Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԱՎԻԱՑԻԱՅՈՒՄ



Չորս տարի առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իբրեւ խորհրդանշական ընծաներ, կոնյակներ հանձնեց զորամասերի հրամանատարներին, որից բաժին հասավ նաեւ գնդապետ Ս. Սիանոսյանին, ով ղեկավարում է ավիացիայի զորամասերից մեկը: Նախարարն ասաց` կոնյակը կբացեք ու կխմեք, երբ կկատարեք ձեր առջեւ դրված խնդիրը, երբ ինքներդ գոհ կլինեք արված գործից: Գնդապետ Սիանոսյանը որոշեց` կոնյակը կբացի, երբ իր հրամանատարությամբ գործող զորամասը դառնա լավագույնը ավիացիայում. «Այդպես էլ եղավ, մենք պարգեւատրվեցինք «ՀՀ ԶՈՒ ավիացիայի լավագույն զորամաս» պատվադրոշով, սակայն ես անձնակազմին ասացի` ներողություն, ես ոչ թե դավաճանում, այլ փոխում եմ որոշումը. կոնյակը կբացենք, երբ երկրորդ անգամ դառնանք լավագույնը: Երկրորդ անգամ էլ դարձանք, բայց կոնյակը փակ մնաց, որոշեցի երրորդ հաջողությունը նշել, բայց կոնյակը այդպես էլ չբացեցի, ոչ էլ այս տարի կբացեմ, թեեւ չորրորդ տարին անընդմեջ լավագույնն ենք ճանաչվում: Սա խաղային ազարտ չէ. տարեցտարի խնդիրները բարդանում են, պահանջները` խստանում, ձեռքբերումը պահպանելու, կատարելության հասնելու ձգտումն էլ մեծանում է»,-նշում է զորամասի հրամանատարը:

Գնդապետ Սիանոսյանը ասում է` իր գերխնդիրը եղել եւ մնում է անվտանգ թռիչքային գործունեությունը: Փորձառու, առաջին կարգի (կարող է թռչել գիշեր-ցերեկ պարզ եւ բարդ օդերեւութաբանական պայմաններում) ռազմական օդաչուն իր մասնագիտական գործունեությունն սկսել է 1992 թ. մայիսից. «Ընդունվել եմ Բալաշով քաղաքի բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան, ավարտել եմ ուսումս եւ վերադարձել Հայաստան: 1992 թ. մայիսին, լսելով Վ. Սարգսյանի կոչը` ստեղծել ազգային բանակ, համալրեցի հատուկենտ օդաչուների շարքերը, վերապատրաստվեցի ՄԻ -8 ուղղաթիռի վրա եւ սկսեցի թռիչքային գործունեությունս հայկական բանակում: 20 տարիների ընթացքում 2700 ժամից ավելի թռիչք եմ կատարել»:

Սիանոսյանը ինքնաթիռ ավելի շատ է սիրել, բայց ծանր տարիներ էին, ինքնաթիռ չկար, հարցրել են` ուղղաթիռ կուզե՞ս: Համաձայնել է, քանի որ օդաչուն չի կարող սպասել, նա առանց երկինք «տառապում է». «Այսօր չեմ կարող միանշանակ պատասխանել` ինքնաթի՞ռ, թե՞ ուղղաթիռ, քանի որ տարբեր հնարավորություններ ունեն, տարբեր խնդիրներ են կատարում: Ինքնաթիռը չի կարող վայրէջք կատարել այնտեղ, որտեղ ուղղաթիռը, իսկ ուղղաթիռն էլ չի կարող թռչել այնքան բարձր, որքան ինքնաթիռը: Մեր պայմանները լեռնային են, այստեղ իրեն «լավ է զգում» ուղղաթիռը, օրինակ՝ այն կարող է վայրէջք կատարել 30մ x 30մ մակերես ունեցող տարածության վրա, իսկ ինքնաթիռի համար վազքուղի է պետք, գոնե` գրունտային»:

Ի տարբերություն քաղաքացիական ավիացիայի օդաչուի, որի խնդիրը մեկն է` ուղեւորին կամ բեռը տեղափոխել մի կետից մյուսը, ռազմական օդաչուն մի քանի խնդիր է կատարում: Ըստ զորամասի հրամանատարի, սրանով է պայմանավորված մասնագիտության ռիսկայնության բարձր աստիճանը. «Գլխավոր խնդիրը կրակայինն է` լինի վերգետնյա, թե օդային նշանակետ, այնուհետեւ բեռների, զրահատեխնիկայի, անձնակազմի տեղափոխումը` մարտական գործողությունների ընթացքում այս կամ այն թեւը ուժեղացնելու համար, նաեւ` վիրավորների տեղափոխումը: Այս ամենին գումարվում է գերլարվածությունը, քանի որ մարտական գործողությունների ժամանակ թշնամին ցանկացած պահի կարող է խոցել»: Սիանոսյանը վստահ է` ռազմական օդաչուն պետք է լինի ազնիվ, կարգապահ, աչալուրջ եւ խիզախ, որպեսզի պատվով կատարի իր անչափ կարևոր ծառայությունը. «Այդ որակներով են օժտված իմ տեղակալը` փոխգնդապետ Սերգեյ Հարությունովը, մարտական ուղղաթիռային էսկադրիլիայի հրամանատար փոխգնդապետ Վասկովսկին, օդաչուներ` փոխգնդապետներ Խաչատրյանը, Իսախանյանը, մայորներ Սերգեյ Քեշիշյանը, Վիգեն Սարգսյանը եւ այլք»:

