ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ի՞նչ ավանդույթներ ունի մեր բանակը: Տարողունակ հարց է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դրանց ձևավորումը դեռ ավարտված չէ, ուստի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2013թ. Տարեմուտի իր ուղերձում կոչ է անում վերջնականապես ձևավորել «Հայոց ազգային բանակի» ավանդույթները:
«Ավանդույթ»՝ «տրադիցիա» բառը ծագում է լատիներեն traditio՝ «փոխանցում» բառից և նշանակում է սոցիալական հաստատությունների ու նորմերի վերարտադրման այնպիսի մեխանիզմ, որի դեպքում այդ հաստատությունների ու նորմերի պահպանումը հիմնավորվում և օրինականացվում է անցյալում դրանց գոյություն ունենալու փաստով: Պարզ ասած՝ «եղել է, ուրեմն՝ պետք է լինի»:
Օրինակ՝ Ֆրանսիայի Արտասահմանյան լեգեոնի ավանդույթները բաղկացած են չորս սկզբունքից. ա) լավ ծառայելու ցանկություն, բ) պատվի զգացում և կարգապահություն, գ) հպարտություն՝ որակով արված գործի համար, դ) զոհվածների հիշատակի պաշտամունք: Արտասահմանյան լեգեոնի յուրաքանչյուր զինվոր պետք է առաջնորդվի այս սկզբունքներով, որպեսզի չխախտի ավանդույթը: Այլ կերպ ասած՝ ավանդույթին հետևելու գործողությունը չի բխում որոշակի նպատակից, այլ թելադրված է բացառապես անցյալում կատարված գործողությունները կրկնելու, վերարտադրելու հրամայականով, որը կարող է նաև գիտակցված չլինել (ռացիոնալ գործողություն չէ):
Հարց է ծագում՝ ինչի՞ համար է ավանդույթը, չէ՞ որ մարդը բանական էակ է՝ ունակ գործելու նպատակադրված: Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե, օրինակ, վերոնշյալ՝ լավ ծառայելու և կարգապահ լինելու ցանկությունը, պատվի ու հպարտության զգացումները և հարգանքը զոհվածների հիշատակի նկատմամբ պայմանավորված լինեն հայրենիքին ծառայելու վեհ նպատակով և ոչ թե ավանդույթով: Եթե կա հայրենիքին ծառայելու գիտակցված նպատակ, էլ ինչի՞ համար է լավ ծառայելու ավանդույթը:
Հայտնի է, որ զինվորական ավանդույթը բացառիկ նշանակություն ունի զինվորի կայացման գործում: Բրիտանացի ֆելդմարշալ Ուեյվել Արչիբալդ Փերսիվալն (1883-1950) ասել է. «Ինչքան էլ բարձր մակարդակ ունենա անհատի մարտական պատրաստականությունը, նա չի կարող լավ զինվոր լինել, քանի դեռ չի համակվել իր զորամասի ոգով և չի զգացել սերտ կապը նրա ավանդույթների հետ»: Մի ուրիշ բրիտանացի հրամանատար ասել է. «Որպես (1702 թվականից սկսած) բազմաթիվ փառապանծ հաղթանակներ տարած մարդկանց ժառանգորդներ՝ մենք պարզապես չենք կարող վախկոտ լինել: Մենք պարտավոր ենք մեր ճակատամարտերը հաղթել ցանկացած գնով, որպեսզի մարդիկ հետո ասեն. «Նրանք 32-րդ գնդի արժանավոր ժառանգորդներն էին»: Դա չափազանց մեծ նշանակություն ունի»:
Այս ասույթները հուշում են վերը ձևակերպված հարցի պատասխանը. քանի որ ավանդույթը ձևավորում է վարքագիծ՝ շրջանցելով գիտակցությունը, ապա այդ վարքագծի վրա չեն կարող ազդել այն գործոնները, որոնք ունակ են ազդելու մարդու գիտակցության վրա: Օրինակ՝ այն, ինչ չես անի թշնամու հանդեպ վախից, կանես ամոթից: Կամ այն, ինչ չես անի եսասիրությունից կամ թուլամորթությունից, կանես դավաճան կամ փոքրոգի համարվելու վախից: Այլ կերպ ասած՝ ավանդույթը, որպես վարքագիծ ձևավորող մեխանիզմ, ավելի հզոր է և արտաքին գործոնների նկատմամբ ավելի կայուն, քան զուտ ռացիոնալ նպատակադրումը: Հենց սրանով էլ պայմանավորված է ավանդույթի բացառիկ դերը մարդու կենսագործունեության այնպիսի ոլորտում, ինչպիսին զինծառայությունն է:
Զինվորական բարի ավանդույթների ձևավորումը կարող է մեր բանակում արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետ միջոց դառնալ: Օրինակ՝ նորակոչիկին ամեն ինչով աջակցելու ավանդույթը, «զինծառայողին հայհոյանքը վայել չէ» սկզբունքի, «մարտական հենակետում բոլորը եղբայրներ են» կարգախոսի գործադրումը և այլն: Նման «փոքր» ավանդույթներ հիմնելու համար բավական են հրամանատարի նախաձեռնությունը, վճռականությունն ու հետևողականությունը: Եվ, իհարկե, անձնական օրինակը:
Զուգահեռաբար պետք է պայքարել, որ բարի ավանդույթները չխախտվեն, իսկ արատավոր երևույթները ավանդույթ չդառնան: 1941թ. մայիսին գերմանացիների՝ Կրետե կղզին գրավելու ռազմագործողության ժամանակ բրիտանացի ծովակալ Էնդրյու Կաննինհեմի (1883-1963) շտաբը ծովակալին խորհուրդ է տալիս լքել Կրետե կղզում գտնվող բրիտանական ցամաքային զորքը, որպեսզի հնարավոր լինի պահպանել Թագավորական ռազմածովային ուժերի նավերը: Ծովակալը հրաժարվում է հետևել այդ խորհրդին՝ ասելով. «Ռազմածովային նավատորմին երեք տարի է պետք նավ կառուցելու համար, իսկ բարի ավանդույթը նորից արմատավորելու համար անհրաժեշտ է երեք հարյուր տարի»: Կղզու համար մղվող մարտերում ծովակալը 9 ռազմանավ է կորցնում:
Պետք է զգուշանալ միայն մի բանից. որպեսզի ավանդույթը չկաշկանդի նոր գաղափարների յուրացումը և չկաղապարի զինվորականի մտածելակերպը: «Թեպետ գովելի է ավանդույթներ պահպանելը զինվորական բարոյագիտության ոլորտում, նույնը չպետք է թույլ տալ ռազմական ղեկավարման մեջ»,- նկատել է գերմանացի ֆելդմարշալ Էրվին Ռոմմելը (1891-1944): Եվ նա միանգամայն իրավացի է. ռազմագիտությունն ու ռազմարվեստը արագորեն փոփոխվում են, և եթե կա մի ավանդույթ, որը պետք է պահպանել այդ ոլորտում, ապա նոր և պիտանի գաղափարները յուրացնելու ավանդույթն է:
«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»
Խորագիր՝ #01 (968) 10.01.2013 – 16.01.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում