Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ ԿԱՄ «ԱԶԵՐԻ» ՆԱԽԱԳԻԾԸ



Սկիզբը` նախորդ համարում

Իհարկե, միշտ էլ Ադրբեջանի քաղաքական վերնախավը ձգտել է ստեղծել սեփական պատմություն, հզոր անցյալ՝ թեկուզ այլոց հաշվին: Զարմանալի չէին անգամ խորհրդային շրջանի պատմական և գիտական զեղծարարությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղորդվում էին Մոսկվայից: Սակայն այլ բան է ընդհանրապես պատմական անցյալի կեղծումը, մեկ այլ բան այն գիտական մակարդակով աշխարհին հավաստի ներկայացնելը: ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի ղեկավարները, ունենալով տարբեր քաղաքական հայացքներ, այս հարցում հակասական դիրքորոշում ունեին: Ալիևների իշխանության վերազավթումից հետո տարվում է տոտալ խաբեության վրա հիմնված պատմության կեղծման քաղաքականություն: Սակայն այդ կերպ «ազերի» ինքնության ձևավորման հարցը վերջնական լուծվել չի կարող: Ադրբեջանցիների այն հատվածի համար, որոնք իրենց համարում են թուրք և ընդունում են «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսը, ներկայիս Ալիևյան պատմությունը բացարձակապես անընդունելի է: Նման տեսակետի կրողները ոչ պակաս, երբեմն ավելի ազգայնական ու հայատյաց են, սակայն ունեն սեփական պատկերացումները: Վերջիններս լավ գիտեն, թե ադրբեջանցի թուրքերն ովքեր են, և որ հազարամյա Ադրբեջանը հեքիաթ է: Նրանց և ներկայիս իշխանության միջև ևս կան ակնհայտ և թաքուն հակասություններ: Այստեղ տեղին է նշել Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադիի հայտարարությունը ադրբեջանցի ժողովրդի երակներում իրանական արյուն հոսելու և իսլամական գործոնի մասին: Գեներալն իր խոսքում նաև սպառնում էր Ալիևին:

Ադրբեջանցին «ազերի» դարձավ հեշտությամբ, ռուսերեն «ՈջպՐոՈռՊՋՈվպՓ» բառից: Խորհրդային ժողովուրդների ռուսաֆիլության շնորհիվ այն թեթև սղումով դարձավ «ՈջպՐ»-«ազերի»: Մինչդեռ Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունները իրականում շատ լավ գիտեն իրենց անցյալը և պատմությունը, որն էլ ամեն գնով աղավաղելու ալիևյան կլանի քաղաքականությունը միայն խանգարում է նրանց ինտեգրվելու ադրբեջանական հասարակությանը: Փոքրամասնությունների իրանական ծագումը, մշակութային ընդհանուր նկարագիրը, ինչպես նաև իսլամական հզոր գործոնն էապես խոչընդոտում են նրանց «ազերի» ինքնության մեջ ձուլելու Բաքվի քաղաքականությանը: Ալիևյան այս խառնաշփոթ փութանքով է պետք բացատրել նաև՝

1. ներքին հրահանգը` Ադրբեջանում չհիշել Մամեդ Էմին Ռասուլզադեին, որը շատերի համար Ադրբեջանի հիմնադիրն է համարվում:

2. Անընդհատ յուրացվում է տարածաշրջանի բոլոր ազգերի մշակութային ժառանգությունը:

3. Մի առանձին թեմա է ադրբեջանական լեզվի և այբուբենի խնդիրը:

4. Վերջերս Միլի մեջլիսի մի քանի պատգամավորների առաջարկը երկիրը վերանվանել Հյուսիսային Ադրբեջան:

1926թ., այսինքն` Ադրբեջանի լեգիտիմացումից կարճ ժամանակ անց, Բաքվում, ինչը ևս պատահական չէ, կազմակերպվեց թուրքական աշխարհի գիտական խնդիրներին, այդ թվում նաև լեզվին ու ծագմանը նվիրված խորհրդաժողով: Նախ և առաջ քննարկվում էին միասնական այբուբենի և լեզվի հարցերը: Այս խնդիրը, իհարկե, կազմելով ազգային ինքնության առանցքը, չէր կարող լուծվել միանգամից և հապճեպ: 1992թ. սեպտեմբերին Ստամբուլում կայացավ թուրքական լեզվի առաջին միջազգային համագումարը: 2008թ. նոյեմբերին Ստամբուլում ստորագրվեց համաձայնագիր թուրքախոս պետությունների խորհրդարանական վեհաժողովի ստեղծման մասին, որի 2009թ. սեպտեմբերին Բաքվում կայացած առաջին լիագումար նիստում ընդունվեց Բաքվի հռչակագիրը, որով փաստվում էր եղբայրական պետությունների միասնական պատմության, մշակույթի, լեզվի և այլ ընդհանրությունների իրողությունը: Մասնավորապես՝ փաստվում է, որ թուրքերենը և իբր ներկայիս առանձին ադրբեջաներենը մի քանի այլ լեզուների հետ պատկանում են թյուրքական լեզուների օղուզական խմբին և լեզվի կառուցվածքային տարբեր մակարդակներում ունեն զգալի ընդհանրություններ:

