաչե Մարտիրոսյանը հունիսի սկզբին է զորակոչվել։ Նրան, որպես ջոկի հրամանատարի, ընդգրկել են նորակոչիկների հետ տարվող աշխատանքներում։

-Տղաները կամաց-կամաց հունի մեջ են մտնում, մինչև զինվորական երդումը դեռ ժամանակ կա, հավատացած եմ՝ բոլորն էլ այդ ժամանակ լավ կքայլեն, նույնիսկ շատերը կարող են մասնակցել բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։

ՏՈՂԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԻՑ

-Շնորհավորում եմ մեր երկրի նախագահին, նախարարին, մեր զորամասի հրամանատարին, սպաներին ու ենթասպաներին, սերժանտներին ու զինվորներին։ Բոլորին մաղթում եմ խաղաղ և ուրախ տարի։ Թող բոլորը լինեն առողջ և հաջողությամբ իրականացնեն իրենց նպատակները։ Համբերություն եմ ցանկանում բոլոր զինվորների ծնողներին ու հարազատներին։ Թող զինվորներն անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց օջախները։ Թող մեր Հայաստանը գալիք տարում տնտեսական առաջընթաց ունենա, որպեսզի երիտասարդներն ապրեն ու ստեղծագործեն հզոր ու ապահով երկրում։

Հայկազ Քամալյան

Պատվո պահակային վաշտի սերժանտական խորհրդի նախագահ, ավագ սերժանտ

♦♦♦

-Սիրելի հայրենակիցներ, սպաներ, զինվորներ, փառապանծ ազատամարտիկներ, ծառայակից ընկերներ, շնորհավորում եմ Ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ… 2013-ը թող հայկական ԶՈՒ համար լինի նոր ձեռքբերումների տարի։ Առողջություն, հաջողություն եմ մաղթում երկրի սահմաններն անառիկ պահող բոլոր զինվորներին, նրանց ծնողներին։ Հարգարժան ծնողներ, հպարտացեք ձեր որդիներով, քանզի մեր խաղաղ կյանքը Ձեր քաջ որդիներն են ապահովում։

Է. Նահապետյան

առաջին դասակի երկրորդ ջոկի հրամանատար,

կրտսեր սերժանտ

♦♦♦

-2013թ. մեր երկրի, մեր ժողովրդի համար խաղաղության, երջանկության տարի թող լինի։ Թող մեր բանակը է՛լ ավելի զարգանա, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ ունենա։ Թող մեր զինծառայող ընկերները միշտ լինեն առողջ, համբերատար, միմյանց հարգող ու սիրող, բոլոր հարցերում՝ իրար թև ու թիկունք։ Թող մեր հրամանատարները լինեն անփորձանք, շրջահայաց ու խիզախ, մենք էլ՝ նրանց միշտ լսող ու հարգող։ Թող մեր ծնողների աչքերում միայն երջանկության արցունքներ լինեն, և թող նրանք հպարտանան մեզնով, հիշեն, որ հայրենիքին արժանի զինվորներ են մեծացրել։ Բոլորին խաղաղություն եմ ցանկանում։

Հովհաննես Թորոսյան

պատվո պահակային վաշտի զինվոր, շարքային

♦♦♦

Հայրենիքին, ծնողներին, սպաներին, ծառայակից ընկերներին նմանատիպ մաղթանքներ էին հղել նաև շարքայիններ Ռոման Ավագյանը, Նվեր Պապիկյանը, Արտակ Խաչատրյանը, Անդրանիկ Հարությունյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #51 (967) 27.12.2012 – 2.01.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/12/2012