ԿԱՊԱՆԻ ԲՐԻԳԱԴԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Զորամասի ստեղծման 20-ամյակի առթիվ
1988թ. սկսված արցախահայության ազատատենչ բաղձանքը արագորեն վերաճեց ազգային ազատագրական հզոր շարժման, հանգեցնելով հայ-ադրբեջանական հակամարտության և լայնամասշտաբ ռազմական գործողությունների ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում:
Աշխարհագրական դիրքի տեսակետից /երկու կողմից շրջափակված լինելով ադրբեջանական հարակից տարածքներով/ թերևս ամենաանմխիթար վիճակում հայտնվեցին Կապանի, Գորիսի և Մեղիի շրջանները:
Կապանի սահմանամերձ գյուղերի և Կապան քաղաքի բնակչության անվտանգությունն ապահովելու գործընթացին առաջինը ձեռնամուխ եղավ Կապանի ՆԳ բաժնի ողջ անձնակազմը, ՆԳ բաժնի պետ Է. Բարսեղյանի գլխավորությամբ: Այնուհետև Կապան եւ Քաջարան քաղաքներում ստեղծվեցին Երկրապահ կամավորական ջոկատներ /հրամանատար Արամայիս Հարությունյան, Սուրիկ Հովսեփյան/: Երկրապահին կից գործում էր գնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանի կազմավորած հրետանային ստորաբաժանումը, որի հրամանատարն էր Սամվել Պողոսյանը, եւ որը հետագայում համալրեց և ընդլայնեց ՊՆ հրետանու վարչության առաջին պետ գեներալ-մայոր Վ. Հայրապետյանը, ՀՀ ՆԳ հատուկ գնդի Կապանի սահմանապահ վաշտը` հրամանատար Ռաֆիկ Ասրյան, ՆԳ Կապանի պահպանության բաժնի գումարտակը` բաժնի պետ գնդապետ Օնիկ Ստեփանյան, գումարտակի հրամանատար` Լեոնիդ Գրիգորյան, սահմանամերձ գյուղերում ստեղծվեցին ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք գործում էին պահի թելադրանքով՝ չունենալով փոխգործակցության եզրեր և ընդհանուր նպատակային ծրագիր:
Կապան- Գորիս ճանապարհը դարձավ վտանգավոր անցանելի, ինչից ելնելով նշված մայրուղու երթևեկությունը իրականացվում էր ավտոշարասյուների միջոցով, որոնց անվտանգությունը ապահովում էին Կապանի և Գորիսի սահմանապահ վաշտերը: 1991թ. հունվարից վերջնականապես փակվեց Կապան-Գորիս մայրուղին, և Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքները արտաքին աշխարհի հետ կապ ունեին միայն Աղվանի-Տաթև անավարտ ճանապարհի միջոցով, որը կոչվեց /կյանքի ճանապարհ/: Կապան քաղաքը և նրա սահմանամերձ գյուղերը հայտնվեցին պատերազմական իրավիճակում:
Իրավիճակից ելնելով՝ Կապանի հիվանդանոցը գործել սկսեց նկուղներում և որպես հոսպիտալ իր շտապ օգնության ծառայության հետ ջանք չխնայեց թե՛ զինվորներին և թե՛ քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերելու համար: Բուժօգնության ցուցաբերման գործում առավել աչքի ընկան կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նիկոլայ Աղախանյանը, բժիշկներ Ռոմա Սարգսյանը, Էլման Ամիրյանը, Աշոտ Պետրոսյանը եւ ուրիշներ:
1992թ. ապրիլի 24-ից Կապանի տարածաշրջանում սահմանային ընդհարումները վերաճեցին իրական մարտական գործողությունների: Շատ կարճ ժամանակահատվածում Կապանի զինվորական կոմիսարիատում Մուրազ Սարգսյանի և զինկոմներ Գենադի Դավթյանի, Վալերի Քոչարյանի ղեկավարությամբ հավաքագրվեց և ձևավորվեց Կապանի թիվ 100 առանձին մոտոհրաձգային ինքնապաշտպանական գումարտակը` հրամանատար Արամայիս Ավանեսյան, որը անմիջապես ձեռնամուխ եղավ շրջանի ինքնապաշտպանությանը:
1992թ. հունիսին Յուրի Խաչատուրովը Լուսակերտի զորամասի անձնակազմով գործուղվեց Գորիսի, Կապանի, Մեղրիի շրջաններ և զորամասի ստորաբաժանումներով ամրացնելով դիրքերը` համակարգեց պաշտպանական ուժերի ղեկավարումը: Այդ ընթացքում Սյունիք գործուղվեցին մի շարք բարձրաստիճան զինվորականներ՝
