ԱՄԵՆ ԻՆՉ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվս մի տարի անցավ պատմության գիրկը։ Երբ հին ու նոր տարիները հանդիպեցին իրար, մոլորակի բոլոր անկյուններում մարդիկ բարձրացրին գավաթները և աշխարհի տարբեր լեզուներով ամենաշատը հնչեց հենց այս բարեմաղթանքը՝ թող աշխարհում խաղաղություն լինի, թող խաղաղ լինեն հողն ու մարդկանց սրտերը։
Դեռ հին ժամանակներից ձիթենու ճյուղը համարվել է խաղաղության խորհրդանիշ և հենց զուտ գործնական առումով։ Արյունահեղ պատերազմների ժամանակ մշտապես ոչնչանում էին ձիթենու պուրակները, որն էլ հանգեցնում էր սովի և մահվան։ Խաղաղության խորհրդանիշ ձիթենու կյանք նշանակում էր կյանք նաև մարդկանց համար։
♦♦♦
Դարեր ի վեր թռչունների շատ տեսակներ համարվել են պաշտամունքի առարկա։
Աղավնին որպես խաղաղության խորհրդանիշ հայտնի է դեռևս համաշխարհային ջրհեղեղի ժամանակից, երբ աղավնին Նոյի տապան բերեց ձիթենու ճյուղը, այսինքն՝ ջրհեղեղը վերջացել է։ Բոլորին է հայտնի Պաբլո Պիկասոյի «Խաղաղության աղավնի» հանրահայտ կտավը, որը ականավոր նկարիչը վրձնել է 1949թ. Խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսի առաջարկով՝ որպես խաղաղության խորհրդանիշ (ի դեպ, Պիկասոն իր աղջկան անվանել է Պալոմա, ինչը իսպաներեն թարգմանաբար նշանակում է մարի (էգ) աղավնի)։
♦♦♦
Պատերազմի աստված Մարսը պատրաստվում էր արշավանքի, սակայն, երբ վերցրեց սաղավարտը, տեսավ, որ այնտեղ բույն է դրել աղավնին։ Տեղի տալով սիրո աստվածուհի Վեներայի հորդորներին, Մարսը չքանդեց աղավնու բույնը և հրաժարվեց հերթական արյունահեղ մտադրությունից։
♦♦♦
Հնում մարդիկ կարծում էին, որ աղավնին լեղապարկ չունի, իսկ լեղին դեռ Հիպոկրատի ժամանակներից համարվում էր չարի, կռվասիրության պատճառ։ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում քաղաքական այն գործիչներին, ովքեր նախապատվություն տալիս են ռազմական գործողությունների ծավալմանը, անվանում են ճուռակներ (hawks), իսկ խաղաղասեր քաղաքական գործիչներին՝ աղավնիներ (doves)։
Թեև էթոլոգների կարծիքով՝ աղավնիների ընտրությունը որպես խաղաղության խորհրդանիշ մի փոքր տարօրինակ է, քանզի աղավնիները համարվում են բավականին ագրեսիվ թռչուններ և հաճախակի են կռիվ անում սննդի, բնակալելու համար։
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ «ՊԱՑԻՖԻԿ» ՆՇԱՆԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
(pacific անգլ. – խաղաղ, հաշտ, խաղաղասեր)
1958թ. փետրվարի 21-ին Արվեստի բրիտանական թագավորական քոլեջը «Ընդդեմ ատոմային զենքի տարածման քարոզարշավի» համար լավագույն խորհրդանիշների մրցույթ հայտարարեց։ Հաղթեց անգլիացի պրոֆեսիոնալ նկարիչ և դիզայներ Ջերալդ Հոլթոմի ներկայացրած նկարը, որն էլ հետագայում դարձավ խաղաղության համար պայքարողների խորհրդանիշը։ Մշակման փուլում Հոլթոմը փորձել է միավորել երկու տառեր, որոնք ռազմածովային ազդանշանային համակարգի N (nuclear – միջուկային) D (disarmament – զինաթափում) տառերն էին։ Առաջին անգամ այն օգտագործվել է Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում հակառազմական երթի ժամանակ։
Խաղաղության խորհրդանիշի ստեղծող Հոլթոմը հետագայում խոստովանել է. «Ես նկարել եմ հուսահատության մեջ գտնվող մարդուն, որը անզորությունից ձեռքերը թևաթափ կողմ է տարածել, և նկարել եմ շրջանակ»։ Խաղաղության պացիֆիկ խորհրդանիշը լայն տարածում գտավ շնորհիվ իր պարզության, և այն շուտով «կտոնի» իր 55-ամյակը։ Ըստ մեկ այլ վարկածի՝ այդ նշանը աղավնու թաթի հետքն է։
♦♦♦
Արևելյան երկրներում աղավնին համարվում է սուրբ թռչուն և Աստծու լրաբեր։ Համարվում է, որ սատանան և կախարդները կարող են ընդունել ցանկացած կերպարանք, բացի աղավնու և ոչխարի կերպարանքից։
♦♦♦
Մեզանից շատերը լուսանկարվելու ժամանակ կիրառում են հետևյալ ժեստը, որը նույնպես համարվում է խաղաղության խորհրդանիշ։
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ
Այս մրցանակը շնորհվում է այն մարդկանց, կազմակերպություններին, որոնք մեծ ավանդ են ներդրել խաղաղության պահպանման, ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։ Խաղաղության Նոբելյան մրցանակին են արժանացել Ռուզվելտը, Մարտին Լյութերը, Մայր Թերեզան, Գորբաչովը, Յասիր Արաֆաթը, Քոֆի Անանը։
Հ.Գ. -Եվ մարդն ասաց Նոր տարուն. «Եկ, լույս ու խաղաղություն թափիր իմ երկրից, մնացածը ինքս կանեմ՝ աշխարհը պահելով առատության մեջ»։
ԱՍՈՒՅԹՆԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Խաղաղության հասնում են լոկ այն դեպքում, եթե կարողանում են այն պարտադրել։
Ռեմի դե Գուրմոն
♦♦♦
Խաղաղությունը և ազատությունը բարիքներից մեծագույններն են։
Սիլիոս Իտալիկոս
♦♦♦
Խաղաղությունն այնքան բարերար է, որ բառն ինքը շոյում է լսողությունը։
Ցիցերոն
♦♦♦
Աշխարհում համընդհանուր խաղաղություն կտիրեր, եթե չլինեին «իմը» և «քոնը» հասկացությունները։
Հենրի Ֆիլդինգ
♦♦♦
Յուրաքանչյուր պայմանագիր ավելի շուտ ժամանակավոր դադար է, քան իսկական խաղաղություն։
Ժան Ժակ Ռուսո
♦♦♦
Զենքը խաղաղություն է ընծայում։
(շոտլանդական)
♦♦♦
Պատերազմի համար պատրաստվել, այսինքն՝ խաղաղություն պահպանել։
Ջորջ Վաշինգտոն
Պատրաստեց՝ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #02 (969) 17.01.2013 – 23.01.2013, Պատմության էջերից