Գնդապետ Սիանոսյանը համոզված է, որ անձնակազմի հետեւողական ջանքերի, առաջադրանքների կատարման ընթացքում ցուցաբերած խոհեմության, ուսուցման համար հատկացված ժամանակի նպատակային օգտագործման շնորհիվ է, որ իրենք 4-րդ անգամ լավագույն արդյունք են գրանցում. «2012 թ. հագեցած էր ինչպես մարտական պատրաստության ծրագրով նախատեսված մարզումային թռիչքների, այնպես էլ տարբեր զորավարժությունների ժամանակ կատարած թռիչքների քանակով։ Եթե զինվորը կրակելով է փորձ ձեռք բերում, ապա օդաչուն` թռչելով: Մեր օդաչուներից շատերը պատերազմ չեն տեսել, բայց նրանք էլ թռիչքային գործունեության ընթացքում բազմաթիվ բարդություններ են հաղթահարել` տեխնիկայի խափանում, բարդ օդերեւութաբանական պայմաններ, եւ պատվով են դուրս եկել: Հրաձգարանում յուրաքանչյուր օդաչու իրեն պատկերացնում է մարտի դաշտում: Թեպետ թշնամի չկա, հակազդեցություն չկա, բայց մեր գործողությունները կազմակերպվում են այնպես, ինչպես պատերազմի ժամանակ: Այո, հրաձգարանը մնում է հրաձգարան, բայց չի կարելի ձեռք բերած փորձը թերագնահատել»:

Փորձ ձեռք բերելու համար հրամանատարը կարեւորում է զորավարժություններն ու համագործակցությունը այլ զորամասերի հետ. «Վարպետության կատարելագործման համար հնարավորություններն ու պայմանները 2012 թ. եղել են լիարժեք։ Ուզում եմ հատկապես առանձնացնել «Ռուբեժ-2012» զորավարժությունները, Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված զորահանդեսը, ռազմաբժշկական վարչության հետ ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ներկայացուցիչների համատեղ մարտավարամասնագիտական զորավարժությունը, Խաղաղապահ բրիգադի հետ առաջին հրաձգային գումարտակի օպերատիվ կարողությունների շրջանակներում ՆԱՏՕ-ի չափանիշներով առաջին մակարդակի ինքնագնահատման խաղաղապահ զորավարժությունը, որոնց ժամանակ մեր անձնակազմերն առաջադրանքը կատարեցին ճշտությամբ։ Հակաօդային պաշտպանության զորքերի համար իրականացրել ենք նախատեսված բոլոր շրջաթռիչքները` ստուգելով ՀՕՊ միջոցները, նաեւ փորձ ենք ձեռք բերել նույն այդ միջոցներից խուսափելու: Ամեն թռիչք ուսուցողական է մեզ համար, ամեն թռիչքից օդաչուն իր համար անպայման ինչ-որ հետեւություն է անում»:

2012 թ. մի քանի երիտասարդ օդաչուներ պատրաստվել եւ դարձել են Մի-24-ի հրամանատարներ: Նրանք մարտական գործողությունների մասնակցելու իրավունք են ստացել: Օդաչուները նախանցած տարի են ավարտել Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտը: Մի քանի օդաչուներ էլ դարձել են Մի-8-ի հրամանատարներ: Օդաչուներից հինգը ստացել են 3-րդ կարգի օդաչուի որակավորում, այսինքն՝ կարող են թռչել ցերեկը` պարզ օդերեւութաբանական պայմաններում, իսկ ոմանք սպասում են համապատասխան եղանակային պայմանների, որպեսզի ստուգողական թռիչք կատարեն եւ 2-րդ կարգի օդաչուի որակավորում ձեռք բերեն: Զորամասում լավագույնն է ճանաչվել մարտական ուղղաթիռային էսկադրիլիան, որի հրամանատարն է առաջին կարգի օդաչու փոխգնդապետ Վյաչեսլավ Վասկովսկին. «Նա Երեւանի թռիչքատեխնիկական ուսումնարանի առաջին շրջանավարտներից է, 2012 թ. ավարտել է ակադեմիական կուրսերը` ստանալով բարձրագույն զինվորական կրթություն, կարող է կատարել բարդ խնդիրներ»,-նշեց գնդապետ Սիանոսյանն ու առաջարկեց գնալ թռիչքահրապարակ:

***

Թռիչքահրապարակում մեզ դիմավորեց էսկադրիլիայի հրամանատար, ազգությամբ ռուս, փոխգնդապետ Վյաչեսլավ Վասկովսկին։ Նրա հրամանատարությամբ գործող էսկադրիլիան երեք անգամ ճանաչվել է լավագույնը ԶՈՒ ավիացիայում, 4 անգամ էլ` զորամասում: 2150 թռիչքաժամ ունի, որը ուղղաթիռի օդաչուի համար ծանրակշիռ ցուցանիշ է: «Ցույց տվեք ինձ, խնդրում եմ, Ձեր սիրելի ուղղաթիռը»: «Մենք՝ օդաչուներս, սնահավատ ենք, այդ դրսեւորումներից մեկն էլ այն է, որ հնարավորության դեպքում ամսվա 13-րդ օրը չենք թռչում, խուսափում ենք նաեւ ուղղաթիռները բնութագրել որպես «սիրելի» կամ մեկ ուրիշ բառով, կնեղանան: Այ, օրինակ, հենց հիմա թռիչքահրապարակում ուղղաթիռներից մեկի տեխնիկական վիճակն է ստուգվում, եւ ես ցավ եմ ապրում, որ այն այս պահին մարտական վիճակում չէ: Ուղղաթիռը ձեզ համար մեքենա է, բայց օդաչուներիս համար այն կենդանի մարմին է, ուստի ամեն անգամ աչքով շոյում եմ, ձեռքով բարեւում, քանի որ կյանքս նրան եմ վստահում»,-ասում է Վյաչեսլավ Վասկովսկին:

Էսկադրիլիայի հրամանատարը առաջին անգամ երկինք բարձրացավ 6 տարեկանում՝ հոր ուղեկցությամբ: Հայրը` ենթասպա Վալերի Վասկովսկին, եւս զինվորական է եւ մեծ հարգանք է վայելում օդաչուների շրջանում։ Պահեստազոր անցնելուց հետո էլ շարունակում է աշխատանքը եւ օգնում երիտասարդ օդաչուներին ու տեխնիկներին։ Վալերի Վասկովսկին դեմ էր, որ միակ որդին օդաչու դառնա, այն էլ զինվորական, բայց դա չխանգարեց, որ թռչելու երազանքը իրագործվի եւ դառնա կյանքի իմաստ: «Ինչո՞ւ ռազմական օդաչու»,-հարցնում եմ: «Պապս` Վիկտոր Վասկովսկին, Հայրենական պատերազմի մասնակից էր։ 1946թ. գործուղվեց Գյումրի, ծանոթացավ տատիս` ազգությամբ հայ Վալենտինայի հետ, որը զինվորական օդաչուների խոհարար էր։ Մեր ընտանիքում միշտ էլ մեծ հարգանք է եղել զինվորականների նկատմամբ, եւ երբ ես 1993թ. ավարտեցի Գյումրիի N8 միջնակարգ դպրոցը, որոշեցի հայկական առաջին զինվորական ուսումնական հաստատության` Երեւանի թռիչքատեխնիկական ուսումնարանի օդաչուական խմբի կուրսանտ դառնալ եւ ծառայել հայրենիքիս` Հայաստանին: Ես ինձ հայ եմ համարում, սա է իմ հողը, ուղղակի պապիս հանդեպ ունեցած հարգանքը թույլ չի տալիս փոխել ազգանունս»:

Փորձառու օդաչուի հրամանատարությամբ այսօր տասնյակից ավելի օդաչու եւ ուղղաթիռի անձնակազմ է գործում: Փոխգնդապետ Վասկովսկին նշում է, որ 4-րդ անգամ լավագույն էսկադրիլիա են ճանաչվել մայորներ Վիգեն Սարգսյանի, Արմեն Ապիկյանի եւ այլոց նվիրված աշխատանքի շնորհիվ: Ձեռք բերած հաջողությունները պահպանելու համար, ըստ փոխգնդապետ Վասկովսկու, անհրաժեշտ է չխնայել ուժերը, լինել համբերատար եւ ուշադիր մանրուքների նկատմամբ, ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվել եւ աշխատել վստահիր, աջակցիր, պահանջիր սկզբունքով: «Ո՞վ է շարունակելու զինվորական օդաչուի ձեր գործը»,- հարցնում եմ Վյաչեսլավին։ «Երկու աղջիկ ունեմ։ Վերոնիկան, որ հինգ տարեկան է, հպարտանում է իմ աշխատանքով եւ որոշել է օդաչու դառնալ` մեր բանակի առաջին կին ռազմական օդաչուն է լինելու (ժպտում է)»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #01 (968) 10.01.2013 – 16.01.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/01/2013