Միքայել Հարությունյանը
Վալերի Գրիգորյանը
Մուրազ Սարգսյանը
Հրաչ Անդրեասյանը
Միքայել Գրիգորյանը
Արտյուշա Հարությունյանը
Վլադիմիր Հայրապետյանը՝ իրենց անձնակազմերով և սպառազինությամբ:
FFF
Զանգվածաբար հրետակոծվում էին Կապան քաղաքն ու սահմանամերձ Ներքին Հանդ, Ծավ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ, Սյունիք, Ագարակ, Եղվարդ, Կաղնուտ, Դավիթ-Բեկ և Ուժանիս բնակավայրերը: Կառուցված հողային պատնեշները և անցողիկ ճանապարհները ի զորու չէին ապահովելու և երաշխավորելու բնակչության անվտանգությունը: Օրակարգային խնդիր էր` հավաքագրել գործող բոլոր խմբերն ու ջոկատները, մեկտեղել նրանց գործողությունները և միջոցներ ձեռնարկել վերացնելու հակառակորդի առավել վտանգավոր հենակետերը:
Խնդիրն իրականացնելու նպատակով 1992թ. նոյեմբերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Անդրեասյանը մշակեց ռազմավարական ծրագիր, որը նպատակաուղղված էր թշնամուն շրջանի հարակից տարածքներից դուրս շպրտելուն եւ Կապանը հրետակոծությունից փրկելուն: Օպերացիայի ղեկավար նշանակվեց գնդապետ / այժմ գեներալ – գնդապետ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ / Յուրի Խաչատուրովը, հրետանու պետ գնդապետ (այժմ գեներալ-լեյտենանտ) Մ. Գ. Գրիգորյանը: Նշված օպերացիայի նախապատրաստական և հետախուզական աշխատանքները անձամբ իրականացրեց գնդապետ Մ. Գրիգորյանը: Միաժամանակ Յու. Խաչատուրովի գլխավորությամբ, Կապանում ստեղծվեց օպերատիվ շտաբ, որտեղ իրականացվում էին կազմակերպչական բոլոր աշխատանքները: Նշված կարևորագույն մարտական խնդիրները իրականացվեցին 1992թ. դեկտեմբերի 10-ին, մարդկային փոքրաթիվ կորուստներով, որից հետո Կապան քաղաքը վերագտավ իր բնականոն կյանքը` դուրս գալով ապաստարանային աղետալի վիճակից: Վերը նշված գործողությանը մասնակցում էին նաև Սիսիանի, Գորիսի եւ Մեղրիի երկրապահ ջոկատները համապատասխան ուղղություններով: Բացվեցին Ներքին Հանդ, Ծավ, Ագարակ և Եղվարդ գյուղերի ճանապարհները, սակայն թշնամին չէր հանգստանում. 1992թ. դեկտեմբերի 12-ին թշնամու երկու ռմբակոծիչներ ներխուժեցին Կապանի օդային տարածք և ռմբակոծության ենթարկեցին քաղաքը: Զոհվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ: Դեկտեմբերի 24-ին թշնամու ուժերը գաղտագողի և անսպասելի մտան Ագարակ, սակայն կարճ ժամանակահատվածում Քաջարանի ստորաբաժանման և ագարակցիների համագործակցության արդյունքում հակառակորդը խուճապահար փախուստի մատնվեց` տալով մարդկային և զրահատեխնիկայի կորուստներ: Հասունացել էր պահը Միասնական պաշտպանական գործողություններ վարելու նպատակով Կապանում ստեղծելու զորամիավորում և համակարգելու բոլոր ուժերը: 1993թ. հունվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորվեց ԱՄՀԲր-ը, որի կազմի մեջ մտան տարածքում գործող բոլոր զինվորական ստորաբաժանումները: Յուրի Խաչատուրովի միջնորդությամբ հրամանատար նշանակվեց գնդապետ Միքայել Գրիգորյանը, շտաբի պետ` գնդապետ Սերգեյ Կարապետյանը, սպառազինության գծով տեղակալ` գնդապետ Գալուստ Գալստյանը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ` կապիտան Սարգիս Ներսեսյանը, թիկունքի պետ` Գառնիկ Գրիգորյանը, հրետանու պետ ` մայոր Ալիկ Հովսեփյանը:
Շարունակելի
ՆՈՐԱՅՐ ՄԻՆԱՍՅԱՆ
բրիգադի նախկին ԽՀՏՄ հրամանատար
ավագ լեյտենանտ