Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



Ամանորն ու Սուրբ Ծննդյան տոնը հավուր պատշաճի նշվեցին նաև գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման բոլոր ստորաբաժանումներում: Զորամիավորման ենթակա զորամասերում, գումարտակներում և դիվիզիոններում Ամանորի գիշերը տիրում էր տոնական տրամադրություն. հանգստի սենյակներում վառվում էին լույսերով ողողված, զարդարուն տոնածառերը, գեղեցիկ սփռոցների վրա տոնական սեղաններ էին բացվել, հրաշալի կազմակերպված ամանորյա զվարթ միջոցառումների շարքը հաջորդում էր մեկը մյուսին, ուրախացնում զինծառայողներին, նրանց սրտերը լցնում օջախի ջերմությամբ, քաղցրությամբ ու սիրով: Ամանորի հուզիչ ակորդները հասել էին մինչև սահմաններ: Ոմանք հերթապահության վայրում էին դիմավորում Նոր տարին, ոմանք նոր էին վերադարձել հերթապահությունից: Երգում էին, նվագում, պարում հայոց քաջերի պարերը…

Զորամիավորման հոգևոր սպասավորները տարեմուտի իրենց օրհնանքը բերեցին զինծառայողներին՝ շնորհավորեցին նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ Աստված Հայոց երկրին բարօրություն, զինծառայողներին անփորձանք ծառայություն տա:

Ամանորի գիշերը զորամիավորման ստորարաբաժանումներ էր այցելել զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։ Նա ջերմորեն շնորհավորեց զինվորներին և սպաներին, նրանց ընտանիքներին մաղթեց առողջություն, երջանկություն, ծառայական հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ:

Զորամիավորման ենթակա զորամասերի անձնակազմերի հետ Ամանորը նշեցին նաև զորամիավորման հրամանատարի տեղակալները, որոնք տարբեր զորամասերի պատասխանատուներ էին նշանակվել:

…Անձնակազմի մարտական ոգին բարձր էր, զինվորներն ու հրամանատարները ուրախ պահերին անգամ չէին կորցնում սահմանապահին հատուկ զգոնությունը՝ գիտակցելով իրենց գործի լրջությունը և պատրաստ ցանկացած պահի հակառակորդի դավադիր ոտնձգության դեմն առնելու: Բոլորը հպարտ էին, որ ծառայելով Հայոց բանակում, ապահովում են իրենց օջախների խաղաղությունը, և որ իրենց շնորհիվ հայ ժողովուրդը Ամանորը դիմավորում է խաղաղ:

Զինվորներին հնարավորություն տրվեց զանգահարելու իրենց հարազատներին:

Զորամասի և զորամիավորման հրամանատարության շնորհավորանքներից և բարեմաղթանքներից հետո անձնակազմը տոնական սեղանների շուրջ ունկնդրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախագահի՝ ժողովրդին ուղղված շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքերը: Ժամացույցի զարկերի ներքո հնչեց հանրապետության հիմնը, որին հաջորդեց ուրախ տոնակատարությունը:

Ամանորի գիշերը, ինչպես նաև մինչև Սուրբ Ծնունդն ընկած ժամանակահատվածում զորամիավորումում որևէ արտակարգ դեպք կամ պատահար չի գրանցվել, ինչը սպայական անձնակազմի հետևողական աշխատանքի արդյունքն է:

Զորամիավորումը թևակոխեց 2013 թվականը առանց միջադեպերի` նորանոր նվաճումների և ձեռքբերումների աներեր հավատով:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #02 (969) 17.01.2013 – 23.01.2013, Ազգային բանակ


17/01/2013