Ազգաստեղծման փութանքի և ապաշնորհության պատճառով է, որ 1991թ. ի վեր Ադրբեջանը մի քանի անգամ փոփոխել է այբուբենը: Ինչպես գիտենք, այբուբենը խիստ կարևոր նշանակություն ունի ազգի լեզվամտածողության համար, որն էլ ինքնության հիմքն է:

Ադրբեջանում քաղաքական վերնախավի մի մասը կողմ է լեզվաքաղաքականության միջոցով ամբողջ թյուրքական աշխարհը միավորելու գաղափարին: Թուրքիայի թուրքերենի հիմքի վրա ստեղծվելիք ընդհանուր թուրքերեն լեզվի գաղափարը` որպես պանթուրքական գաղափարախոսության փայլուն դրսևորում, հավանության է արժանանում նաև որոշ ազդեցիկ մտավորականների շրջանում: Մասնավորապես` Ադրբեջանի գրողների միության նախագահ Անար Ռեսուլօղլուն արդեն 15 տարի շարունակ պնդում է, որ թուրքական աշխարհում յուրաքանչյուր լեզու պետք է պահպանի իր հարստությունն ու առանձնահատկությունը, սակայն Թուրքիայի թուրքերենը պետք է լինի ընդհանուր լեզու: Անարը բերում է հետևյալ հիմնավորումը. «Թուրքիան մի երկիր է, որը մշտապես պահպանել է իր անկախությունը, ունի պետականության ավանդույթներ և զարգացած լեզու: Ես խորհուրդ եմ տալիս սովորել թուրքերեն»: Ադրբեջանի մտավորականության զգալի մասը թուրքերենը դիտում է որպես զարգացած լեզվի օրինակ: Միլի մեջլիսի պատգամավոր, Բաքվի Աթաթուրքի կենտրոնի նախագահ պրոֆեսոր Նիզամի Ջաֆարովը նշում է. «Յուրաքանչյուր ազգ ցանկանում է, որ իր լեզուն լինի ընդհանուր: Բայց նման հարցերը պետք է քննարկեն լեզվաբանները` բարձր մակարդակով: Եվ իմ կարծիքն այն է, որ Թուրքիայի թուրքերենից բացի հնարավորություն չունենք ընտրելու այլ ընդհանուր լեզու»: Նա առաջ է քաշում հիմնականում երկու պատճառ. «Թուրքիայի թուրքերենն առաջադիմական, զարգացած լեզու է, քանի որ ամենաարևմտյան լեզուն է: Մենք` թյուրքերս, մշտապես ձգտում ենք արևելքից գնալ դեպի արևմուտք», և «աշխարհում ապրող 250 միլիոն թուրքերի կեսը հասկանում է Թուրքիայի թուրքերենը»: Ադրբեջանում, սակայն, ոմանք հակառակում են՝ թուրքերեն բառերը համարելով օտար, ուստի և քաղաքական վերնախավին կոչ են անում վերահսկել Ադրբեջանում ընթացող բացարձակ թուրքացման գործընթացը:

2008թ. հունվարի 1-ից ադրբեջանական հեռուստաալիքներով օտար լեզուներով, այդ թվում` թուրքերենով, հաղորդումների հեռարձակումներն արգելելու մասին Ադրբեջանի Ազգային ռադիոհեռուստատեսության խորհրդի որոշումը նոր բովանդակություն տվեց ընդհանուր թուրքական լեզվի ստեղծման և ադրբեջաներենի` որպես պետական լեզվի պահպանման շուրջ քննարկումներին: Որոշումը բուռն արձագանք առաջ բերեց թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում, որի հրապարակումից հետո ադրբեջանական մամուլի էջերում հայտնվեցին հեգնական հոդվածներ, վերլուծություններ. «Իսկ ու՞ր մնաց «Մեկ ազգ` երկու պետություն» գաղափարը: Սա ի՞նչ կատակ է»: Թեմայի առնչությամբ Ադրբեջանի Միլի մեջլիսում հրավիրված նիստի ժամանակ «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը քննադատեց այդ որոշումը. «Մեկ ազգը չի կարող ունենալ երկու լեզու: Մենք ունենք մեկ դաշնակից և եղբայր. դա Թուրքիան է: Չմոռանանք, որ մեր դրոշի վրա ծածանվում է թյուրքականության խորհրդանշանը: Ադրբեջանում բոլորը հասկանում են թուրքերեն, ով էլ չի հասկանում, նրա խնդիրն է»: Ադրբեջանի վեց կուսակցություններ միավորող Ազգայնական միության ղեկավար Վյուգար Բեյթուրանը խորհրդի որոշումը համարեց հարված ազգային շահերին: Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ միանշանակ չէ:

Շարունակելի

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #02 (969) 17.01.2013 – 23.01.2013, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


17/01/2013